Լրահոս
Օրվա լրահոսը

«Բարև բարերար, ի՞նչղ ես»․ Գյումրու սրտում տեղադրվեց Քըրք Քըրքորյանի քայլող արձանը (Ֆոտաշարք և տեսանյութ)

Հունիս 24,2018 17:04

Այսօր Գյումրու Աբովյան ճեմափողոցում տեղադրվեց Հայաստանի ազգային հերոս, բարերար Քըրք Քըրքորյանի քայլող արձանը։ Ի դեպ, այս ճեմափողոցը ավագանու որոշմամբ երկու տարի առաջ կոչել էին հենց Քըրք Քըրքորյանի անվամբ, սակայն այն դեռ չի հաստատվել, մահից 5 տարի հետո միայն իրավունք ունենք անվանակոչության։

Մեծ բարերարի արձանը քանդակելու ու այն Գյումրու սրտում տեղադրելու նախաձեռնողն ամերիկաբնակ գյումրեցի Գրիգոր Բեդիրյանն է։ Նա բավական մեծ գումար է ծախսել արձանի  քանդակման վրա, սակայն համեստորեն լռում է՝ նշելով․ «Ի՞նչ կարևոր է, ինչքան եմ ծախսել»։ Քանդակագործը Արտուշ Պապոյանն է։

Արձանի բացումը վերածվեց իսկական տոնակատարության։ Մասնակցելու էին եկել ոչ միայն մեծ թվով գյումրեցիների, այլ ամերիկահայեր։

Այսպիսով` գյումրեցիները իրենց երախտիքի խոսքը ուղղեցին Քըրք Քըրքորյանին՝ հատ-հատ թվարկելով, թե ինչ բարեգործություններ է անել հայրենիքի ու մասնավորապես Գյումրու համար։ Սպիտակի երկրաշարժից տուժածներին օգնություն տրամադրելու նպատակով ամերիկահայ միլիարդատերը ստեղծել է «Լինսի» հիմնադրամը՝  Հայաստանի տնտեսության մեջ ներդնելով 220 միլիոն դոլարի նվիրատվություն։ Միայն 73 միլիոն ծախսել է ճանապարհաշինության վրա՝ վերանորոգելով  435 կիլոմետր պետական նշանակության ճանապարհներ։ 45 միլիոն դոլար էլ հատկացրել է երկրաշարժից ավերված բնակֆոնդի վերականգման համար՝ Շիրակի ու Լոռու մարզերում կառուցվելով  149 շենք՝ 3674 բնակարաններով։

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն էլ նշեց, որ 2800 բնակարան միայն Գյումրի քաղաքում է կառուցել։

Սամվել Բալասանյանը նաև ասաց, որ մեծ բարերարը հրաժարվում էր, թույլ չէր տալիս, որ  իր անունով փողոց անվանակոչեին, իր արձանը տեղադրեին։

«Քըրք Քըրքորյանը նոր զարգացում կբերի Գյումրիին», -հայտարարեց Սամվել Բալասանյանը՝ կարծիք հայտնելով, որ արձանը շատ գեղեցիկ է ստացվել։

Բարերար Գրիգոր Բեդիրյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ Քըրք Քըրքորյանի հետ հանդիպել է 1996 թվականին։ Երբ 1992 թվականին եկել է հայրենի քաղաք, տեսել է այն ավերակների մեջ, երկրորդ այցի ժամանակ՝ 1994 թվականին, զգալի փոփոխություններ է տեսել, ականատես է եղել, թե երկրաշարժից հետո ինչ գործեր են արվել Քըրք Քըրքորյանի շնորհիվ ու որոշել է անպայման նրա արձանը տեղադրել Գյումրիում՝ այսպես արտահայտելով իր երախտագիտությունը։  Նա համեստորեն ասաց ․«Իմ արածը մեծ բան չէ, թող երիտասարդները սովորեն երախտապարտ լինել»։

Գրիգոր Բեդիրյանը պատմեց, որ սա Քըրք Քըրքորյանի երկրորդ արձանն է, ինքը մի անգամ ԱՄՆ-ում քանդակել  է տվել ամերիկացի քանդակագործ Բրյուս Բերմուդեսին, բերել են Հայաստան ձուլելու, սակայն  Արտուշ Պապոյանի հեղինակած արձանը շատ ավելի դուր է եկել բոլորին։ Գրիգոր Բեդիրյանն ասաց, որ տեղական իշխանություններին խնդրել է թույլ տան հենց այս փողոցում տեղադրել արձանը։ «Ես ուզում էի ցույց տալ, որ այսպիսի հոյակապ մարդ ունենք մեր սրտի մեջ»,- ասաց ամերիկաբնակ գյումրեցին։

Քանդակագործ Արտուշ Պապոյանն էլ նշեց, որ ինքը մանրամասն ուսումնասիրել է Քըրք Քըրքորյանի լուսանկարները, տեսանյութերը, որ կարողանա արձանը քանդակել։ Քանդակագործը նշեց, որ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը  վաղուց իր հետ զրուցել էր Քըրք Քըրքորյանի արձանը քանդակելու շուրջ, ինքն էլ էսքիզն արել էր, բայց քանի մեծ բարերարը չէր ցանկացել իր արձանը տեղադրվի, այն ժամանակ գաղափարը մնացել էր կիսաճանապարհին։ Քանդակագործն ասաց, երբ բարերար Գրիգոր Բեդիրյանը իրեն դիմել է  արձանը քանդակելու, ինքը ցուցադրել է իր էսքիզը՝ իհարկե, որոշակի փոփոխությունների ենթարկելով։

Նշենք, որ արձանը տեղադրելուց հետո գյումրեցիները մոտենում էին, ուսումնասիրում, լուսանկարվում։ Նրան առաջին ողջունողը տարեց մի տղամարդ էր․ հանդիսավոր արարողության ավարտից հետո նա անմիջապես  մոտեցավ արձանին՝ ասելով․ «Բարև բարերար, ի՞նչղ ես»։ Մեզ մի պահ թվաց, թե տղամարդու խոսքը ոչ թե  արձանին է ուղղված, այլ կենդանի մարդու։ Ի դեպ, Քըրք Քըրքորյանին քայլելով քանդակելով՝  գյումրեցիներն ուզում են ասել, որ նա մեզանից մեկն է, մեր հետ է, մեր մեջ է, և որ առաջ գնալու համար ոչ թե տեղում պետք է դոփել, այլ պարտադիր քայլ անել։

https://www.youtube.com/watch?v=rkoicwWpg-c&feature=youtu.be

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    «Քոչարեանը ճիշտ էր. ես սխալուեցի»
    Լեւոն Բարսեղեան, Գիւմրիի «Ասպարէզ» … (մնացածը չեմ յիշում):
    – – –
    Բա չէ՞ որ էս ամբողջ բարերարութիւնը նրա օրօք է եղել 🙂

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930