Ինչպե՞ս են որոշ դպրոցներ առանց արտոնագրի կրթական գործընթաց իրականացրել, այս թեմայով մայիսի 25-ին քննարկում էր կազմակերպվել «Հոդված 3» ակումբում: «Լինեն ՊՈԱԿ-ներ, թե մասնավոր դպրոցներ, պետք է հետեւեն օրենքի տառին»,- հայտարարեց ԿԳ նախարարության լիցենզավորման գործակալության պետ Մովսես Մովսիսյանը: Նա նշեց, որ ԿԳ նախարարությունում տեղի է ունեցել նիստ, նաեւ համապատասխան շրջաբերական է ուղարկվել բոլոր դպրոցներին:
«Հանրապետությունում մեկ միասնական օրենք է գործում, բոլորը անկախ գերատեսչական ենթակայությունից, պետական եւ մասնավոր լինելուց, ենթակա են լիցենզավորման»,- ընդգծեց ԿԳՆ լիցենզավորման գործակալության պետը:
Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի ձեւակերպմամբ, ամեն ինչ սկսվել է նրանից, որ երբ ԿԳ նախարարությունում սկսվեց բարեփոխումների գործընթաց 2009-ից, ու օրինակ, միջնակարգ դպրոցից հաստատությունը հիմնական դպրոց է դարձել, պարտավոր էր իր լիցենզիան վերաձեւակերպել, հակառակ դեպքում, ստացվում է, որ գործունեություն է իրականացնում այլ անվան ներքո:
«Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան», կրթության ծրագրի պատասխանատու Լիլիթ Նազարյանը նշեց, որ խնդիրը նախորդ կառավարության տարիներ շարունակ թույլ տված անփութության, ամենաթողության արդյունքն է:
Նա կրթության տեսչությանն էլ անդրադարձավ, նշելով. «Ինձ համար հասկանալի չէ, որ դպրոցները չեն իմացել, թե պետք է լիցենզավորվեն: Եթե 2007-ին օրենքն ընդունվել է, այն ժամանակ պետք է տեղի ունենար դպրոցների, նախադպրոցական կրթական հաստատությունների լիցենզավորումը: Առաջինը, որ գալիս է մտքիս, տեսչության պահվածքն է, որը պետք է ստուգեր լիցենզավորման առկայությունը: Վստահ եմ, որ 11 տարվա ընթացքում կրթության տեսչությունը հասցրել է մտնել բոլոր դպրոցներ, այս պարագայում ուղղակի եղել է ամենաթողություն»:
Լիլիթ Նազարյանի ձեւակերպմամբ, այսօրվա նախադպրոցական կրթական հաստատությունների մեծ մասը լիցենզավորված չէ, ինչ վերաբերում է պետական դպրոցներին, նրա համոզմամբ, լիցենզիայի բացակայությունը դժվար բացասական ազդեցություն ունենա կրթության որակի վրա, քանի որ ուսումնական պլանը, ծրագրերը մշակվում են ԿԳ նախարարության կողմից:
Սերոբ Խաչատրյանի խոսքով. «Իրավիճակը ստեղծվել է այն պատճառով, որ ԿԳ նախարարությունն աստիճանաբար ստացավ անգլիական թագուհու կարգավիճակ, իսկ մարզպետարանը, Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչությունն ավելի ազդեցիկ դարձան, եւ այստեղ ավելի շատ ոչ թե դպրոցներն են մեղավոր, այլ Երեւանի քաղաքապետարանն ու մարզպետարանները: Դպրոցները, որպես կանոն, իրավաբան չունեն…Նոր տնօրենները տեղյակ էլ չեն, որ նման պրոցեսով պետք է անցնեն, բայց քանի որ մարզպետարանները, քաղաքապետարանը ունեն իրավաբանական վարչություն, լավ կլիներ, որ յուրաքանչյուրը փաթեթով ներկայացներ իրենց դպրոցները` լիցենզավորման համար»:
Սերոբ Խաչատրյանն ընդգծեց, որ Հայաստանում տնօրենները թույլ են իրավական գիտելիքներից, հաճախ տնօրեն են դառնում քաղաքականացվածները կամ ոչ լավագույն ուսուցիչները:
Լիլիթ Նազարյանն էլ համոզված է, որ եթե լիցենզավորման խիստ պահանջ դրվի, շատ դպրոցներ ուղղակի կփակվեն, որովհետեւ քչերը կբավարարեն այդ պահանջները: Նա անարդարացի է համարում պատասխանատվությունը միայն դպրոցների վրա թողնելը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ