«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հ/կ նախագահ Խաչիկ Արսյանը երեկ «Հայոց Արծիվներ, Միասնական Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարում իր ծրագրային ելույթում նշեց, որ մոխիր են դարձնելու կոռուպցիան:
Դրանից հետո մամուլում տեղեկություն տարածվեց, թե իրավապահ մարմինները բացահայտել են, որ Կապանում «Հուսո Երիցուկ» հ/կ-ն վեց միլիոն դրամի յուրացում է կատարել, ընթանում է նախաքննություն եւ որ այդ հ/կ նախագահ Գրիգորի Հարությունյանը «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հ/կ անդամ է եւ ջերմ հարաբերություններ ունի Խաչիկ Ասրյանի հետ:
Aravot.am-ը Խաչիկ Ասրյանից ճշտեց տեղեկության իսկությունը: «Դա ապատեղեկատվություն է: Գրիգորի Հարությունյանը 2002 թվականից մինչեւ 2010 թվականի հունվարի 27-ը եղել է «Սյունյաց Արծիվներ» երիտասարդական հասարակական կազմակերպության 8100 անդամներից մեկը:
2010 թվականի հունվարի 27-ին ես Երեւան քաղաքում հիմնադրել եմ «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը, եւ այդ օրվանից մինչեւ այսօր Գրիգորի Հարությունյանը ոչ մի կապ չի ունեցել եւ չունի «Հայոց Արծիվներ» կազմակերպության, առավել եւս՝ իմ հետ: Այս տարիների ընթացքում Կապան քաղաք իմ բազմաթիվ այցելությունների ժամանակ ես նրան տեսել եմ ընդամենը մեկ, թե երկու անգամ եւ մոտավորապես մեկ տարի առաջ եմ լսել, որ նա Կապանում ինչ-որ հասարակական կազմակերպություն է ստեղծել», – ասաց Խաչիկ Ասրյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ