Տավուշի մարզի Բերդ քաղաքում տեղակայված Արծվաբերդի անտառտնտեսության գրասենյակում վերջերս մեծ վեճ է եղել, որի պատճառն այդ անտառտնտեսության տնօրենի պաշտոնում Գեղարքունիքի մարզի Ճամբարակի բնակիչ Արամ Եգանյանի նշանակվելը եւ վերջինս կողմից Բերդի, Նորաշենի եւ Այգեպարի անտառապետերի նշանակումն էր:
Արծվաբերդի անտառտնտեսությունից տեղեկացանք, որ հունիսի 18-ին այդ անտառտնտեսության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Վարդգես Աթոյանը, Այգեպարի եւ Նորաշենի նորանշանակ անտառապետերն աշխատանքից ազատվել են, Բերդի անտառապետը շարունակում է պաշտոնավարել: Նորաշենի անտառապետը Ճամբարակի տարածաշրջանի բնակիչ էր:
Անտառտնտեսության նոր ղեկավար Վարդգես Աթոյանը ՀՅԴ անդամ է: Արծվաբերդի անտառտնտեսությունը ընդգրկում է Բերդի ամբողջ տարածաշրջանի անտառները եւ անտառապատ տարածքները: Անտառտնտեսությունը գործում է անտառային պետական կոմիտեի ենթակայությամբ, կոմիտեի նախագահը ՀՅԴ անդամ Միքայել Մանուկյանն է: Անտառային պետական կոմիտեն ՀՀ բնապահպանության նախարարության կազմում է: Նույն նախարարությանն է պատկանում նաեւ Բերդ քաղաքում 62 հա տարածք զբաղեցնող «Սորանի այգի» դենդրոպարկը, որը գործում է խորհրդային ժամանակաշրջանից:
Հայտնել ենք, որ 2017թ. ԱԺ ընտրություններից առաջ դենդրոպարկի տնօրեն նշանակվեց երկար տարիներ Ռուսաստանում արտագնա աշխատանքով զբաղվող Վարդգես Աթոյանը: 2017թ. ապրիլին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո Վ. Աթոյանը մեկնեց Մոսկվա, իր փոխարեն տնօրեն նշանակելով իր տղային՝ Դավիթ Աթոյանին: Մինչ այդ աշխատանքին անցնելը Դ. Աթոյանը որեւէ հիմնարկում չի պաշտոնավարել:
33 տարեկան Դ. Աթոյանը մեզ ասել է, որ ինքը 2018թ.-ին ավարտում է Երեւանի արտաքին տնտեսական կապերի համալսարանը: Դ. Աթոյանը 2017թ. հոկտեմբերի 30-ին տողերիս մեր հեռախոսազրույցում հաստատել է այն փաստը, որ ոգելից խմիչք օգտագործած վիճակում ավտոմեքենա վարելու համար 2017թ. հունիսի 26-ին պետավտոտեսուչի կողմից իրեն 150 հազար դրամով տուգանելու արձանագրություն է կազմվել:
Հայր ու որդի Աթոյաններն այժմ ղեկավարում են նույն նախարարության կազմում ընդգրկված, Արծվաբերդի անտառտնտեսությունն ու դրան սահմանակից բնության հատուկ պահպանվող տարածք հանդիսացող Սորանի դենդրոպարկը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ