Այսօր «Հայելի» ակումբում ազատամարտիկ Մանվել Եղիազարյանը՝ Արաբոյի Մանվելը քննադատեց, որ Մանվել Գրիգորյանի արածի շուրջ այսքան աղմուկ են բարձրացրել ու գլխավոր թալանողներին թողել, մարդիկ կան, որ «պախկվել են», նրանցից պետք է սկսել. «Պախկվողները ավելի շատ են թալանել, քան այդ 3-4 հոգին»:
Մեր հարցին՝ «պախկվող» ասելով՝ ո՞ւմ նկատի ունեք՝ Մանվել Եղիազարյանը պատասխանեց. «Ով թաքնվել է ու թալանել է, պատերազմ չի գնացել՝ հիմա մեծ-մեծ խոսում է»:
Հարցին՝ ԵԿՄ-ի ճակատագիրն ինչպե՞ս եք պատկերացնում՝ Մանվել Եղիազարյանը պատասխանեց. «Եթե մի բան արդեն պատվազրկված է, պարտադիր պետք է փոխել: Հասկանո՞ւմ եք, պատվազրկված է արդեն ԵԿՄ-ն: ԵԿՄ-ի անունը պատվազուրկ է դարձել: Մեր թաղում կան մարդիկ, որ ոչ պատերազմ են տեսել, ոչ մի բանից տեղյակ չեն, բայց ԵԿՄ-ի անդամ են ու մեծ-մեծ խոսում են: Դա էլ է մեզ վիրավորում, հասկանո՞ւմ եք: Ես կարծում եմ, որ անունը անպայման պետք է փոխել: Կլոր սեղանի շուրջ լինեն ասպետական խորհուրդ՝ 5-7 հոգի: Անունը մաքրելու համար ահագին ժամանակ է պետք, ասում են՝ անունը սարսափելի ազդեցություն է թողնում այդ մարդկանց վրա: Մտածելակերպը պետք է փոխվի այնուամենայնիվ, որովհետեւ ժողովուրդը էլ լավերին էլ չի հարգում, ազնիվ ազատամարտիկներին էլ չի հարգում»:
Մեր հարցին՝ այսինքն, մեկ-երկու հոգու համար Վազգեն Սարգսյանի ստեղծած կառույցը այդպես ջնջե՞ն, փակվի՞՝ Մանվել Եղիազարյանը պատասխանեց. «Թող լինի իրավահաջորդ, անունից հրաժարվել՝ չի նշանակում երեւույթից հրաժարվել: Ես տեսնում եմ անունը ինչ ծանր նստվածք է տվել, ինչ են խոսում այդ ԵԿՄ-ի անվան համար: Ես էլ ասում եմ՝ անունը փոխենք, ուրիշ բան դնենք…ԵԿՄ-ն ինչ էր դարձել, ասում էին՝ ով լավ ծափ չի տալիս, պետք է ԵԿՄ-ից հեռանա, եկեք ճիշտը խոսանք: Թողեցին, որ մարդիկ ավելի լկտիանան, ընտրություններ կեղծեն, ընտրությունների արկղերը գողանան, եկեք ճիշտը խոսանք, ինչի՞ համար ոստիկանությունը թողեց, որ գողանան, որ վարկաբեկեն»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ