Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Երևանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին» ՀՀօրենքի նախագիծը, կամ ինչպես վարվել «հնի ժառանգության» հետ

Հունիս 25,2018 17:23

Ներկան պետք է վերափոխի անցյալն այնչափ, որքանով անցյալը կառավարում է ներկան

Նախ ներկայացնենք համառոտ նախապատմություն «Երևանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին» օրինագծի վերաբերյալ:

«Երևանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին» օրինագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի կողմից՝ սեփական նախաձեռնությամբ: Այն մշակվել է երկու փուլով՝ Հայեցակարգ և Նախագիծ:

Հայեցակարգը ՀՀ կառավարության կողմից հավանության է արժանացել 2013 թվականի մարտի 7-ի թիվ 9 արձանագրային որոշմամբ:

Նախագիծը մշակվել է 2013 թվականի ընթացքում: Այն սահմանված ընթացակարգով անցել է քննարկումներ, տարաբնույթ ազդեցության գնահատումներ՝ ստացել դրական եզրակացություններ: Չնայած իրավական ակտի փաթեթը 2013 թվականի վերջից արդեն «պատրաստ է», այդուհանդերձ այն ՀՀ կառավարության կողմից դեռևս Ազգային ժողովին չի ներկայացվել:

Ներկայումս օրինագիծը «հնի ժառանգությունն է»՝ փոխանցված Նոր Կառավարությանը:

Ուրեմն ինչպես վարվել այդ ժառանգության հետ: Հաշվի առնելով, որ Նոր Կառավարության կողմից հայտարարած քաղաքական օրակարգով կտրուկ իրավիճակ է փոխվել, միանգամայն արդարացված կլինի, որպեսզի «Երեւանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին» ՀՀ օրենքի նախագիծը ներկայացվի ՀՀ արդարադատության նախարարություն՝ հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման և պետաիրավական փորձաքննության:

Սա ոչ թե ցանկություն, այլ՝ պարտադրված անհրաժեշտություն է, քանի որ մասնագիտական պարզ վերլուծությունները բավարար հիմք են տալիս փաստելու, որ նախկինում տրված հիշյալ դրական եզրակացություններն ընդամենը խուսագրություն են և կրում են զուտ ձևական բնույթ: Վերջիններս հավուր պատշաճի չեն բացահայտել իրավական ակտի նախագծում տեղ գտած այնպիսի գործոններ, ինչպիսիք են՝ կեղծ նպատակադրությունները և գերակայությունները, իրավական-լեզվաբանական կոռուպցիոն ռիսկերը, իրավական և մասնագիտական հակասությունները և այլն, որոնք ուղղակի կասկածի տակ են դնում ոչ միայն իրավական ակտի իրական նպատակները, այլև կարգավորման առաքելությունն ընդհանրապես:

Անհրաժեշտ է հաշվի առնել նաև, որ հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատումը և պետաիրավական փորձաքննությունն, իրենց կարևորությամբ, չէին կարող համակողմանի և լիարժեք բացահայտել և ներկայացնել իրավական ակտի և կարգավորման ենթակա հարաբերությունների առանձնահատկությունները և տալ դրանց օբյեկտիվ գնահատականներն առանց մասնագիտական-համակարգային անաչառ վերլուծությունների զուգորդման և եզրահանգումների առկայության: Վերջիններս պարտադիր են հատկապես իրավական ակտի նախագծում ապահովելու համար թերևս ամենաէականը՝ իրավական և մասնագիտական նորմերի փոխադարձությունն ու համաձայնեցումը:

Որպեսզի ասվածը մերկապարանոց չհնչի, եկեք շատ չծավալվենք և խոսենք ընդամենը օրինագծի վերնագրի մասին՝ հաշվի առնելով, որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի պահանջով «իրավական ակտի վերնագիրը պետք է համապատասխանի իրավական ակտի բովանդակությանը և հակիրճ տեղեկատվություն պարունակի դրա կարգավորման առարկայի մասին»:

Դա նշանակում է, որ «Երևանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին» իրավական ակտի բովանդակությունը և կարգավորման առարկան (համաձայն վերնագրի) Երևանի փոքր կենտրոնի կառուցապատումն է: Այո, կառուցապատումը:

Առաջին հայացքից կարծես թե արտառոց ոչինչ չկա: Սակայն իրականում դա այդպես չէ, քանի որ արտառոցը հենց վերնագրի նման ձևակերպումն է:

Բանն այն է, որ Երևանի փոքր կենտրոնը, որպես պատմականորեն ձևավորված քաղաքաշինական միջավայր, ոչ թե պետք է կառուցապատվի (ինչպես շեշտադրում, և ավելին՝ պարտադրում է օրինագիծը), այլ կարող է ենթարկվել միմիայն վերակառուցման: Դա համաշխարհային քաղաքաշինության մեջ ընդունված տեսական և գործնական հանրահայտ նորմ է, ըստ որի կառուցապատումն ու վերակառուցումը որևէ պարագայում չեն կարող նույնացվել և կորցնել իրենց բովանդակային և խիստ էական տարբերությունը, ինչպես որ չեն կարող նույնացվել, օրինակ, մակերես և մակարդակ հասկացությունները: Այնպես որ, օրինագծի վերնագրի նման ձևակերպումն արդեն իսկ մասնագիտական տեսանկյունից անընդունելի է: Անընդունելի է թե իր մոտիվացիայով, թե դրանից բխող հետևանքներով:

Ահա այն, ինչն է ի սկզբանե, ոչ պատահական, այլ նպատակային և գիտակցված (այլապես պետք է խոսենք տարրական գրագիտության մասին) դրվել է օրինագծի հիմքում, այսինքն՝ վերնագրում: Այստեղից էլ սկսվում է իրավական ակտի նախագծում տեղ գտած կեղծ նպատակադրությունների, գերակայությունների և չափազանցությունների շարքը՝ ուղեկցված մասնագիտական շռայլ «նորարարություններով, որոնք բազմաթիվ են և մեկը մյուսով փոխպայմանավորված:

Անհրաժեշտ է աներկբա ընդունել, որ «հին արարքների» նկատմամբ ցուցաբերվող ներկայիս սկզբունքային մոտեցումներն ու գնահատականները խիստ պահանջված են և արդարացված: Դրանք յուրօրինակ ինքնաքննություն են, որպեսզի վերաարժևորենք անցյալը, հասկանանք և գիտակցված, ներքին համոզմամբ ձերբազատվենք մեր իրականության մեջ տարիներով արմատացած վատ «ավանդույթներից» և հաստատակամ առաջ շարժվենք:

Մենք պետք է հասնենք այն սկզբունքի գերակայությանը, որպեսզի այսուհետ լոկալ բնույթի ցանկացած ձեռնարկում մերժվի, եթե տվյալ համատեքստում այն հիմնավորված և ըստ այդմ արդարացված չէ գլոբալ, «շրջահայաց» մտածողությամբ: Սա որքան բարդ է, այնքան անհրաժեշտ:

Այս առումով այսօր գերխնդիր պետք է լինի ոչ թե սուբյեկտիվ գործոններով թելադրված Երևանի փոքր կենտրոնի լոկալ կառուցապատումը, այլև օրակարգ պետք է մտնի «Երևանի մասին» օրենք ունենալու անհրաժեշտությունը, քանի որ գլոբալ իմաստով և ներկա մարտահրավերներով պայմանավորված՝ սա այլևս ազգային անվտանգության հարց է:

Մենք պետք է ընդունենք մի պարզ իրողություն, որ Երևանը՝ Հայաստանը չէ, իսկ Հայաստանը՝ Երևանը չէ: Եվ առանց քաղաքական, տնտեսական և հանրային խնդիրների համադրման և ներդաշնակ լուծման ռազմավարության, այսուհետ ևս շարունակել շրջանցել այս կարևոր իրողությունը, դրանով հանդերձ հակադրել կամ մրցակցության մեջ դնել այս երկու բացարձակ արժեքները՝ մեր պետականության համար անթույլատրելի է և կործանարար:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

ճարտարապետ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930