«Հայոց արծիվներ. Միասնական Հայաստան» նորաստեղծ կուսակցության նախագահ, «Հայոց արծիվներ» հայրենասիրական հ/կ հիմնադիր, նախկին ՀՀԿ-ական, Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախկին նախարար Խաչիկ Ասրյանը չի հստակեցնում, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ նրա քաղաքական թիմի հետ գործակցության ինչպիսի եզրեր է տեսնում: Առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել պատրաստվող կուսակցության այսօրվա հիմնադիր-համագումարում լրագրողների հետ զրույցում նա նշեց. «Այս պահին ոչինչ չեմ կարող ասել ոչ Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմի, ոչ էլ այլ քաղաքական ուժերի հետ գործակցության մասին: Շուտով մեր կուսակցության նախագահության անդամներով կորոշենք, թե ում հետ ենք գործակցելու»:
Լրագրողները հարցրին՝ հնարավո՞ր է ընտրություններում հավաքած ձայները ՀՀԿ-ին «տրվեն»: Ասրյանը վստահեցրեց. «Բացառվում է, որ որոշակի ձայներ ստանալու դեպքում դրանց պատասխանատուն այլ ուժեր լինեն: Ժողովրդի ձայների պատասխանատուն բացառապես մենք ենք լինելու»: Հետաքրքրվեցինք՝ ՀՀԿ-ի հետ ընտրություններում գործակցությունը որքանո՞վ է հնարավոր: Խաչիկ Ասրյանը պատասխանեց. «Այն կուսակցությունները, որոնք կմասնակցեն եւ կփորձեն գործակցել մեր հետ, բնականաբար, այդ որոշումը միայնակ չի լինի: Երբ հստակ որոշումներ ունենանք, կտեղեկացնենք»:
Խաչիկ Ասրյանը նաեւ նշեց՝ տեղյակ չէ՝ Սերժ Սարգսյանը գիտի՞, որ ինքը կուսակցություն է հիմնում. «ՀՀ երրորդ նախագահի հետ վերջին անգամ հանդիպել եմ 2017թ. փետրվարի 7-ին»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ