Լրահոս
Օրվա լրահոսը

Վաշինգտոնում կտոնեն հայկական Վարդավառը. «Ամերիկայի ձայն»

Հունիս 23,2018 12:35

«Ամերիկայի ձայն».«Սա բարեկամության խորհրդանիշ է», – ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը դժվարությամբ է թաքցնում հպարտությունը՝ հունիսի 27-ին Վաշինգտոնի ազգային պուրակում մեկնարկող Սմիթսոնիան մշակութային հաստատության խոշոր փառատոնը ներկայացնելու է Հայաստանի մշակույթը, արհեստն ու արվեստը: Փառատոնի անցկացման մեջ դեսպանը տեսնում է նաեւ կարեւոր խորհրդանիշ. «100 տարի առաջ հայերն առաջին անգամ, Ցեղասպանություն վերապրած, այնուհետեւ՝ Առաջին աշխարհամարտի մասնակից հայերը հավաքվել էին այստեղ, կապիտոլիումի առջեւ, որպեսզի շնորհակալություն հայտնեին Միացյալ Նահանգներին, այն միսիոներներին, Ուիլսոնի եւ Ռուզվելթի կառավարություններին: 100 տարի անց՝ ինքնավստահ ժողովուրդ, որ վերադառնում ենք նույն տեղը, նույն վայրը, արդեն ներկայացնելու մեր քաղաքակրթությունը»:

Փառատոնի կազմակերպիչ Սմիթսոնիան հաստատությանը հետաքրքրում էր հատկապես հայ ժողովրդի եզակի կարողությունը պահպանել մշակույթն ու ավանդույթները նույնիսկ մերթընդմերթ պետականության բացակայության պայմաններում. «Երկու շաբաթների ընթացքում այս բոլոր տաղավարներում տեղի է ունենալու հայկական կյանք: Մեր կենցաղն է այստեղ ցուցադրվելու»:

Խոհանոցային արհեստից մինչեւ ծիսակատարություն՝ ներկայացված կլինի Հայաստանի պատմամշակութային ողջ բազմությունը: Հատուկ տեղ է հատկացված նաեւ Սփյուռքին.

«Հայաստանի մշակութային կյանքը, ժառանգությունը չի կարելի պատկերացնել առանց Սփյուռքի»:

Այն, որ Սմիթսոնիանի ժողովրդական փառատոնը, որի արմատները աճում են կես դար առաջ ԱՄՆ-ում անցնող Վիետնամի պատերազմի դեմ ցույցերից, այս անգամ ներկայացնելու է նոր Հայաստանը, նույնպես խորհրդանշական է, համոզված է դիվանագետը.

«Այս տարի Հայաստանում էլ այդպիսի մի բողոքի ալիք եղավ: Մենք տեսանք մեր երիտասարդների եռանդը եւ ստեղծագործական եռանդը: Այդ առումով ինձ համար շատ խորհրդանշական է, որ թավշյա հեղափոխության Հայաստանը այս տարի ներկայացված է լինելու նաեւ այս զբոսայգում»:

Փառատոնի անակնկալներն այսքանով չեն ավարտվում: Հուլիսի 8-ին, փառատոնի վերջին օրը Վաշինգտոնի ազգային պուրակում նախատեսվում է հայկական ավանդական Վարդավառ տոնել:

Արման ԹԱՐՋԻՄԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930