Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԿՄ փոխնախագահը վստահեցնում է, որ ԵԿՄ-ն ընտրություններում սատարելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը

Հունիս 25,2018 14:50

ԵԿՄ փոխնախագահ Համլետ Հայրապետյանն այսօր «Հայելի» ակումբում պատասխանելով հարցին՝ թե Մանվել Գրիգորյանի հետ կապված ի՞նչն էր զարմացրել ԵԿՄ նախագահությանը՝ ասաց, որ «Տուշոնկեն հասկանալի էր, ՊՆ-ն տալիս էր, նամակները ինչո՞ւ պիտի այնտեղ հայտնվեին: Դա մեզ ստիպեց, որ մենք էլ վրդովվեցինք»: Դիտարկմանը, որ «տուշոնկան» ժամկետանց էր՝ Հայրապետյանը արձագանքեց՝, որ այ դրանից էլ իրենք վրդովվել էին, ինչո՞ւ պիտի այդպես լիներ:

Նա ասաց, որ ապրիլյան պատերազմում վիրավորվել է ու հիմա ԵԿՄ-ին այսպիսի բաներ են ասում: Հարցին՝ այսինքն՝ հանրությունը ծայրահեղության գի՞րկն է ընկել այդ մի միջադեպից՝ նա պատասխանեց՝ ես չգիտեմ, դա հանրությո՞ւնն է, թե՞ ինչ-որ կազմակերպված խումբ:

Հարցին՝ ո՞ւմ եք տեսնում ԵԿՄ նախագահի դերում՝ Համլետ Հայրապետյանը պատասխանեց, որ ինքը համանախագահության կողմնակից է, ոչ թե մեկը լինի՝ անձնավորված:

Մեր հարցին՝ Մանվել Եղիազարյանը՝ Արաբոյի Մանվելը քիչ առաջ ասաց, որ ԵԿՄ-ն վարկաբեկված կառույց է եւ պետք Է անունը փոխել, դուք համաձա՞յն եք՝ նա պատասխանեց. «Ես էլ ասում եմ՝ ոչ, ԵԿՄ-ն բրենդ է, եթե կուզեք իմանալ: Պետք չի փիլիսոփայություններ անել, ինչի՞ փոխենք: Ընդունենք, մեկ-երկու մարդ 60 հազարի մեջ ինչ-որ բան է թույլ տվել, բա արժի՞ ազնիվ, մաքուր, շիտակ ու պարզ, էս երկրի համար արյուն տված մարդկանց…Դրեցին, էլի, ուրիշ անուններ դրել են, ադրբեջանցին վախենո՞ւմ է էդ անուններից: Ալիեւը վախենո՞ւմ է էդ անուններից: Ալիեւը վախենում է միայն երկրապահ անունից, եղա՞վ: Մեր թիվ մեկ թշնամին ադրբեջանցիներն են եւ վախենում են ԵԿՄ-ից: ԵԿՄ-ն ադրբեջանցիներին ապացուցեց, որ մենք իրենց ցանկացած պահի հաղթելու ենք՝ ատամներով ենք հաղթելու, ձեռքով, քար ու փետով»:

Դիտարկմանը, որ Արաբոյի Մանվելը գտնում է, որ երկարատեւ ժամանակ է պահանջում՝ այդ խարանը մաքրելու համար, ավելի լավ է նոր անուն որոշեն՝ Համլետ Հայրապետյանը պատասխանեց. «Մի անձի խարանը երբեք չպետք է փաթաթել կառույցի վզին, եթե, իհարկե, ապացուցվեց, որ դա իրոք խարան է»:

Ուշագրավ է, որ այսօր ԵԿՄ փոխնախագահը հայտարարեց, որ իրենք համաժողովրդական շարժմանն են սատարել ու առաջիկա ընտրություններում սատարելու են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը. «Միանշանակ, այո, մեր գերագույն գլխավոր հրամանատարը գնում է այդ ցուցակով, բա մենք հո մենակ կռվի ժամանա՞կ չի, որ հելնենք կանգնենք, էթանք կռիվ, զոհվենք: Մենք էլ մեր քաղաքական կողմնորոշումը պիտի ունենանք: Մենք պարտադիր պետք է կանգնենք այն մարդու կողքին, որը իր ուղղությունը ստեղծեց էս երկրում, մեր գերագույն գլխավոր հրամանատարն է, ժողովրդի կողմից շատ-շատ սիրված մի անձնավորություն, որ կարա մի հատ կոչ անի ու ժողովրդով՝ փոքր ու մեծ գնան կռիվ»:

Հարցին՝ կա՞ տեսակետ, որ ԵԿՄ-ն ապաքաղաքական լինի ու չսատարի որեւէ մեկին՝ նա պատասխանեց, որ ԵԿՄ-ն ապաքաղաքական է, բայց անդամները կարող են լինել կուսակցական. «Եթե որոշում ենք ընդունում, որ սատարում ենք, պետք է գնանք սատարմանը ու հաստատ ընդունելու ենք: Եթե մեր շարքերում կա այլ կուսակցության անդամ, մենք ազատություն ենք տալիս, ասում ենք՝ գնա քո կուսակցությանը ձայն տուր, բայց մենք մեծամասնությամբ ձայն ենք տալու դաշինքին, որովհետեւ դաշինքը երկրում նոր իրողություն բերեց, երկիրը սկսեց մաքրել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930