Թուրքիայի բարձրագույն ընտրական հանձնաժողովը հայտարարել է գործող նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի հաղթանակի մասին, գրում է Meduza.io-ն:
Հանձնաժողովի նախագահ Սադի Գյուվենը հայտարարել է, որ քվեաթերթիկների 97.7%-ի հաշվարկով էրդողանը հավաքել է ընտրողների ձայների պարզ մեծամասնությունը։ Նա, սակայն, չի հստակեցրել՝ որքան ձայն է հավաքել Էրդողանը։
Ավելի վաղ «Անադոլու» կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ քվեաթերթիկների 99%-ի հաշվարկով Էրդողանն ուներ ձայների 52.6%-ը։
Էրդողանի գլխավոր հակառակորդը՝ Ժողովուրդների հանրապետական կուսակցության առաջնորդ Մուհարեմ Ինջեն հավաքել է ձայների 30.7%-ը։ Սա նշանակում է, որ ընտրությունների երկրորդ փուլ չի լինի։
Թուրքիայում նախագահական ընտրություններին զուգահեռ ընթանում էին նաև խորհրդարանական ընտրություններ։ Քվեաթերթիկների 99%-ի հաշվարկով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը հավաքել է ձայների 42%-ը։ Ընդդիմադիր կուսակցություններից Ժողովուրդների հանրապետական կուսակցությունը ստացել է ձայների մոտ 23%-ը: 10%-ի շեմը հաղթահարել և խորհրդարան է անցել նաև քրդամետ Ժողովուրդների ժողովրդավարական կուսակցությունը:
Բարձրագույն ընտրական հանձնաժողովը ընտրությունների պաշտոնական արդյունքները կհայտարարի հունիսի 29-ին։
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ