Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Հիմա ի՞նչ, Սեյրա՛ն, էլ Լիսկային ու մնացածներին չե՞ս պաշտպանելու»

Հունիս 25,2018 13:30

Ինչո՞ւ Մանվել Գրիգորյանը դարձավ «բոբո»

«2003-ին, նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ, երբ ես ԵԿՄ-ում տասնյակ մարդկանց ներկայությամբ Սեյրան Օհանյանին հարցրի` իսկ ինչո՞ւ էիր զինվորներին Ղարաբաղից բերում եւ Հայաստանում քվեարկել տալիս, նա մի պահ լռեց. ինքը մի քիչ ամոթ-աբուռ ունի, բայց աննամուս մի պատասխան տվեց, ասաց` «Ախր ինչի՞, Հովիկ, մենք ՀՀՇ-ի ժամանակ չէինք անո՞ւմ»: Ասում եմ` Սեյրան, էդ «քըխ»-ը՝ ՀՀՇ-ն չկա, բա դուք էդ ամենը պիտի շարունակե՞ք: Ոչ մի պատասխան չտվեց: Հեռացավ»,- «Առավոտի» հետ զրույցում տարիներ առաջ իր եւ այն ժամանակ ԼՂՀ ՊԲ հրամանատար Սեյրան Օհանյանի միջեւ եղած այս խոսակցությունը հիշեց «Ազատամարտիկների դաշինք» կազմակերպության խորհրդի անդամ, «Արաբկիր» երկրապահ ջոկատի հրամանատար, նախկին քաղբանտարկյալ Հովիկ Հարությունյանը: Անցյալի իրադարձությունները հիշելու առիթը վերջին օրերի անցուդարձն էր` ԵԿՄ նախագահ, Արցախի հերոս, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը եւ կալանավորումը:
Հիշեցնենք, ամսի 17-ին ԱԱԾ-ի իրականացրած հատուկ գործողության արդյունքում Մանվել Գրիգորյանի տան եւ առանձնատան պահեստներում հայտնաբերվել էին հսկայական քանակությամբ զենք եւ զինամթերք, մեքենաների հավաքածու, «զինվորի համար» մակնշումով պահածոներ, ապրիլյան քառօրյա պատերազմից հետո զինվորների համար տարբեր հիմնարկ-ձեռնարկությունների, դպրոցների աշակերտների կողմից հավաքված հագուստ, դեղորայք, զինվորներին ուղղված նամակներ:

Հովիկ Հարությունյանն ուշադիր հետեւել է Մանվել Գրիգորյանի շուրջ տեղի ունեցողի արձագանքներին, հատկապես ՀՀԿ-ականների եւ գեներալի մտերիմների արձագանքներին: Մանվել Գրիգորյանի ամենամտերիմ մարդու՝ մեկ այլ գեներալ Սեյրան Սարոյանի պաթոսով արձագանքները եւ հայտարարությունները մեր զրուցակցին ստիպում են նրան մի քանի հիշեցումներ անել եւ հարցեր ուղղել. «Սեյրան, դու նույն ձեւ պաշտպանում էիր Սեյրան Օհանյանին, պատերազմ էիր տալիս Զարուհու դեմ` քո ընկերներ շմայսներով, պատերազմում էիր Լիսկայի համար, մնացած բոլորի համար եւ` Մանվելի համար: Հիմա ասում ես` Մանվելը «քըխ» է: Հիմա ի՞նչ, Սեյրա՛ն, էլ Լիսկային ու մնացածներին չե՞ս պաշտպանելու: Ասում էր` իմ հավատը կորավ: Հիմա ՀՀԿ-ին չե՞ս պաշտպանում այլեւս: Մանվելով ավարտվե՞ց քո մոտ ազնվությունն ու ընկերությունը, թե՞ դեռ ունես պաշտպանելու մարդիկ»:

2003-ին էլ, հիմա էլ Հովիկ Հարությունյանը միեւնույն կարծիքին է. «Մեկ անգամ պետք է այս երկիրը փրկելու համար ասել ճշմարտությունը եւ անցնել կողքի: Չեմ ասում` պայքարել, ուղղակի ասել եւ մի կողմ անցնել»: Այս համատեքստում նկատում է. «Հիմա ուզում եք հանցագործ գտնեք: Ի՞նչ եք միայն Մանվելին բռնում: Դատախազը թող գա` ՀՀԿ-ականներից երկուսին վերցնի, մեկին թողնի, հետո մեկումեջ նրանց տանի ու էդպես: Մանվելը իրենից ոչինչ չներկայացնող, անլեզու-անբերան մարդ է: Այդ զենքի տեղն էլ իրենք շատ լավ գիտեին, գիտեին, որ Մանվելը լավ էլ զինված է, եւ այն, ինչ հայտնաբերել են, չնչին մասն է իր թալանածի: Բայց այսօր խնդիրը նրա թալանածն էլ չէ: Բոլորը քննադատում են Մանվելին. նա դարձավ այդպիսին, քանի որ նրան մեկը կամ մի ոհմակ թույլ տվեց դառնալ այդպիսին: Այդ մարդուն ասել են` դու ինչ ուզում ես` արա, դու անձեռնմխելի ես: Մանվելը, որ Սերժին ասում էր` չագուչն էլ է քո ձեռքը, մեխն էլ, Սերժը ժպտում էր, փոխարենն ասեր` սա երկիր է, ես էլ՝ երկրի նախագահ. ի՞նչ մեխ ու չագուչ, դու քեզնից ի՞նչ ես ներկայացնում, այ անտառաճանաչ: Ոչ, չարեցին, որովհետեւ իրենց զենքը Մանվելն էր: Սարքեցին բոբո… Իրենք Մանվելին օրորում էին, ասում էին` դու մեր գեներալն ես, դու չգիտես` դու Մաքսիմուսն ես, էդ տղան էլ մտածեց, որ դա այդպես է, ու գնաց կորավ: Ընկերներն էլ իր ետեւից ձեռքով արեցին»: Հովիկ Հարությունյանը համամիտ է` այս ուղտը մի օր այլոց դուռն էլ է չոքելու. «Դա ընդամենը ժամանակի խնդիր է: ՀՀԿ-ում բոլորը մանվելներ են»: Դիտարկմանը` մինչեւ ՀՀԿ-ի իշխանության գալն էլ Մանվել Գրիգորյանի «թուրն աջ ու ձախ էր կտրում», Հովիկ Հարությունյանը հակադարձում է. «Այո, ժամանակին նրան Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ, Վազգեն Սարգսյանն էլ… Վազգենը ֆիզիկապես չկա, ցավոք, նա այն ժամանակ արդեն հասկացել էր… չկա նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը, դուք էլի՞ շարունակելու եք»:

Ի դեպ, նա կարծում է, որ դատարանում Մանվել Գրիգորյանը պաշտպանվելու լուրջ հակափաստարկներ չի կարող ունենալ: Նաեւ հեգնում է` «պաշտպանվելու համար նախ պետք է բառամթերք ունենալ»:
Հովիկ Հարությունյանը շատ է բարկացած ՀՀԿ-ականների վրա, քանի որ կարծում է` «էս պետությունը դարձրել եք մանվելիզմով տառապողների երկիր, դուք հնարավորություններ եք տվել անօրինական գործողություններ անողներին, դուք բոլորին հանցագործ եք սարքել»: Ասում է՝ մինչ հեղափոխությունը Հայաստանն անցումային շրջանում էր, որտեղ բոլորն իրենց իրավունք էին վերապահել անցնելու` ով որտեղով կցանկանա եւ ինչպես կցանկանա, հիմա «դուք չկաք, անցել եք, ու մենք ունենք Հայաստանի Հանրապետություն, որտեղ այլ իրողություններ են»: Ասում է` ցանկանալու դեպքում էլ բոլոր խնդիրների լուծումները կգտնվեն: Կրկին անցյալն է հիշում. «2008-ին, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը պայքարում էր, մենք էլ նրա կողքին էինք, իսկ հաղթանակը «քթներիս տակ», ես հասկացա, որ պայքարելը, հաղթանակ ապահովելը հեշտ է, բայց որքա՜ն ժամանակ է պետք, որպեսզի կարողանանք երկիրը խելքի բերել: Հիմա այդ իմաստով ես Նիկոլին չեմ նախանձում: Ես մեզ էլ չեմ նախանձում»:

Նախօրեին ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, խոսելով Մանվել Գրիգորյանի եւ մնացյալ գեներալների մասին, ասաց` «նրանք բոլորը «տուզիկ» են եղել»: Հովիկ Հարությունյանը համամիտ է. «Այո, ես միշտ եմ ասել` միակ տղան եղել է Սամվել Բաբայանը»: Հիշեցմանը` ժամանակին Սամվել Բաբայանի տանն էլ ոսկիներ, թանկարժեք ու հազվագյուտ ադամանդներ, մեքենաների հավաքածու եւ մեծ գումար հայտնաբերեցին, Հովիկ Հարությունյանը հակադարձում է. «Թողնենք դա: Այդ առումով մենք ոչ ոքի չենք «պաչում` դնում գլխներիս»: Խնդիրն այն է, որ մարդուն անտեղի չի կարելի հերոսացնել: Բայց Սամվելը հերոս է, իրական հերոս: Միակ ռազմական գործիչը եւ տղամարդը, ումից Սամվել Բաբայանը քաշվում էր, Վազգեն Սարգսյանն էր: Վիտալի, Սեյրան Օհանյան, մյուսները` ո՞վ էին: Ոչ մեկ: Սամվել Բաբայանն ասեր` մեռեք, կմեռնեին, մեռնելուց լինեին, ասեր` մի մեռեք, չէին մեռնի»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ»

23.06.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930