«Հենց նոր ստացա գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի հայցն իմ դեմ: Պնդում է, որ իրեն զրպարտել եմ և պահանջում է 2 միլիոն դրամ փոխհատուցում»,- իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը՝ հավելելով. «Ես ոչ մեկին չեմ զրպարտել»:
Հիշեցնենք՝ հունիսի 12-ին Սամվել Հարությունյանի ԿԳՆ գիտության կոմիտեի վերանշանակման ժամանակ նա իր էջում գրել էր « Սա խայտառակություն է: Բոլոր գիտնականները գիտեն, որ այս մարդը կոռուպցիոներ է: Սամվել Հարությունյանը Հայաստանի գիտությունը խորապես քանդողներից է: … Անգամ արտերկրյա գրանտների հաստատման համար էր ատկատ ուզում:
Եվ Արայիկ Հարությունյանը չի ընդունել այն գիտնականին, ով պատրաստ էր պատմել, թե ինչպես (որքան, երբ ու ինչի համար) էր Սամվել Հարությունյանը անձամբ իրենից կաշառք ուզել:
Հ.Գ. Սամվել Հարությունյանը նախագահ Արմեն Սարգսյանի ընկերն է»:
Ի պատասխան՝ ԿԳ նախարարը մասնավորապես գրել էր. «Դանիել, խնդրում եմ շոուները մի կողմ դնես, վաղը բոլորին հրավիրի ինձ մոտ: Բայց Աստված չանի կոնկրետ օրինակներով չգան: Ու զգուշացրու, որ բոլոր փաստերով ներկայացնելու եմ ոստիկանություն»:
Սամվել Հարությունյանը «Հրապարակ» օրաթերթին տված հարցազրույցում նախապես ասել էր. «Մարդը եթե հայտարարություններ է անում, պետք է ստուգված հայտարարություններ անի, չի կարելի մարդուն վիրավորել այդ աստիճանի։ Թող գա՝ բոլորի աչքի առաջ ներողություն խնդրի եւ ասի, որ իրեն սխալ ինֆորմացիա են տվել եւ այլն եւ այլն, որովհետեւ նման բան չի եղել, եւ ինքն ապացույց չի կարող ունենալ, անհնար բան է»։ Նաեւ հայտնել էր, որ պահանջում է Իոաննիսյանից հրապարակային ներողություն խնդրել իրենից․ «Իսկ դրամական փոխհատուցում եթե ուզեմ, ապա իր տված գումարն ինձ պետք չէ, դա կփոխանցեմ որեւիցե որբանոցի»։
Լուսանկարը՝ Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան էջից