Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլից ավելի Նիկոլ

Հունիս 24,2018 12:00

Երբ ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոտքով և ընդամենը մի քանի հոգու ուղեկցությամբ սկսեց իր հեղափոխությունը, ոչ միայն ժողովուրդը, այլև «Ելք» դաշինքից շատերը չէին հավատում, որ Փաշինյանն ու իր մի քանի հոգին հաջողության կհասնեն: Ընդամենը մի քանի օր էր պահանջվում, որ բոլորն իրենց կարծիքները փոխեին: Ամենավերջում իրենց կարծիքները փոխեցին «Ելք» դաշինքի այն ներկայացուցիչները, ովքեր կտրականապես դեմ էին Նիկոլի սկսած «փողոցային» պայքարին:

Բայց հիմա Նիկոլից շատ ավելի հեղափոխական են: Էս ասածս վերաբերում է ոչ միայն «Ելքի» այն անդամներին, ովքեր սկզբնական շրջանում դեմ էին Նիկոլի սկսած «փողոցային» պայքարին, այլև նրանց, ում վարչապետը կառավարությունում բարձր պաշտոնների նշանակեց: Անճանաչելի է հատկապես Վալերի Օսիպյանը: Նա ոչ միայն հանդես է գալիս որպես ոստիկանապետ, այլև, հարկ եղած կամ հարկ չեղած դեպքերում, հանդես է գալիս նաև՝ որպես հեղափոխության երդվյալ գաղափարակից: Կարելի է կարծել, որ ամբողջ հեղափոխության ընթացքում անձամբ Վալերի Օսիպյանն է պայքարել անձամբ Վալերի Օսիպյանի դեմ: Նիկոլից ավելի Նիկոլ են ներկայանում հատկապես Կրթության և Սփյուռքի նախարարները, ովքեր առայժմ ոչինչ չեն արել՝ իրենց նախորդներին քննադատելուց բացի: Չնայած վարչապետ Փաշինյանը բազմիցս է հայտարարել, որ Հայաստանում ատելության էջը փակված է և վենդետա չի լինելու, այդուհանդերձ, Փաշինյանի համակիրներից ու հեղափոխականներից շատերը վենդետայի անզուսպ սպասման մեջ են: Շատերը վենդետայի ավելի են սպասում, քան՝ լավ կյանքի: Կարճ ասած, սիրո ու թավշյա հեղափոխությունից հետո հատկապես սիրո կարիք է զգացվում: Ընդ որում՝ փոխադարձ սիրո: Ասում եմ՝ փոխադարձ, որովհետև պաշտոնանկ ու իշխանաթող հանրապետականներն էլ նոր իշխանության ու անձամբ Նիկոլի հանդեպ են հնարավորինս անհանդուրժող, բայց նախկինների այս անհանդուրժողականությունը չարժե չարիք համարել, մանավանդ որ՝ նրանք հարկ եղած դեպքերում բավարար ձայներով ապավինում են Փաշինյանի իշխանությանը, և ընդհանրապես՝ ապահովում են ընդդիմության գոյությունը, և չնայած հեղափոխականներն ու նոր իշխանավորները հանրապետականներին ոչ թե ընդդիմություն են համարում, այլ՝ հակառակորդ ու թշնամի, այդուհանդերձ, պիտի իրենք ու բոլորս գիտակցենք ու ընդունենք, որ, այնուամենայնիվ, ընդդիմությունն անհրաժեշտություն է, և, այս պահի դրությամբ, ուզենք թե չուզենք, պոտենցիալ ընդդիմադիրները հանրապետականներն են , քանի որ արդեն պարզից էլ պարզ է, որ ծառուկյանականներն ու դաշնակցականներն ի վիճակի չեն ու տրամադրված էլ չեն հանդիսանալ նոր իշխանություններին ընդդիմադիր: Մինչդեռ աշխարհը, որ կարծես լիովին ընդունել ու ճանաչել է Նիկոլին ու Նիկոլի հեղափոխությունը, պիտի Նիկոլ Փաշինյանից ակնկալի, որ վերջինս, որպես իշխանապետ, հանդուրժողականություն հանդես բերի ընդդիմության հանդեպ: Բայց որպեսզի հանդուրժողականություն հանդես բերի, նախ պիտի ընդդիմություն ունենա:

Հիմա շատերն են խոսում Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների մասին: Կարծում եմ՝ եթե հիմա, հենց այս պահին Հայաստանում Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ անցկացվեն, Նիկոլ Փաշինյանն ու իր կուսակցությունն առնվազն ութսուն տոկոս ձայներ կհավաքեն և, փաստորեն, Ազգային ժողովում ռեալ ընդդիմություն չեն ունենա, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ մնացած քսան տոկոս ձայներն էլ հավանաբար բաժին կհասնեն քաղաքական ուժերից նրանց, ովքեր համակրում են Փաշինյանին: Ընդ որում՝ այս ասածս տեղի կունենա առանց ընտրակեղծիքների: Դժվարանում եմ ասել, թե ինչ կլինի, եթե արտահերթ ընտրությունները տեղի ունենան մեկ տարի հետո:

Եթե այնպես ստացվի, որ Ազգային ժողովում հանրապետականներ չլինեն, դժվարանում եմ ասել, թե այդ դեպքում ովքեր կհանդիսանան Ազգային ժողովի ընդդիմությունը: Համենայն դեպս, չեմ կարծում թե՝ ընդդիմություն կլինեն ծառուկյանականները, որոնցից շատերն այս պահի դրությամբ ավելի հեղափոխական ու Նիկոլական են, քան նույնիսկ՝ «Ելք» դաշինքի պատգամավորները: Նիկոլից ավելի Նիկոլական են նաև նրա նորանշանակ պաշտոնյաներն ու նախարարները՝ հատկապես ու առանձնապես Կրթության ու Սփյուռքի նախարարները: Ինչ վերաբերում է Մշակույթի նախարարին, նա ոչ թե հեղափոխական է, այլ՝ ինքը հեղափոխությունն է:

Ասում ենք Նիկոլից ավելի Նիկոլական, որովհետև վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր կազմակերպած ու առաջնորդած հեղափոխությունից հետո, կարելի է ասել, շատ հարցերում ավելի պահպանողական է, քան հեղափոխական՝ թե′ աշխարհաքաղաքական հարցերում, թե′ ճանապարհների փակման և երթևեկության կանոնների խստիվ պահպանման հարցերում, և թե′ նույնիսկ Արցախի հարցում և այլն: Արցախի հարցը նշում ենք, նկատի ունենալով, որ եթե Արցախում ծայր առած «հեղափոխության» հարցում վարչապետ Փաշինյանի միջամտությունը չլիներ, կարող էր անկանխատեսելի ու տհաճ շարունակություն լինել:

Կարևորն այն է, որ Փաշինյանի «պահպանողականությանն» ըմբռնումով են վերաբերվում նույնիսկ ամենահեղափոխականները: Սա ևս մի անգամ վկայում է, որ նրանք անվերապահորեն են հավատում իրենց առաջնորդին ու ընտրյալին:

ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Nara says:

    Երևի թե Փաշինյանը կարիք կունենա վերապատրաստման կուրսեր անցկացնել իր կադրերի հետ, թե չե «խեղճերը »շատ բարդ իրավիճակում են հայտնվել. հին իրականություն vs նոր մտածելակերպ. 😀😀😀

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930