Հունիսի 24-ին Թուրքիայում սկսվել են արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրություններ, որոնց միջոցով ընտրողները կորոշեն երկրի ճակատագիրը: Դրանից բացի, ընտրությունների արդյունքը վճռական նշանակություն կունենա երկրի գործող նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի համար: Մի մարդուց, որը Թուրքիան դարձրեց տնտեսական խոշոր տարածաշրջանային տերություն՝ կողմնորոշված դեպի Եվրոպան, Էրդողանը վերջին մի քանի տարիներին վերածվել է ավտորիտար քաղաքական գործչի, որի գործողությունները գնալով ավելի շատ են քննադատության և դժգոհությունների տեղիք տալիս, գրում է գերմանական Deutsche Welle-ն:
Թուրքական հասարակությունը, որը պատմականորեն բաղկացած է տարբեր էթնիկ և կրոնական խմբերից, բաժանված է երկու ճամբարների՝ Էրդողանի համախոհներ և նրա քննադատներ: Թուրքիայում ձայնի իրավունք ունի մոտ 60 մլն մարդ, և վերջին հարցումները ցույց են տալիս, որ ընտրողների մոտ կեսն աջակցում է արդեն 16 տարի իշխանությունն իր ձեռքում կենտրոնացրած Էրդողանին և նրա «Արդարություն և զարգացում» կուսակցությանը (ԱԶԿ): Մյուս 50 տոկոսը հանդես է գալիս այլ կուսակցությունների օգտին՝ ցանկանալով վերջ տալ գործող նախագահի իշխանությանը: Ինչպե՞ս կլուծվի այս փակուղային իրավիճակը:
Էրդողանը չի ցանկանում կիսել լիազորությունները
Վերջին մեկ տասնամյակում Էրդողանին հաջողվել է իր ճանապարհից հեռացնել բոլոր հնարավոր մրցակիցներին՝ լրջորեն ամրապնդելով իր դիրքերը: Թուրքիայի նախագահի նպատակն է այսօրվա ընտրություններում ստանալ վերահսկողություն իշխանության օրենսդիր, դատական և գործադիր ճյուղերի վրա:
Էրդողանը պատրաստվում է երկրում մտցնել կառավարման նախագահական կարգ: Այդ նպատակով նա 2017թ. Թուրքիայում անցկացրեց սահմանադրական փոփոխությունների հանրաքվե: Էրդողանն ամեն առիթով գովերգում է իր այդ ծրագիրը, որը նախատեսում է կառավարության աշխատանքների լիազորությունների (այդ թվում նախարարների նշանակում) փոխանցում խորհրդարանից նախագահին: Նույնը վերաբերում է նաև հատուկ ծառայություններին և բանակին:
«Հունիսի 24-ի ընտրությունները կփոխեն Թուրքիայի ճակատագիրը»,- Deutsche Welle-ի հետ զրույցում ասում է Թուրքիայում գործող KONDA սոցիոլոգիական ինստիտուտի հիմնադիր Թարհան Էրդենը: Նրա խոսքով՝ կառավարման նոր կարգը մեկ մարդու գլխավորությամբ, գործում է արդեն 4 տարի, իսկ ընտրությունները պարզապես դա կամրապնդեն իրավական դաշտում:
Թուրքական ընդդիմության վերելքը
Էրդողանը, որը վերջին 16 տարիներին չի պարտվել ոչ մի ընտրություններում, առաջին անգամ կարող է բախվել լրջագույն խոչընդոտների:
Մինչ Էրդողանի կուսակցությունն այսպես կոչված «Ժողովրդական դաշինք» է կազմել Ազգայնական շարժման կուսակցության հետ, ընդդիմադիր կուսակցությունները նույնպես միավորվել են. «Ազգային դաշինքի» մեջ են մտել Ժողովրդահանրապետական կուսակցությունը (ԺՀԿ), Բարօրության կուսակցությունը և Լավ կուսակցությունը: ԺՀԿ նախագահի թեկնածու Մուհարեմ Ինջեի բարձր վարկանիշը գործող նախագահի ընդդիմադիրներին հույս է ներշնչում, որ Էրդողանը չի ընտրվի առաջին փուլում:
Ընտրություններում որոշակի դերակատարություն կարող է ունենալ նաև քրդամետ Ժողովուրդների ժողովրդավարական կուսակցությունը (ԺԺԿ): Իշխող կուսակցությունը նրան համարում է արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության քաղաքական ներկայացուցիչ: ԺԺԿ հազարավոր անդամներ Էրդողանի կարգադրությամբ անցած տարիներին հայտնվել են ճաղերի ետևում:
ԺԺԿ նախագահի թեկնածու Սալահեդդին Դեմիրթաշն իր քարոզարշավը վարում է բանտից: Նա առանձնահատուկ աջակցություն է վայելում ոչ միայն քրդերի, այլև ձախական թուրքերի շրջանում: Եթե ԺԺԿ-ին հաջողվի հայտնել խորհրդարանում, կուսակցությունը կհաստատվի թուրքական քաղաքական լանդշաֆտում:
Բայց եթե երկու դաշինքների համար էլ անհրաժեշտություն չկա հավաքել ձայների առնվազն 10 տոկոսը, ապա ԺԺԿ-ն ստիպված կլինի հաղթահարել այդ արգելքը: Նախորդ երկու ընտրություններում կուսակցությանը դա հաջողվել է: Արդյո՞ք այդպես կլինի նաև այս անգամ: Ընդդիմությանը դա անհանգստացնում է. եթե ԺԺԿ-ն չանցնի խորհրդարան, ապա 60-70 մանդատ կանցնի իշխող ԱԶԿ-ին, որն այս պարագայում կստանա ճնշող մեծամասնություն:
Արդյո՞ք Թուրքիան ետ կշրջվի ավտորիտար ուղուց
Ընտրությունների կարևոր ասպեկտ է քրդական հիմնահարցը: Ընտրությունների արդյունքում պարզ կդառնա՝ արդյոք իշխանությունները ճանաչում են ԺԺԿ-ն որպես օրինական ուժ: «Եթե Մուհարեմ Ինջեն դուրս գա երկրորդ փուլ, կարող է սկսվել քաղաքական քննարկում, որի շրջանակում քրդերը դարձյալ կդիտարկվեն որպես իշխանության մաս: Դա նշանակում է, որ հունիսի 24-ին մարդիկ կքվեարկեն ոչ միայն ժողովրդավարության, այլև նրա համար՝ արդյոք քրդական հարցով զբաղվող քաղաքական գործիչները այսուհետ էլ կմնան պաշտոնական իշխանությունից դուրս»,- ասում է Ստամբուլի Շեհիր համալսարանի սոցիոլոգիայի դասախոս, պրոֆեսոր Մեսութ Եգենը:
«Թուրքիայի քաղաքացիները կորոշեն՝ արդյոք կամրապնդվի ավտորիտար վարչակարգը: Այդ ճանապարհով մեր երկիրը գնում է արդեն մի քանի տարի: Բայց հունիսի 24-ի ընտրությունները լավ հնարավորություն կդառնան հետ դառնալ այդ ճանապարհից»,- հավելում է պրոֆեսորը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ