Այսօր Ստրասբուրգում՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի շենքում, մամուլի ասուլիս էր հրավիրել 2006-2012թթ. Եվրախորհրդում Ադրբեջանի դեսպան Արիֆ Մամադովը: Նա լեփ լեցուն լսարանի առջև մեղադրանքներ ներկայացրեց Ադրբեջանի ղեկավարությանը:
Aravot.am-ի հետ զրույցում ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Միքայել Մելքումյանը տեղեկացրեց, որ Մամադովը մեղադրանքներ է հնչեցրել Ադրբեջանի ղեկավարության հասցեին՝ հայտարարելով, որ նա տարիներ շարունակ վարում էր այսպես կոչված խավիարային քաղաքականություն Եվրախորհրդի տարբեր պատգամավորների հետ և վեհաժողովի ղեկավարության հետ հօգուտ Ադրբեջանի. «Մամադովը կոնկրետ փաստերով ներկայացրեց այն, որ ինքը ժամանակին ԵԽԽՎ քարտուղարությանը զգուշացրել է նաև, որ Ադրբեջանի կողմից նման քայլեր են կատարվում, սակայն սայլը տեղից չի շարժվել»:
Պարոն Մելքումյանը շեշտեց՝ ասուլիսին ներկա էին ոչ միայն լրագրողներ, այլև տարբեր երկրների 50-ից ավելի պատվիրակներ: Միքայել Մելքումյանի փոխանցմամբ՝ այն հարցերին՝ կարո՞ղ է ներկայացնել փաստեր, Մամադովը պատասխանել է, որ ըստ ընթացակարգի բոլոր ապացույցները կներկայացվեն:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ