Այսօր «Հայելի» ակումբում ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանն ասաց. «ԵԿՄ անդամները գրեթե բոլորն էլ ազատամարտիկներ են, ազնիվ տղաներ, ովքեր ժամանակին իրենց կյանքը վտանգելով՝ գնացել են պատերազմ: Այսօրվա աղմուկը, որը ստեղծվել է ԵԿՄ-ում, կարծում եմ, մեծ աղմուկի առիթ էլ չկա: Ընդամենը ինչ է եղել՝ Մանվել Գրիգորյանը կալանավորվել է իր կատարած գործերի համար ու վերջ: Պետք է բնականոն կյանքը շարունակել»:
Նախ, ըստ նրա, ԵԿՄ-ն չպետք է այդպիսի ֆետիշացված կարգավիճակում լիներ. «Եթե մենք, ունենալով ՊՆ, պետք է կողքից մի կույրաղիք պահեինք, դրա համար գումարներ տրվեր ու թալանվեր գումարները, ապա այդ մարմինը ինչի՞ էինք պահում, դրա համար մեծացվել էր ԵԿՄ դերը: Դա ռազմահայրենասիրական կազմակերպություն էր…Ոչ մեկի գործը չի ԵԿՄ-ն վերացել-չվերացնել: Այնտեղ կան նվիրյալ տղաներ, որ առաջին օրից այնտեղ են, իրենց որոշելիք հարցն է ինչ կարգավիճակով կմնան: Շատ տղաներ կան արժանավոր»:
Կարինե Հակոբյանը հակադարձեց՝ ինչպե՞ս կարող էին արժանավոր մարդիկ այսքան տարի հանդուրժեին այն երեւույթները, որ տեղի էր ունենում այնտեղ: Ըստ Գագիկ Սարուխանյանի, «Մանվել Գրիգորյանը հանցագործություն է կատարել, Մանվել Գրիգորյանի վրա պետք էր ուշադրություն դարձնեին դեռ այն ժամանակ, երբ ես եւ Վոլոդյա Ավետիսյանը ազատամարտիկների վերաբերյալ հարցեր էինք բարձրացնում, ասում էր մեզ նվնվացողներ… Սերժ Սարգսյանին ասում էր՝ մեխն էլ է ձեռդ, չագուչն էլ, իրեն թվում էր լավ բան է ասում, բռնատիրություն էր քարոզում»:
Գագիկ Սարուխանյանին զարմացրել էր, որ ԲՀԿ-ականներն են այսօր Մանվել Գրիգորյանի շուրջ աղմուկ բարձրացրել: Նա ԱԺ-ի կարկառուն ելույթներ ունեցողներին ասաց. «Եկեք այսօրվանից սկսենք Սերժ Սարգսյանից ու Սաշիկ Սարգսյանից, կխոսա՞նք, թե՞ հլը դաբրոն չունենք: Եզն ընկել է, դանակավորները շատացել են: ԱԺ-ում վաղվանից սկսեք խոսալ դրանց գործողությունների մասին, թե՞ հլը դաբրոն չունեք»:
Ըստ նրա, եթե այսօրվա խոսացողները առաջ պարկեշտություն ունենային, իրենց ասածներն ասեին՝ ճիշտ են ասում, կանգնեին «Հիմնադիր խորհրդարանի», Վոլոդյա Ավետիսյանի շարժման կողքին, այս պատկերը չէր լինի:
Անդրադառնալով ԱԱԾ-ի գործողություններին՝ Գագիկ Սարուխանյանը քննադատեց. «ԱԱԾ ղեկավարն ասում է՝ մենք ունեք 350 հոգու ցուցակ, ովքեր անօրինական հարստացել են: Եթե ունես էդ ցուցակը, բոլորին կալանավորի, ինչի՞ ես պորցիաներով անում, PR-նե՞ր են պետք: Եթե ունես ցուցակը, պարտակո՞ւմ ես, մի հանցագործ էլ դու ես»:
Կարինե Հակոբյանն էլ ասաց, որ այն, ինչ կատարվել է, քաղաքականության մեջ եղածները տեղյակ են եղել, իրենք նույնպես պետք է կրեն այդ պատասխանատվությունը: Դրա պատճառներից մեկն էլ այն է, որ մենք չենք ունեցել ինստիտուցիոնալ ընդդիմություն: Կուսակցությունները պատեհապաշտ են եւ օրվա վիճակին համապատասխան քայլեր են արել. «Պետք չի դիմակներով մտնել տներ, բավական է բյուջեն կարդալ, ամեն ինչ պարզ է»,- ասաց Կարինե Հակոբյանը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ