Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ցմահ ազատազրկված Արմեն Տեր-Սահակյանը հորդորել էր հրաժարվել հանձնուքներից, իսկ գումարն ուղարկել զինվորներին

Հունիս 25,2018 12:30

Հունիսի 6-ից անժամկետ հացադուլ է հայտարարել ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի գործով ցմահ ազատազրկման դատապարտված, արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող Արմեն Տեր-Սահակյանը: Վերջինիս հացադուլի պատճառը, ինչպես եւ տեղեկացրել էինք, կապված էր ցմահների վերաբերյալ կայացրած ՀՀ երկրորդ նախագահի չարաբաստիկ որոշման հետ:

Արմենը հացադուլի օրերին մատնվել է անտարբերության, ում նա պահանջել էր, որպեսզի այցելեն նրան, չեմ լսել հացադուլավորին: Հավանաբար, պատճառը այս օրերին հանրային ուշադրության կենտրոնում գտնվող ՊՆ նախկին փոխնախարար, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի շուրջ կատարվող իրադարձություններն են, նրա կալանավորումն ու հարուցված քրեական գործը:
Արմենը մեր հեռակա զրույցի ժամանակ ցավով հիշում է 2016թ. ապրիլյան օրերը, երբ տեղը չէր գտնում, եւ իր մի քայլով հորդորեց բոլոր ազատազրկվածներին հրաժարվել իրենց հանձնուքներից՝ գումարը փոխանցելով առաջնագիծ:

Ի դեպ, 2016թ. մայիսի 13-ի «Առավոտում» անդրադարձել էինք ազատազրկման վայրերում գտնվող դատապարտյալների հեռախոսազանգերին, նամակներին, որով նրանք խնդրում էին առաջնագիծ մեկնելու հնարավորություն ստեղծելու մասին, իրենց փորձն ու գիտելիքներն անմնացորդ հայրենիքին այդ դժվար օրերին տալու մասին: Նրանց մեջ կան զենքի փորձառու մասնագետներ, ազատամարտիկներ: Նշել էի ցմահ ազատազրկման դատապարտված Արմեն Տեր-Սահակյանի կողմից Արցախ՝ 80 000 դրամ գումար զինվորների օգնության նպատակով փոխանցելու մասին:


Այս օրերին ցմահ ազատազրկվածների, առհասարակ, հնչեղություն ստացած առանձին քրեական գործերի հետ կապված շոշափվում է նաեւ «Համընդհանուր համաներման» մասին առաջարկներ: Հիմնավորումները բազմաթիվ են: Մասնավորապես, իրավաբաններից մի քանիսն ասում են. «Եթե ընդունում ենք, որ իրավապահ եւ արդարադատության համակարգը հիմնականում սպասարկում էին իշխանությանը եւ ոչ թե արդարությանը կամ օրենքին (իսկ դա այսօր գերիշխող է ոչ միայն խոսակցություններում, այլեւ հնչում եւ հիմնավորվում է ամենաբարձր մակարդակով եւ ակնհայտ փաստերով), ապա հարուցված բոլոր գործերի մեծ մասը եղել են պատվիրված կամ գոնե համաձայնեցված բարձրագույն ղեկավարության հետ` այսինքն, հարուցվել են ոչ թե նրանց դեմ, ովքեր օրինախախտում են թույլ տվել, այլ նրանց, ովքեր ինչ-ինչ պատճառներով չեն բավարարել գործող իշխանությանը»: Հետեւաբար, նրանք, ովքեր հայտնվել են այդ համակարգի թիրախում, ակնհայտորեն նրանք են, ովքեր այս կամ այն ձեւի «ձեռք չեն տվել» գործող իշխանությանը կամ նրանց մերձավոր շրջապատին: Ըստ էության, այս դեպքերում խոսք չի կարող գնալ արդարության գործոնի մասին, որի վերականգնումը ցանկացած իշխանության, առավել եւս ժողովրդավարական հեղափոխության արդյունքում իշխանության եկած ուժի սուրբ պարտականությունն է:

«Ներկայացվածը միանշանակ պահանջում է իրականացնել նախադեպը չունեցող ընդգրկվածության համաներում, որը թերեւս ամբողջությամբ չի տարածվի միայն մարդու կյանքը խլած եւ դրան հավասարեցված հանցագործությունների վրա, որտեղ կա կոնկրետ անվերադարձ կորուստ եւ վստահություն, որ կատարողը հենց նա է, ում մեղադրում են»,-ասում է զրուցակիցս՝ իրավաբան Ա. Մարտիրոսյանը:
Իրավաբաններից շատերի դիտարկմամբ, օրենսգրքերը պետք է վաղուց արդեն փոփոխված եւ ընդունված լինեին, բայց իրականացվել են միայն կոսմետիկ փոփոխություններ (միգուցե լավն էլ դա էր) եւ հիմա հնարավոր է իրոք ռեալ եւ հիմնովին բարեփոխել՝ անկյունաքար դարձնելով մարդու իրավունքները:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

23.06.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930