Վերջերս ՀՀԿ-ից դուրս եկած Խաչիկ Ասրյանը կարծիք չի հայտնում Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելու մասին եւ ասում է, որ կարծիք հայտնողը հայ ժողովուրդն է: «Այդ կարծիքը ժողովուրդը կհաստատի առաջիկա ԱԺ ընտրությունների ժամանակ»,-ասում է նա:
Հիշեցնենք, որ այսօրվա համագումարով նրա ղեկավարած «Հայոց արծիվներ» հայրենասիրական հ/կ-ն դառնում է «Հայոց արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցություն, որն առաջիկայում մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին:
Ինչ վերաբերում է մայիսի 23-ին Սերժ Սարգսյանի հրաժարականին, Խաչիկ Ասրյանը հայտարարեց. «Նա հրաժարական տվեց բոլորիս համար անհայտ պատճառներով»:
Որոշ ասեկոսեների առնչությամբ էլ Ասրյանը հարցադրում արեց. «Ինչո՞ւ է ոմանց թվում, թե «Հայոց արծիվները» կարող են կապ ունենալ ՀՀԿ-ի եւ Սերժ Սարգսյանի հետ. ի՞նչ է, վա՞տ է որ Ասրյանը հավատարիմ է հայոց բանակին եւ իր առաքելությանը»:
https://www.facebook.com/aravot.am/videos/2041960219155816/
Հայաստանյան վերջին ներքաղաքական իրադարձություններն էլ Ասրյանն անվանեց ոչ թե «թավշյա հեղափոխություն», այլ «թավշյա իշխանափոխություն». «Գործող իշխանության հաջողության դափնիները պատկանում են գործող իշխանությանը, բայց նրան է պատկանում նաեւ ձախողման սեւ ժապավենը: Աստված տա, որ գործող իշխանությունը միայն հաջողության դափնիներ ունենա»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ