Այսօր Լոռու մարզպետի նորանշանակ տեղակալ Անդրեյ Ղուկասյանի առաջին աշխատանքային օրն է նշված պաշտոնում: Այցելելով աշխատասենյակ, Ղուկասյանն անակնկալի է եկել: Աշխատասենյակը եղել է առանց մինիմալ պայմանների: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փոխմարզպետը. «Այ այսպիսի տեսք ունի իմ աշխատասենյակը: Առանց սեղան եւ մինիմալ հարմարության: Դիմավորեցին ինձ այսպես, հետեւությունները թողնում եմ ձեզ: Սակայն սա արագ կարգավորելու խնդիր է: Խնդիրները հետո են առաջանալու, բայց ոչ ինձ համար»:
Մինչ Ղուկասյանին տրամադրվելը, աշխատասենյակը պատկանել է նախկին փոխմարզպետ Տիգրան Բադոյանին: Վերջինս էլ ասաց, որ աշխատասենյակում առկա գույքը պատկանել է իրեն. «Աշխատասեղանն ու համակարգիչն է հանվել, ինչը եղել է իմ անձնական գույքը: Ես դրանք տեղափոխել եմ իմ անձնական գրասենյակ, նախապես տեղյակ պահելով աշխատակազմի ղեկավարին եւ գույքագրումով զբաղվով մարզպետարանի համապատասխան աշխատակցին: Իրենց ներկայությամբ գույքագրումն արել ենք, եւ այն ինչը որ մարզպետարանի սեփական գույքն է՝ մնացել է իր տեղում: Ես ընդամենն իմ անձնական սեղանը եւ համակարգիչն եմ տեղափոխել»:
Բադոյանն ասում է, որ տարիներ առաջ էլ նույն իրավիճակում ինքն է հայտնվել: Եվ ստիպված է եղել սեփական միջոցներով կահավորել աշխատասենյակը:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ