Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Սաքունցը լրագրողներին կոչ է անում այցելել գեներալ Մանվելին

Հունիս 25,2018 14:32

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը կարծում է, որ հաջորդ տարի ՀՀ իշխանություններին լուրջ քննություն է սպասվում: Դա Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի ներկայացուցիչների այցն է Հայաստան: Այսօր այդ մասին իրավապաշտպանը խոսեց «Հոդված 3» ակումբում կազմակերպված փակ հաստատություններում խոշտանգումներին եւ առհասարակ մարդու իրավունքներին վերաբերվող հանրային քննարկման ժամանակ:

Կհաջողվի՞ ՀՀ-ի իշխանություններին այս կարճ ժամանակահատվածում բազմաթիվ խնդիրներ լուծել, ինչպե՞ս են նոր հնարավորություններն օգտագործվել տխուր պատկերը վերացնելու համար, որը կոմիտեի ներկայացուցիչները գրանցել են տարիներ շարունակ`Արթուր Սաքունցը չգիտի: Ժամանակը ցույց կտա:

Խոշտանգումների հարցերով հասարակական հանձնաժողովը, որի անդամ է նաեւ Արթուր Սաքունցի ղեկավարած Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, նախկինում բազմիցս է արծարծել ոստիկանական բաժանմունքներում խոշտանգումների քննության վերաբերյալ հարցերը: Խնդիրն այն է, որ ժամանակին դատաբժշկական փորձաքննություն չանցկացնելով, հետքերը պարզապես անհետանում են: Այդ հարցն, ըստ իրավապաշտպանի, այսօր էլ օրախնդիր է:

Ինչպես հայտնի է, ոստիկանական բաժանմունքներում շուրջօրյա տեսագրություն իրականացնելու փորձնական ծրագիր է նախատեսվում: Իրավապաշտպանին մտահոգում է այն, որ միջոցների բացակայության պատճառով ծրագիրը կարող է հետաձգվել:

Արթուր Սաքունցի ուշադրությունից դուրս չեն նաեւ բանտարկյալների մահվան կամ ինքնասպանության դեպքերը, ոչ ավանդական սեռական կողմնորոշման անձանց նկատմամբ ոտնձգությունների դեպքերը, 2008-ի մարտի 1-ի իրադարձությունների եւ լրագրողների դեմ հարձակումների դեպքերի լիարժեք հետաքննությունների անցկացումը:

«Ես հորդորում եմ լրագրողներին ակտիվ լինել, կալանավայրեր այցելել, հանդիպել կալանավորված անձանց հետ եւ ապահովել թափանցիկություն՝ փակ համակարգերում մարդու իրավունքների պաշտպանության մասով։ Կարելի է, օրինակ, դիմել Արդարադատության նախարարությանը, գնալ եւ հանդիպել գեներալ Մանվելի հետ, տեսնել՝ ինչպե՞ս է նրա նկատմամբ վերաբերմունքը, խոշտանգումների մասին լուրերը փարատել»,- ասաց նա։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930