Լրահոս
Օրվա լրահոսը

«Բերեք գնդակահարենք՝ բայց անաղմուկ». Արաբոյի Մանվելը քննադատում է, որ Մանվել Գրիգորյանի արածից այսքան աղմուկ են անում

Հունիս 25,2018 14:43

Այսօր ազատամարտիկ Մանվել Եղիազարյանը՝ Արաբոյի Մանվելը, «Հայելի» ակումբում խոսելով Մանվել Գրիգորյանի հետ կապված ԱԱԾ բացահայտումների մասին՝ ասաց. «Մանվել Գրիգորյանի համար վիրավորում ենք ազատամարտիկ ողջ մասնակիցներին, նրանց պատկերն ենք ցածրացնում, ոչնչացնում: Հիմա, երբ պատերազմող երկիր ենք, Նախիջեւանում կուտակումներ կան, սկսել են բարձրաձայնել, թե կռվել են, հետո՞ ինչ, դրանք մեզ պետք չեն…Ինչպե՞ս կարելի է կամավորներին այսպես ոչնչացնել: Եթե ԵԿՄ նախագահն իրեն լավ չի պահել՝ հասկացանք, եթե 7 մլն դրամի խախտում եք տեսել՝ հասկացանք, բանակում մեկ էլ տեսանք մի զինվորական բռնեցին՝ 1 մլն դրամ փող տարավ, տեսաք ինչ արեց: Հասկացանք, պիտի դատապարտել, պիտի դատվի, տեղը նստեցվի, բերեք գնդակահարենք՝ բայց անաղմուկ: Հիմա էլ սկսել ենք բանակի հետեւի՞ց ընկնել, բանա՞կը թեւաթափ անել: Հասկացանք այդ ամեն ինչը, բայց չէ՞ որ ավելի մեծ գողոններ կան՝ միլիարդների գողոններ կան»:

Ըստ Մանվել Եղիազարյանի, հիմա սկսել են վարկաբեկել, հալածել բանակի սպայական կազմը. «Դուք չկարծեք, թե ես պաշտպանում եմ ինչ-որ մի հատ գողի, ես ինքս եմ դրա տուժածը: Ինձ հալածել են ԵԿՄ-ի ժամանակ, ամենամեծ տուժողներից մեկը, փորձել են ցեխ շպրտել: Բայց մի մոռացեք, որ մենք պատերազմի մեջ ենք, թշնամին քթներիդ տակ է, ի՞նչ եք սկսել…ամենամեծ գողերին սլաքը շրջեք: Այստեղ հասկացանք, դա ընդամենը փոքրիկ մի մասն է մեր դժբախտության, որը տեսանք, աղմկեցինք ու խոսում ենք»:

Հարցին՝ ասում եք՝ մանր օղակներից են սկսել, ումի՞ց պետք է սկսեին, որ դուք ձեզ ավելի բավարարված զգայիք՝ Մանվել Եղիազարյանը պատասխանեց. «Ես ասում եմ բռնեք, բոլորին էլ բռնեք, բայց աղմուկն այնքան սարսափելի մեծ եք սարքում 1 մլն դրամի մասին, ես ԶԼՄ-ներից իմանում եմ 30 մլրդ դոլար փող են կերել, այ դրանցից սկսեք»:

Արաբոյի Մանվելն ասաց, որ հին իշխանությունները դիտմամբ էին ԵԿՄ-ի նախագահ դնում «անգրագետների» ու ասում թալանեք, որովհետեւ «մեջ-մեջ անելու բան կար». «Նրանք ուզում էին ազատամարտը ոչնչացնել, հետո ձեզ հասնեին, ինչը եղավ: Հասկացանք, Մանվել Գրիգորյանը Էջմիածնում է թալանել, Էրեբունիում է՞լ է Մանվելն արել, բա Էրեբունի՞ն ով է ավերել, Նորք-Մարա՞շն ով է ավերել, Հայաստանը վերջապես ո՞վ է ավերել, 1 մլն մարդ գաղթական դարձրել: Նրանցից թող սկսեին: Ես չեմ ասում փոքրերին չբռնել, բայց այդքան մեծ աղմուկ սարքե՞լ»:

Ըստ Մանվել Եղիազարյանի, վաղը, երբ կռիվ եղավ սահմանում ու կամավոր չլինի սահման գնացող՝ ոչ մեկին չմեղադրեք. «Ում խելքին ինչ փչի, մի հատ կայծ ա գցում ու հայերը սկսում են՝ դուք մեզ պետք չեք: Ձեր ժամանակն անցել է: Ինչպե՞ս կարող է զինվորի ժամանակն անցնի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930