Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Փաշինյանն անցել է օրենսդիր վարչական ռեսուրսի չարաշահմանը. «քաղաքական բարեգործները» վտանգված են

Հունիս 25,2018 13:00

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անցել է օրենսդիր վարչական ռեսուրսի չարաշահմանը: Չնայած խորհրդարանում Փաշինյանին սատարող ուժերը միասին մեծամասնություն չեն, այդուհանդերձ, վարչապետն օրենսդրական փոփոխություններով նախապատրաստվում է ընտրություններին: «Դրա միջազգային սահմանումն է՝ օրենսդիր վարչական ռեսուրսի չարաշահում, եւ այստեղ վատ բան չկա, այս պրակտիկան զարգացած երկրներում էլ են կիրառում»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը:

Շրջանառության մեջ է դրվել քաղաքական կուսակցությունների համար ոչ ցանկալի «Բարեգործության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին նախագիծը, որի դեմ «կրքոտ ըմբոստությամբ» ելույթներ ունեցան ԱԺ «Ծառուկյան» դաշինքի անդամները:

Նախագծով սահմանվում է. «Բարեգործական որակման ենթակա չէ շահառություն ենթադրող, կուսակցություններին եւ առեւտրային կազմակերպություններին (բացառությամբ առողջապահության բնագավառի կազմակերպությունների) դրամական եւ այլ միջոցների հատկացում ներառող կամ կազմակերպության՝ իր աշխատողների կամ իր առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի, կամ դրանց աշխատողների սպառողական պահանջմունքների բավարարման ծրագիրը: Բարեգործական որակման ենթակա չէ բարեգործական ծախսերի համար դրամական միջոցների ստացման՝ ապրանքների առուվաճառքի գործարք (դրամայնացում) ներառող ծրագիրը»:

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի տնօրեն Վարուժան Հոկտանյանն ասում է` այն տեսքով, ինչ տեսքով որ հիմա կա նախագիծը, վտանգավոր չէ «բարեգործ» կուսակցությունների համար: Բայց մտահոգություն կա, որ կուսակցություններին կամ քաղաքական գործիչներին ընդհանրապես կարգելվի բարեգործություն անելը: Իսկ այս բարեգործությունները՝ մուրաբա բաժանելը կամ թեկնածուի հիվանդանոցում անվճար բուժվելը, գումարով օգնելը, ուսման վարձ վճարելն ու այլ «լավությունները» մեր երկրում վաղուց դարձել են քվե «գնելու» միջոց: Բարեգործությունն էլ անում են կա՛մ ոչ իրենց անունից, կա՛մ իրենց հետ փոխկապակցված հիմնադրամի միջոցով:

«Ես ուսումնասիրել եմ շատ երկրների փորձը, որը նաեւ մեզ մոտ է կիրառվում, որպես կանոն՝ անխուսափելի երեւույթ է եւ շատ տարածված, երբ բարեգործությունն արվում է նախընտրական քարոզչության ժամանակ: Բայց հիմնական «բարեգործը» իշխող քաղաքական ուժն էր, որը նաեւ վարչական լծակներն էր չարաշահում, այդ բարեգործությունը համարվում է վարչական ռեսուրսի չարաշահում: Ուղղակի խնդիրն այն է, որ լինի դա իշխող, թե՝ ոչ իշխող քաղաքական ուժ, ոչ թե կուսակցությունն է անում բարեգործությունը, այլ ինչ-որ հիմնադրամներ են ստեղծում: Օրենքն այս իմաստով ուղղակի հստակեցնում է, բայց հիմա, եթե փոփոխություններն ընդունվեն, ապա եթե նախկինում դա անորոշ էր, ուղղակի զուտ էթիկայի նկատառումներից ելնելով, ասվում էր՝ ոչ, կուսակցությունների հետ կապված հիմնադրամները չպետք է բարեգործություն անեն, հիմա ավելի հստակեցվում է: Հստակեցման դեպքում խնդիր կառաջանա, թե՝ ինչո՞ւ եք այդ հիմնադրամը կապում կուսակցության հետ»:
Ըստ պարոն Հոկտանյանի՝ կա մի խնդիր, որն օրենքով չի կարգավորվում, կա «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամ, եւ կա «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն: Վարուժան Հոկտանյանն ասաց, որ բոլորն էլ գիտեն՝ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամն ու նրա բարեգործությունը միշտ եղել են, եւ մյուս կողմից՝ կա իր ղեկավարած կուսակցությունը. «Հիշենք Տիգրան Կարապետյանին: Նա էլ բարեգործություն էր անում ու ուներ իր կուսակցությունը: Սա աշխարհում ընդունված երեւույթ է՝ մեծահարուստները ունեն հիմնադրամներ, եւ ենթադրվում է, որ բարեգործությունից օգտվողները հետագայում կքվեարկեն այդ բարեգործի օգտին: Կարեւոր է՝ իրավական տեսակետից ընդունելի՞ է, թե՞ ոչ: Պետք չէ կարծել, որ եթե մարդիկ օգտվեցին այդ բարեգործությունից, հետո կմոռանան դրա մասին եւ ընտրություններին կքվեարկեն այլ քաղաքական ուժի օգտին»:

Հոկտանյանը սխալ է համարում քաղաքականությամբ զբաղվող անձին արգելել բարեգործություն անելը:

Պարոն Հոկտանյանի կարծիքով՝ օրենսդրական այս փոփոխություններով նախատեսված չէ արգելել քաղաքական գործչին բարեգործությամբ զբաղվել: Բայց նախագծով սահմանվում է, թե ո՞ր ծրագրերն են ենթակա բարեգործական որակմանը, եւ որոնք կարող են որակվել որպես հարկային արտոնություններ ստացող: «Այստեղ մտահոգություն կա, որ նույն իշխանությունները որոշեն թույլ չտալ դա որակել բարեգործություն: Միակ խնդիրը, որ կբերի սահմանափակման, դա նախընտրական ժամանակ բարեգործություն չարվի»,- ասաց Վարուժան Հոկտանյանը: Քանի որ այս նախագծով չափորոշիչներ չկան, թե ինչպես են որակելու բարեգործությունը, եւ որպեսզի կամայական որոշում չլինի, Հոկտանյանն ասաց, որ դա գուցե ենթաօրենսդրական ակտերով կարգավորվի: Պարոն Հոկտանյանի կարծիքով՝ պետք է օրենսդրությունում ավելացնել՝ նախընտրական շրջանում արգելվում է քաղաքական ուժերին, քաղաքական գործիչներին, այդ թվում նաեւ պետությանը կամ իշխանության ներկայացուցչին որեւէ տեսակի բարեգործություն իրականացնել: Այսպիսի դրույթ հատկապես կարեւոր է ներառել, քանի որ մեր երկրում ձեւավորվել է մի «ավանդույթ», երբ նախընտրական շրջանում դպրոց, մանկապարտեզ են բացում, ճանապարհ են ասֆալտապատում, շենքերի շքամուտքերն են նորոգում:

«Կարծում եմ՝ «Բարգավաճ Հայաստանի» մտահոգությունն է, որ հետո ընդհանրապես կարգելվի քաղաքականության հետ կապված մարդկանց զբաղվել բարեգործությամբ, բայց այդ դեպքում էլ Ծառուկյանը ֆորմալ դուրս կգա կուսակցությունից ու կսկսի բարեգործություն անել: Եվ օգնություն տան, կասեն՝ ԲՀԿ-ի օգտին կքվեարկեք: Բարեգործություն է անում նաեւ Սամվել Ալեքսանյանը: Եվ պետք չէ կարծել, թե եթե մարդուն օգնություն են տալիս, նա կարող է գնալ եւ այլ քաղաքական ուժի օգտին քվեարկել: Քանի դեռ մեր երկրում մարդկանց կենսամակարդակը չի բարելավվել, դա խնդիր է լինելու: Այնպես որ, կրկնեմ՝ ընդհանրապես արգելել բարեգործությունը ճիշտ չէ»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ»

23.06.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930