Aravot.am- ը մշակույթի նախկին փոխնախարար Արեւ Սամուելյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է ՀՀԿ-ից դուրս գալու որոշում ընդունել:
«Դա իմ անձնական որոշումն է եղել, եւ այդ մասին որեւէ հատուկ մեկնաբանություն անելու կարիքը չեմ տեսնում: Պարզապես, երբ աշխատանքից դուրս եկա, նման որոշում կայացրի, որի տակ չարժի ոչինչ փնտրել:
Իմիջիայլոց, երբ ժամանակին նշանակվել եմ մշակույթի նախարարի տեղակալ, կուսակցական չեմ եղել, եւ պաշտոնավարումից միայն երկուսուկես տարի անց եմ ընդունվել ՀՀԿ-ի շարքերը: Մի խոսքով, ինչպես արդեն նշեցի, կուսակցական չեմ եղել, որ փոխնախարարի պաշտոն ստանամ»,-ասաց Արեւ Սամուելյանը:
«Ես հարգանքով եմ վերաբերվում բոլոր այն մարդկանց, որոնց հետ երբեւէ աշխատել եմ, եւ երբ ՀՀԿ-ից դուրս գալու դիմում ներկայացրի, պարոն Թադեւոսյանի (նկատի ունի ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանին-Գ.Հ.) հետ էինք խոսում, երկուսս էլ նկատեցինք, որ մշակույթի ոլորտը կուսակցականացված չի եղել, իրենք երբեք որեւէ հարցով մեզ չեն զանգել»,-հավելեց տիկին Սամուելյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ