«Նրանց մի մասն իր մարտական ընկերներն են եղել: Չեմ կարող ասել՝ իրենց արածն արդա՞ր էր, թե՞ ոչ…այո՝ զոհ է եղել…Պատիժ կրող պետք է լինի, դա միանշանակ է: Թե որքանով է արդարացված մյուսների ազատ արձակումը, չեմ կարող ասել: Նրանք ազատ են, բայց մեղադրանքը, միեւնույն է, կա»,-«Հենարան» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով վերջին օրերին «Սասնա ծռեր» զինված խմբի որոշ անդամների կալանքից ազատմանը, ասաց ԱՍԱԼԱ-ի մարտիկ Վազգեն Սիսլյանը: «Կարծում եմ՝ մինչ այս պահն ինչ կատարվում է՝ ճիշտ է»,-հավելեց ազատամարտիկը:
«Չեմ կարող իրենց արածը գնահատել, բայց չեմ կարող եւ քննադատել: Չեմ արդարացնում եղածը՝ չնայած այն փաստին, որ միշտ զենքով հարց լուծելու կողմնակից եմ եղել, երբ խաղաղ միջոցներ էլ չեն եղել»,-նկատեց Սիսլյանը:
«Գտնում եմ, որ պետությունն է մեղավոր, որ նման դեպքերի առիթ է տալիս: Ուրեմն, ինչ-որ խնդիր կա, չէ՞, որ այդ մարդիկ նման քայլի դիմեցին»,-նկատի ունենալով երկու տարի առաջ ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումը՝ ասաց Վազգեն Սիսլյանը: Հիշեցնենք, որ գնդի գրավման եւ դրան հաջորդած օրերին երեք ոստիկան է զոհվել: Սպանության մեղադրանք է առաջադրված խմբի անդամներից Արմեն Բիլյանին եւ Սմբատ Բարսեղյանին:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ