Այսօր Ստրասբուրգում կմեկնարկի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանը: Հունիսի 25-29-ը Ստրասբուրգում անցկացվող նստաշրջանի օրակարգային հարցերից է նոր նախագահի ընտրությունը: Այն տեղի կունենա այսօր՝ Երևանի ժամանակով 13.30-ից սկսած:
Վեհաժողովը կհյուրընկալի Խորվաթիայի և Սլովակիայի վարչապետերին, Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարին: Խորվաթիայի փոխվարչապետ, ԱԳ նախարարը կներկայացնի ԵԽ նախարարների կոմիտեի գործունեությունը՝ որպես նախարարների կոմիտեի նախագահող:
ԵԽԽՎ նստաշրջանի օրակարգային հացերից են անդամ երկրներում մարդու իրավունքների պաշտպանների և այդ հարցերով զբաղվող կազմակերպությունների նկատմամբ սահմանափակումներն անդամ երկրներում՝ մասնավորապես Ադրբեջանում, Թուրքիայում ու Ռուսաստանում: Օրակարգային է նաև Սիրիայի հարևան երկրներում փախստականների մարդասիրական իրավիճակի խնդիրը:
Վեհաժողովը կքննարկի նաև Չեչնիայում ԼԳԲՏԻ համայնքի ներկայացուցիչների հետապնդման, մշակութային ժառանգության կանխամտածված ոչնչացման և տնտեսության մեջ կանանց դերի վերաբերյալ հարցեր։
Ամառային նստաշրջանի ընթացքում նախատեսվում է կազմակերպել նաև հրատապ քննարկում «ՌԴ-ում և օկուպացված Ղրիմում ուկրաինացի կալանավորների առողջության և կյանքի սպառնալիքները» հարցով։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ