ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի հայրենի Արշալույս համայնքի գյուղապետը, նրա ազգական Զարզանդ Գրիգորյանը չի էլ ուզում հաշտվել իր ազգականի հետ, գնալ-տեսակցել կալանավայրում, քանի որ վիրավորանքը խորն է. «Եթե մի մարդ Ձեզ թուրք ասի, կներեք, որ ես Ձեզ հիմա նման կերպ եմ դիմում, Դուք իրա հետ կհաշտվե՞ք: Ես դժվար թե գնամ-տեսակցեմ: Աստված իրա հետ էլ, մեր հետ էլ, ի՜նչ ասեմ: Ես չեմ ուզում ո՛չ իրանից բողոքեմ, ո՛չ էլ բողոքական ֆոնի վրա եմ: Ես ավելի շատ կենտրոնացած եմ այլ հարցերի վրա. կուզեմ, որ մենք խմելու ջուր ունենանք, լուսավորություն, ասֆալտապատում, խաղահրապարակ, հանգստի գոտի, որպեսզի տատիները-պապիները գան-հանգստանան: Ես էլ եմ արդեն հեսա պապի դառնալու, ես 46 տարեկան եմ, չորս երեխա ունեմ, ես էլ կուզեմ վաղը-մյուս օրը իմ թոռնիկի հետ գյուղի մեջ գնամ, մի տեղ լինի՝ նստեմ-հանգստանամ: Ես լավատես մարդ եմ, աշխատող մարդ, այգի ու ջերմոց ունեմ, չարությամբ լցված չեմ ոչ մեկի նկատմամբ, թեկուզ՝ գեներալի, նրա տղաների կամ աղջիկների: Բայց կրկնում եմ՝ Աստված իր հետ էլ, մեր հետ էլ»: Այս գյուղում գեներալը մի քանի անշարժ գույք ունի, մասնավորապես՝ նախկին կենցաղի տունը, փոստային բաժանմունքի շենքը, գինու գործարանը, նախկին ամբուլատորիայի, նախկին մանկապարտեզի շենքերը, ինչպես նաեւ ավտոտնակ, բենզալցակայան, գազալցակայան եւ այլն (Զարզանդ Գրիգորյանի հավաստմամբ՝ իր պաշտոնավարման օրոք Մ. Գրիգորյանն Արշալույսում գույք ձեռք չի բերել):
Ըստ գյուղապետի՝ գեներալը բարեխիղճ հարկատու չէ եւ գազա- բենզալցակայանների մասով հարկային պարտավորությունները ժամանակին չի կատարում: «Ես կուզեմ, որ ամեն մարդ իր հարկերը ժամանակին վճարի, որ մենք կարողանանք մեր գյուղի ցավերը հոգանք: Օրինակ՝ ուսանողական տրանսպորտ լինի, մեջը՝ ինտերնետ, ամեն հարմարություն, որ մեր երեխեքն էլ գնան-գան, օգտվեն նորմալ տրանսպորտից»,- ասում է նա: Իսկ գեներալը բարերարությամբ չի՞ զբաղվել, հայրենի գյուղին չի՞ օգնել։ «Ես նման բան չեմ հիշում… թող մեզնից չտանի, չտաներ՝ իրա տալը թող իրան մնար… Ես էլ չեմ ասում, թե ինչեր ա արել, չեմ ուզում բողոքականի տեսք ունենամ, ես չարահոգի չեմ, չարալեզու չեմ: Երբ որ ինքն ազատության մեջ ա եղել, ժողովրդի լեզվով ասած՝ ձիու վրա ա եղել, ես իրա երեսին, ինչ սխալ որ արել ա, ասել եմ: Հիմի իրա տեղը նեղն ա, որ ես սկսեմ խոսալ, կլինի հետեւից խոսալ, իսկ ես էդ մարդը չեմ: Ես արցախյան մարտերին մասնակցել եմ, վիրավորվել եմ, ամեն ինչ տեսած, բայց լավատես մարդ եմ»:
Շատերն այս օրերին համացանցում տեղեկություններ են տարածում Մանվել Գրիգորյանի դաժանությունների մասին, ի՞նչ կասի այդ մասին Զարզանդ Գրիգորյանը՝ որպես պատերազմի մասնակից եւ ազգական: «Գիտեք, ով ինչ անում ա, իրա անվան դիմաց գրվում ա, ես չեմ կարա ո՛չ մեկնաբանեմ, ո՛չ էլ պարզաբանեմ: Իսկ ով կասկածի տակ ա դնում գեներալի մասնակցությունը, իրենից էլ պահանջեք, որ հիմնավորի: Կամպյուտրը բացեք, Ղարաբաղի ժողովուրդը խոսում են, տեսեք, թե ինչ են ասում: Ես առաջնագծում եմ կռվել, ինչ հրաման որ եղել ա, կատարել եմ, իմ ախպերներն էլ են կռվել, դա հաստատ կարամ ասեմ: Ինքն էլ եղել ա զորահրամանատար. Բադասյան կա, Աղաբեկյան կա, Օգանովսկի կա, կամանդույուշչի Սամվել Բաբայան կա, որոնք էսօր խոսում են։ Բոլորն էլ եղել են զորահրամանատար՝ իրանցից հարցրեք»:
Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում