«Նախիջեւանի հատվածում ադրբեջանական զինված ուժերի կողմից որոշակի՝ հստակ գործողություն է իրականացվել, որը պետք է տարանջատենք օբյեկտիվ եւ սուբյեկտիվ բաղադրիչներով: Իրենք որոշ հատվածներում զորքերը առաջ էին բերել, բայց դրանում առկա էր նաեւ քարոզչական գործողություն»,-«Հենարան» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով օրերս Ադրբեջանի ԶՈՒ կողմից Նախիջեւանի հատվածում դիրքային առաջխաղացմանը, ասաց Razm.info մասնագիտացված կայքի վերլուծաբան, Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանը:
«Ադրբեջանի ՊՆ-ի տարածած տեսանյութում իրենք իբր վերահսկում են Երեւան-Լաչին ավտոմայրուղին, բայց իրականում այդպես չէ: Այն դիրքերը, որտեղից իրենք նկարել են այդ ճանապարհը, Երասխին մոտ տեղակայված դիրքեր են, որոնք վերջին տասը տարում չեն անցել Ադրբեջանին, այլ վաղուց է այդպես: Այդտեղ բարդ վերաբաժանումներ կան: Մեր դիրքերի մի մասը նայում է իրենց գյուղերին, իրենց դիրքերն էլ՝ մեր ճանապարհներին: Այն հատվածում, որտեղ իրենք առաջ են շարժվել, չզբաղեցված տարածքի հաշվին է դա տեղի ունեցել, այլ ոչ թե չեզոք գոտու կամ մեր դիրքերի հաշվին: Իրենք կրակակետեր են դրել այնպիսի կետերում, որոնք հայկական կողմի վերահսկողության ներքո են, ուստի այդ քայլը իրականում տրամաբանության տեսանկյունից հասկանալի չէ»,-նկատեց Տարոն Հովհաննիսյանը:
Փորձագետը հավելեց, որ Արենիի հատվածում հակառակորդը կարեւոր բարձունքում է տեղակայվել, որը կրկին դիտարկվում է հայկական կողմից, բայց որտեղից մայրուղին չի դիտարկվում: Տարոն Հովհաննիսյանի խոսքով՝ ադրբեջանական կողմն իրականում Երեւան-Լաչին մայրուղին չի վերահսկում, ինչպես իրենք են հայտարարում:
https://www.facebook.com/aravot.am/videos/2045423065476198/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ