Գեներալ Մանվել Գրիգորյանի կնոջը՝ Նազիկ Ամիրյանին ձերբակալելու որոշում կա: Ոստիկանությանը հանձնարարվել է հայտնաբերել և ձերբակալել նրան:
Հիշեցնենք, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը լրագրողներին ասել էր, որ Մանվել Գրիգորյանը իր կնոջ Նազիկ Ամիրյանի, դստեր՝ Այծեմնիկ Գրիգորյանի, Էջմիածնի բնակիչներ Սեյրան Ղազարյանի , Արմեն Հակոբյանի նախնական համաձայնությամբ Արշալույս գյուղի իրեն պատկանող առանձնատներում թաքցրել է ապօրինի ռազմամթերք՝ փամփուշտներ, մարտական նռնակներ, պայթուցիչներ, վառոդային լիցքերով հրացաններ, նռնականետ եւ այլն: Այսինքն, Մանվել Գրիգորյանը հանցանք է կատարել՝ ներքաշելով դրանում նաեւ իր կնոջն ու աղջկան:
Նա չէր բացառել, որ Նազիկ Ամիրյանը կձերբակալվի:
Նաեւ ոստիկանությունն էր հաղորդել, որ հունիսի 18-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Երևանի Սողոմոն Տարոնցի 22 հասցեի ավտոկայանատեղիում կայանված են «Ուազ» և «ԳԱԶ» մակնիշների ավտոմեքենաներ, որոնք բեռնված են մսի պահածոներով։ Նշված ավտոմեքենաների վարորդները, որոնք ԵԿՄ անդամներ են, մեքենաներով հանդերձ բերման են ենթարկվել տեղափոխվել են ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն։ Մեքենաների զննությամբ հայտնաբերվել են ընդհանուր 2980 հատ «վաճառքի ենթակա չէ, ԶԻՆՎՈՐԻ բաժին» գրառմամբ մսի պահածոներ։ Վարորդների հայտարարությամբ՝ հունիսի 16-ին Արշակունյաց 22 հասցեում գտնվող ԵԿՄ վարչության շենքից իրենք են պահածոները բեռնել՝ Նազիկ Ամիրյանի ցուցումով։