Լրահոս
Օրվա լրահոսը

Գործադուլ թիվ 19 պոլիկլինիկայում. «Տնօրենը հաշվեհարդար է տեսնում իր դեմ ցուցմունք տված բժիշկների հետ»

Հունիս 25,2018 17:31

Թիվ 19 պոլիկլինիկայի մի խումբ աշխատակիցներ շարունակում են բողոքի ցույցը՝ տնօրեն Սամվել Սարգսյանի հրաժարականի պահանջով: Գինեկոլոգիայի բաժանմունքի բոլոր աշխատակիցները գործադուլ են անում. գինեկոլոգիական բաժինը այցելուներին չի սպասարկում: Aravot.am-ի հետ զրույցում բժիշկներից Մետաքսյա Մելքոնյանը պատմեց, որ տնօրենը վերջերս սկսել է խոչընդոտել գինեկոլոգների աշխատանքը, ինչի պատճառով էլ նրանք այլեւս չէին կարողանում բնականոն աշխատել:

Մայիսին Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամները լրագրողների հետ այցելել էին այս պոլիկլինիկա, որտեղ ավագանու անդամները փորձում էին բացահայտել տնօրենի թույլ տված չարաշահումները: «Ելք»-ից Թեհմինե Վարդանյանն ու Դավիթ Խաժակյանն այս այցից հետո գլխավոր դատախազություն հանցագործության մասին դիմում էին ներկայացրել: Այս առնչությամբ վերջերս քրեական գործ է հարուցվել Սամվել Սարգսյանի դեմ՝ պաշտոնական դիրքի չարաշահման մեղադրանքով:

«Հիմա քննությունն ընթացքի մեջ է: Տնօրենը իմանալով ով է ցուցմունք կամ բացատրություն տվել, սպառնում է, խոչընդոտում է աշխատանքը: Պոլիկլինիկայի շենքին կից տնօրենի ծննդատունն է, «Սեբաստիա» ծննդատունը: Պոլիկլինիկայի մանկաբարձ-գինեկոլոգներից այնտեղ աշխատողներ կան: Էդ դեպքից հետո բոլոր գինեկոլոգների մուտքը թույլ չի տալիս ծննդատուն: Պոլիկլինիկայի գինեկոլոգները հղիներ են ուղարկել այդ ծննդատուն եւ գործի բերումով գնում են այդ ծննդատուն: Ամեն անգամ Սարգսյանը կանչում է մեզ ու ասում ՝«Ինչքա՞ն հղի ես վարում, ահագին փող աշխատած կլինես, ուրեմն՝ էդքան փողից էսքանը պիտի տաս ինձ: Էն մյուս բժշկին ասել է՝ էդ ավտոդ, որ առել ես, իմ շնորհքն ա: Բժշկուհին էլ պատասխանել է՝ ի գիտություն ձեզ, մեքենան հայրս է ծնունդիս առել: Ծննդատնից էլ պոլիկլինիկայից էլ բժիշկների է ազատում աշխատանքից ու ինքն էլ ասել է, որ դատախազությունում իր դեմ ցուցմունք տվողը ոտք չպիտի դնի բուժհաստատություն: Ասում է՝ ստեղ գործ չունեք դուք»,-պատմեցին բժիշկները:

Նրանք նաեւ զարմացած են, թե ինչպես է Սամվել Սարգսյանն իմացել, թե ով է բացատրություն կամ ցուցմունք գրել. «Կարծես թե գաղտնի պիտի լիներ»:

Բժիշկների պնդմամբ՝ Սամվել Սարգսյանը շատ վատ է վարվում բուժանձնակազմի հետ:

Բողոքի ցույցի ընթացքում գինեկոլոգիական բաժնի աշխատակիցներին միացան նաեւ պոլիկլինիկայի այլ բուժաշխատողներ:

«Ելք» խմբակցության ավագանու անդամ Թեհմինե Վարդանյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ արդեն մոտ 10 օր է, ինչ քրեական գործ է հարուցված եւ այս ամբողջ ընթացքում պոլիկլինիկայի տնօրենը գինեկոլոգիականի աշխատողներին հանգիստ չի տալիս. «Պացիենտը» պառկած, տնօրենը եկել է սենյակ, վարագույրը քաշել ու սկսել կռիվ անել բժշկի հետ, պատկերացնո՞ւմ եք, հիվանդը պառկած»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930