Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԿՄ-ից 65 հոգու անդամությունը կասեցնելու են. Սուրիկ Խաչատրյանը նրանց մեջ չի մտնում, «կարգապահ ԵԿՄ-ական» է

Հունիս 25,2018 14:39

ԵԿՄ փոխնախագահ Համլետ Հայրապետյանն այսօր «Հայելի» ակումբում ասաց, որ ԵԿՄ-ն մաքրելու են: Հարցին՝ Մանվել Գրիգորյանի լիազորությունները կասեցրեցիք, բայց ձեր շարքերում էլի կան հնչեղ անուններ, մասնավորապես, Սուրիկ Խաչատրյանը, որը համակարգում է ամբողջ Սյունիքի մարզի ԵԿՄ կառույցը, հերթով բոլորի լիազորությունները կասեցնելո՞ւ եք՝ Համլետ Հայրապետյանը պատասխանեց. «Մենք երեկ էլ 65 հոգու անդամությունը կասեցնելու էինք»: Հարցին՝ ովքե՞ր են նրանք՝ կոռումպացվա՞ծ են, ո՞վ են՝ նա պատասխանեց, որ դատավոր չեն, կարգապահական խնդիրներն են նայում, թե որքան բացակայություն է ունեցել. «Ես հո դատավո՞ր չեմ, որ ասեմ՝ Խաչատրյան Սուրիկը հանցագործ է, հանե՞նք, ես էլ ձեր նման լսում եմ, որ 350 հոգանոց ցուցակ կա ու ամեն մեկը մի կուսակցության, կազմակերպության անդամ է: Հիմա մենք ենթադրենք, որ կոռումպացված է, հանե՞նք: Մենք զուտ կարգապահական խնդիրներ ենք նայում: Այն մարդիկ, որոնք պատահականորեն են ԵԿՄ վարչությունում հայտնվել, ԵԿՄ անդամ չեն, իրենց խնդրում ենք, որ բարեկամս, սա քո տեղը չէ»:

Մենք ճշտեցինք՝ Սուրիկ Խաչատրյանը 65 հոգու մեջ չի՞ մտնում՝ Հայրապետյանը պատասխանեց, որ ոչ. «Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ արդեն քանի տարի է՝ դատական գործեր են գնում, դե թող ապացուցեն հանցագործ է, մենք էլ հանենք, ինչի մասին է խոսքը: Էս երկրում դատարան կա, օրենք կա, կարգ ու կանոն կա»:

Նա ասաց, որ Սուրիկ Խաչատրյանը ԵԿՄ ակտիվ անդամներից է, պարտաճանաչ մասնակցում է, գալիս է: Բայց որ ԵԿՄ-ն մաքրվելու է՝ հաստատ:

Համլետ Հայրապետյանն իր չափորոշիչներն ունի, թե ով չպետք է լինի ԵԿՄ նախագահությունում: Ըստ նրա, ով ունի մի շարք սեփականության վկայականներ, կամ չունի, բայց մարդիկ գիտեն, որ ռեստորաններ, օբյեկտներ ունի՝ նրան չեն թողելու լինի համանախագահ: Մեր զարմանքին, որ ունեցվածքն ու ԵԿՄ համանախագահությունն ինչո՞ւ են իրար հետ հակասության մեջ մտնում, այսինքն, ով շատ ունեցվածք ունի, ինքն էլ թալանի մասնակի՞ց կարող է եղած լինել՝ Համլետ Հայրապետյանը պատասխանեց. «Դա կլինի իմ առաջարկը, ես չեմ ուզում, որ որեւէ վարչության անդամ, որեւէ համանախագահ խոցելի լինի, սա է խնդիրը, որպեսզի հետո չգաք հարցնեք՝ էս մարդը այսինչը ունի, ինչի՞ եք նրան դարձրել նախագահ, ես փորձում եմ ռիսկայնությունները նվազեցնել: Սա իմ առաջարկն է կարող է համագումարը չընդունի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930