Հանրապետության հրապարակից այսօր կայացավ քաղաքացիների քայլերթ դեպի Ազատության հրապարակ՝ ի աջակցություն ՀՀ կառավարությանը՝ հանցագործության և կոռուպցիայի դեմ պայքարում: «Այս կերպ աջակցություն ենք հայտնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Ազգային անվտանգության ծառայությանը՝ կոռուպցիայի դեմ պայքարում: Վերջին տարիներին կառավարության եւ ԱԱԾ-ի հանդեպ վստահություն չկար, իսկ այսօր թալանը եւ կոռուպցիան աստիճանաբար բացահայտվում են»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց երթի կազմակերպիչ, նախկին օդաչու, «Հայկական ավիաուղիներ» ընկերության արհմիությունների նախկին նախագահ Արտաշես Եփրեմյանը:
Նա տեղեկացրեց, որ երթի գաղափարն առաջացել է ԵԿՄ նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի պահեստներում ԱԱԾ-ի աղմկոտ բացահայտումներից հետո. «Այո, Մանվելը հերոս է, երկրապահները կռվել են երկրի համար, բան չենք ասում, բայց դա չի նշանակում, որ ինչ ուզեն՝ կարող են անել: Տասնյակ տարիների թալանին պետք է վերջ տալ»:
Նա նաեւ նշեց՝ նախկին օդաչուները հույս ունեն, որ ՀՀ նոր կառավարությունն ուշադրություն կդարձնի քաղաքացիական ավիացիայի խնդիրներին:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ