Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօրվա համագումարով «Հայոց արծիվներ» հայրենասիրական հ/կ-ն դառնում է «Հայոց արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցություն, որն առաջիկայում մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին: «Հայոց արծիվներ»-ի հիմնադիր, վերջերս Սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարարի պաշտոնից հրաժարական տված Խաչիկ Ասրյանը ելույթում անդրադարձավ իր եւ ՀՀԿ-ի հարաբերություններին: Նա նախ շնորհակալություն հայտնեց ՀՀԿ-ին, լուսահոգի վարչապետ Անդրանիկ Մարգարյանին եւ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանին, որ վերջին տասնհինգ տարում իրեն հնարավորություն են տվել ռազմահայրենասիրական- հասարակական գործունեությանը զուգահեռ՝ քաղաքական դաշտում դրսեւորել ազգային գործունեություն:
https://www.facebook.com/aravot.am/videos/2041960219155816/
«Մայիսի մեկին ԱԺ-ում վարչապետի ընտրության ժամանակ ՀՀԿ-ն իրեն շատ ճիշտ պահեց, իսկ մայիսի ութի քվեարկութունից հետո ՀՀԿ-ում տեսա պարտվողականություն, որն ինձ հոգեհարազատ չէ եւ խորթ է»,-դառնալով այն փաստին, որ ինքը դուրս է եկել նաեւ ՀՀԿ-ից, ասաց Խաչիկ Ասրյանը:
Նրա խոսքով՝ իր եւ ՀՀԿ-ի, ասել է թե՝ նախկին իշխանությունների միջեւ տարաձայնությունն ավելի շուտ էին ծագել՝ հայոց պետականության գործում ՀՀԿ-ի, Ասրյանի բնորոշմամբ, կադրային խայտառակ քաղաքականության պատճառով. «Այդ տարաձայնություններն ավելի խորացան, երբ նախկին իշխանությունն ամիսներ առաջ վավերացրեց Եվրամիության հետ գործընկերության համաձայնագիրը: Այդ ժամանակ վերջնականապես համոզվեցի, որ ՀՀԿ-ի արտաքին քաղաքականությունն ամբողջությամբ կազմված է «եւ-եւ»-ի քաղաքականության հիման վրա, որն ինձ համար թույլատրելի չէ»:
Խաչիկ Ասրյանի համոզմամբ, ՀՀ-ն պետք է գործակցի գլխավորապես Ռուսաստանի հետ՝ չանտեսելով հարեւան երկրների հետ հարաբերությունների կարեւորությունը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ