Հունիսի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը աշխատանքային այցով եղել է ՀՀ Գեղարքունիքի և Տավուշի մարզերում։
Պաշտպանության նախարարի այցը մեկնարկել է Վարդենիս քաղաքից: Դավիթ Տոնոյանը տեղում ծանոթացել է կայազորային հոսպիտալի և քաղաքային հիվանդանոցի շենքային պայմաններին, մատուցվող բժշկական ծառայություններին ու բուժհաստատությունների կարիքներին: Կայազորային հոսպիտալի և քաղաքային հիվանդանոցի բուժանձնակազմի հետ քննարկվել են երկու հաստատությունների համատեղ ու ներդաշնակ աշխատանքը համակարգելու և բուժսպասարկման որակը բարձրացնելու համար անհրաժեշտ քայլերը:
Տավուշի մարզում պաշտպանական գերատեսչության ղեկավարը ծանոթացել է Բերդ քաղաքի զինվորական հոսպիտալի և քաղաքային հիվանդանոցի շենքային պայմաններին և մատուցվող ծառայություններին, քննարկել գործառույթների համադրման մեխանիզմները և բուժսպասարկման արդյունավետության բարձրացման հետ կապված խնդիրներ:
Շրջայցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը զորամիավորման հրամանատարության ուղեկցությամբ այցելել է հյուսիսարևելյան սահմանագոտում տեղակայված մարտական հենակետեր, տեղում ծանոթացել օպերատիվ իրավիճակին, մարտական հերթապահության կրման պայմաններին, անձնակազմի բարոյահոգեբանական վիճակին, ինժեներական կառույցների հուսալիությանը, սննդի ապահովման խնդիրներին և տվել համապատասխան հանձնարարականներ: Դավիթ Տոնոյանը խրախուսել է դիրքապահ զինծառայողներին և մաղթել խաղաղ ու անվտանգ ծառայություն:
ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն