Վաշինգտոն – Ամերիկայի հայկական համագումարի (Համագումար) հաղորդմամբ՝ Սենատի հատկացումների հանձնաժողովն ընդունեց 2019 ֆինանսական տարվա Պետության, արտաքին գործառնությունների և հարակից ծրագրերի հատկացումների մասին օրինագիծը, որը Հայաստանին շարունակական ֆինանսավորում է ապահովում և աջակցում Արցախում (Լեռնային Ղարաբաղ) մարդասիրական ծրագրերի իրականացմանը:
Օրինագծի զեկույցի ձևակերպմամբ, որը առաջադրել էր սենատոր Քրիս Վան Հոլենը (դեմոկրատ, Մերիլենդ)՝ «Հանձնաժողովը շարունակում է մտահոգվել Ադրբեջանի և Հայաստանի միջև երկարատև հակամարտությամբ, սատարում է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Մինսկի գործընթացին և աջակցում մարդասիրական ու առողջապահական ծրագրեր, որոնք ֆինանսավորվում են այդ հակամարտության տուժածների վերաբերյալ ակտով, այդ թվում` տարածաշրջանային վերականգնողական կենտրոնների համար՝ հոգ տանելու ֆիզիկական և մտավոր հաշմանդամությամբ մանուկների, երեխաների և մեծահասակների մասին»: Ընդհանուր առմամբ օրինագիծը նաև 3.4 միլիարդ ԱՄՆ դոլար տրամադրում է Միգրացիայի և փախստականների օգնության համար:
Ավելի վաղ այս ամիս, Սենատի հատկացումների հանձնաժողովին ուղղված իր վկայությունում Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին կոչ էր արել, ի թիվս այլ առաջնայնությունների, խոշոր ֆինանսավորում տրամադրել Արցախին` վերջինիս ժողովրդի` առկա մարդասիրական և զարգացման կարիքները հոգալու համար, ինչպես նաև հավելյալ ֆինանսավորում Հայաստանին՝ փախստականների օժանդակության ծրագրերի համար:
Հանձնաժողովը ձևակերպում էր ներառել, որով զգուշացնում է Թուրքիային Ռուսաստանից ռազմական համակարգեր ձեռք բերելու հետ կապված: Ռուսական արտադրության ռազմական տեխնիկան պոտենցիալ սպառնալիք է հանդիսանում ԱՄՆ-ի համար տարածաշրջանում: Սենատոր Վան Հոլենի առաջնորդությամբ և Պետական և արտաքին գործառույթների հատկացումների ենթահանձնաժողովի նախագահ Լինդսի Գրեհեմի (հանրապետական, Հարավային Կարոլինա) աջակցությամբ՝ Հանձնաժողովը լրացում է ընդունել, որը հստակ կերպով կարգելի դրամական միջոցներ ծախսել 2019 ֆինանսական տարվա, ինչպես նաև նախորդ ֆինանսական տարիների, բյուջեից, F-35 բազմանշանակետային կործանիչների տեղափոխումը, կամ տեղափոխման օժանդակումը Թուրքիա՝ մինչև Պետքարտուղարը կհաստատի, որ Թուրքիան չի գնում և չի ընդունի ռուսական S-400 հակահրթիռային պաշտպանության համակարգի փոխադրումը:
Նախագահ Լինդսի Գրեհեմը քննարկման ժամանակ նշել էր. «Շատ տարօրինակ եմ համարում, որ ապրում ենք մի ժամանակաշրջան, երբ ՆԱՏՕ-ի դաշնակիցը Ռուսաստանից գնում է հակահրթիռային պաշտպանության համակարգեր: Սա ամենևին իմ պատկերացրած ՆԱՏՕ-ն չէ …»:
Ըստ սենատոր Վան Հոլլենի մամլո հաղորդագրության՝ «պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ նշել են, որ եթե Թուրքիան գործարկի և F-35-ը, և S-400-ը, կարող է փորձության ենթարկվել F-35-ի անվտանգությունը, ներառյալ օդանավի գաղտնի հնարավորությունները, և ռազմավարական սպառնալիք ներկայացնի Միացյալ Նահանգների համար: Այն կարող է փորձության ենթարկել նաև մեր դաշնակիցների անվտանգությունը և Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին ակտի բացահայտ խախտում է»:
«Ամերիկայի հայկական համագումարը բարձր է գնահատում Սենատի հատկացումների հանձնաժողովի պատրաստակամությունը՝ մարդասիրական օգնություն տրամադրել Արցախին, ինչպես նաև աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին` Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման գործընթացում խաղաղ լուծում գտնելու համար», – հայտարարել են Համագումարի համանախագահներ Էնթոնի Բարսամյանը և Վան Գրիգորյանը: «Միանշանակ պետք է նաև ներառվի ժողովրդավարորեն ընտրված Լեռնային Ղարաբաղի իշխանությունների` որպես լիիրավ մասնակիցների վերականգնումը Մինսկի խմբի գործընթացին: Հաշվի առնելով նախագահ Էրդողանի կողմից Թուրքիայում ժողովրդավարության դիմագծի մշտապես վարկաբեկումը, որ մեկ անգամ ևս կբացահայտվի այս շաբաթավերջին կայանալիք ընտրություններում, նաև լիովին համաձայն ենք, որ Միացյալ Նահանգները չպետք է Թուրքիային «պարգևատրի» նրա աղաղակող գործողությունների համար և նաև խորապես անհանգստացած ենք այն զեկույցների կապակցությամբ, որ Ադրբեջանը Bell-412 ուղղաթիռներ է ձեռք բերել իր զինված ուժերի համար», – հավելել են համանախագահները:
«Տարածաշրջան կատարած մեր վերջին այցի ընթացքում մտահոգություններ էին հնչում Ադրբեջանի շարունակվող ռազմական համալրման առնչությամբ: Միացյալ Նահանգները և համանախագահող մյուս երկրները պետք է իրենց ներդրումն ունենան վստահության միջոցների ստեղծմանը և Ալիևին ուղերձ հղեն, որ եթե շարունակի քրիստոնյա հայերի սպանությունը, դա անպատիժ չի մնա: Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարի համաձայնագիրը, որ ստորագրել էր Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հետ, այդ թվում՝ քաղաքացիական անձանց և մանկապարտեզներ թիրախավորելով: Սա անընդունելի է և կոչ ենք անում ԱՄՆ-ին և ԵԱՀԿ-ի համանախագահներին պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին: Հայաստանի հավատարմությունը ժողովրդավարությանը հերթական անգամ է ապացուցվել, և Միացյալ Նահանգները պետք է սկսի դատել արդարամիտ ու համաձայն ամերիկյան արժեքներին¦,- նրանք եզրափակել են:
Օրինագիծը վերահաստատում է Ազատության աջակցության ակտի 907-րդ բանաձևի ավանդական բացառությունները, մինչդեռ զեկույցի ձևակերպմամբ պահպանվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական հավասարակշռությունն՝ առաջարկելով 600,000 ԱՄՆ դոլար Միջազգային ռազմական կրթության և վերապատրաստման ծրագրի համար ու 1 միլիոն ԱՄՆ դոլար` Արտաքին ռազմական ֆինանսավորման ծրագրի համար՝ յուրաքանչյուր երկրին: Սենատի զեկույցի ձևակերպմամբ նաև Հայաստանի համար առաջարկվում է նույն ֆինանսավորումը՝ նախորդ տարվա մակարդակին համապատասխան` 17.633 միլիոն ԱՄՆ դոլար՝ Եվրոպայի, Եվրասիայի և Կենտրոնական Ասիայի աջակցության (AEECA) բաժնով, ինչպես նաև 1.5 միլիոն ԱՄՆ դոլար՝ Թմրամիջոցների միջազգային վերահսկմանը ու իրավապահությանը:
Օրինագիծը 25 միլիոն ԱՄՆ դոլար հատկացնում է միջազգային կրոնական ազատությանն աջակցելու և պաշտպանելու ծրագրերի համար: Բացի այդ, օրինագիծը 6.5 միլիոն ԱՄՆ դոլար է հատկացնում կրոնական ազատության հարցերով հատուկ դեսպանին և 2 միլիոն ԱՄՆ դոլար` կրոնական ազատության խթանման հարցերով հատուկ բանագնացին Մերձավոր Արևելքում ու Հարավային Կովկասում:
Նախորդ շաբաթ, Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովը հավանություն էր տվել 2019 ֆինանսական տարվա Պետության, արտաքին գործառնությունների և հարակից ծրագրերի հատկացումների մասին օրինագծին` 30 կողմ և 21 դեմ ձայների հարաբերակցությամբ:
Ամերիկայի հայկական համագումարը հիմնադրվել է 1972 թվականին: Այն ամենամեծ համազգային, անկուսակցական, հասարակական կազմակերպությունն է Վաշինգտոնում, որն օժանդակում է հայկական հարցերի ճիշտ ըմբռնմանն ու լուսաբանմանը: Համագումարը 501(c) (3) կարգավիճակով հարկերից ազատված անդամակցական կազմակերպություն է:
Ամերիկայի հայկական համագումար