«Այդքանը տեսնելուց հետո ինչպե՞ս դրական արտահայտվեմ Մանվել Գրիգորյանի մասին: Բոլորի համար պարզ է, թե նա ինչպիսի մարդ է: Որոշները փորձում են արդարացնել նրան, բայց ես արդարացում չեմ գտնում»,-«Հենարան» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով գեներալ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի պահեստներում վերջերս ԱԱԾ-ի աղմկահարույց բացահայտումներին, ասաց ԱՍԱԼԱ-ի մարտիկ Վազգեն Սիսլյանը:
Նրա խոսքով՝ եթե կռված մարդը հերոսի կոչում եւ համբավ ունի, դա չի նշանակում, թե նա անձեռնմխելի է եւ ուզածն անելու իրավունք ունի. «Սեֆիլյանն էլ է հերոս: Շատերն են հերոսներ, բայց նրանք բանտեր տեսան: Խոսքը նաեւ Սամվել Բաբայանին է վերաբերում»:
Վազգեն Սիսլյանը շեշտեց՝ ինքը «Երկրապահ կամավորականների միության» անդամ է եւ կշարունակի լինել, քանի որ ԵԿՄ-ն ունի պատմություն. «Շատերն ասում են, որ ԵԿՄ-ն պետք է դադարի գործել, բայց Մանվելով չէ ԵԿՄ-ի բախտը որոշվում, այլ զինվորով: Միաժամանակ, բանակի մեջ բանակ պետք չէ, ԵԿՄ-ի ձեւաչափը փոխեք»:
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու եւ խոշոր չափի յուրացում կատարելու համար. նրա փաստաբանները հանրությանը հորդորում են անմեղության կանխավարկածը չխախտել եւ սպասել դատաքննությանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ