ԵԽ փորձագետներին հետաքրքրում է՝ հանրությունը կո՞ղմ է խոշորացմանը:
Հայաստանի համայնքների միության գրասենյակում հունիսի 25-ին տեղի ունեցավ Եվրոպայի խորհրդի փորձագետների հետ հանդիպում:
SOSE international կազմակերպության փորձագետներ Վիերի Սերիանիի, Ֆրանսեսկո Փորսելիի, Մարկո Ստրադիոտտոյի հետ հանդիպմանը քննարկվեցին համայնքների խոշորացման, Ֆինանսական համահարթեցման, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման փոխհարաբերությունների հետ կապված խնդիրներ:
Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը, ներկայացնելով միության գործունեությունը, գործառույթները, նշեց. «Մեր հիմնական նպատակը ՀՀ սահմաններում և սահմաններից դուրս համայնքների միասնական ձայնը ներկայացնելն է: Անցած 20 տարիներին մեր հիմնական ձեռքբերումը տեղական իշխանությունների պաշտպանվածությունն է, քանի որ գալով խորհրդային համակարգից՝ մեզ մոտ կա այն մտայնությունը, որ տեղական իշխանությունը կենտրոնական իշխանության շարունակությունն է»:
Պարոն Երիցյանը մտահոգություն հայտնեց. «2009-ից ի վեր համայնքներին մենք նոր լիազորություններ և ֆինանսական աղբյուրներ չենք փոխանցել»:
Փորձագետներին հետաքրքրեց՝ կո՞ղմ են խոշորացմանը, պարոն Երիցյանը պատասխանեց. «Վարչատարածքային փոփոխությունների ժամանակ կարևոր է բնակչության կարծիքը հաշվի առնելը։ Ընդունում ենք նաև, որ, անկախ համայնքի բնակչության կարծիքից, վարչատարածքային փոփոխությունը կառավարության բացառիկ իրավասությունն է: Բայց միևնույն ժամանակ ցանկացած խոշորացման ժամանակ պետք է երաշխավորվի համայնքների լսված լինելու իրավունքի ապահովումը: Սահմանադրությունը պահանջում է որոշում կայացնելուց առաջ լսել համայնքի կարծիքը: Սակայն վերջին երկու խոշորացման փուլերն իրականացվեցին առանց բնակչության կարծիքը հաշվի առնելու: Խոշորացումը չպետք է ինքնանպատակ լինի»։
Հայաստանի համայնքների միություն