Լրահոս
Օրվա լրահոսը

Սկսելու համար. «Ասպարեզ»

Հունիս 23,2018 10:46

«Ասպարեզ». Մենաշնորհային համակարգի կազմաքանդման գործընթացը և այդ ոլորտի տնտեսական ուժականութիւններու կերպարանափոխութիւնը և անցումը դէպի ժողովրդավարական մրցակցային տնտեսութիւն նուրբ և ոսկերչային աշխատանք պահանջող գործ է, զոր կարելի է իրագործել բազմամակարդակ ռազմավարութեան մը հետևողական կիրառումով միայն և համապարփակ տեսլականով։ Հանրութիւնը պէտք է ճիշտ գնահատէ գործին թեքնիք և բազմահանգրուան բնոյթը և համապատասխան յարատևութեամբ պահպանէ իր զօրակցութիւնը Վարչապետ Փաշինեանի և Նախարար Արծուիկ Մինասեանի յառաջիկայ նախաձեռնութիւններուն։ Այս գործը կ՚ենթադրէ ըլլալ միաժամանակ արմատական, համակարգային, վճռական և ճկուն՝ յստակ և չափագրելի նպատակներու հետապնդումով։ Պարզ խօսքով, պարագայական շահատէրեր միայն թիրախաւորելով և հալածելով ՝ոչ կ՚ըսկսի և ոչ ալ յաջողութեամբ կրնայ պսակուիլ այս կենսական առաջնահերթութիւնը։

Սկսելու համար, կարևոր է, որ մասնագիտական խումբի մը օգնութեամբ (թէկուզ արտասահմանեան փորձագիտական հաստատութիւններ ևս գործի լծելով) կատարուի կացութեան ամբողջական գնահատութիւնը (Assessment of the Situation) ։ Նոր քաղաքականութիւն ձևաւորելու համար կարևոր է, որ գիտնանք ճշգրիտ բնոյթը մենաշնորհային դաշտին։ Այս ուսումնասիրութիւնը պէտք է առնուազն ընդգրկէ հարցադրութեան հետևեալ ոլորտները.

(ա) Ովքե՞ր են մենաշնորհային համակարգի տէրերը։

(բ) Պարզել մենաշնորհային ուժի պաշտօնական և անպաշտօն կառուցակարգերը տնտեսութենէն ներս։

(գ) Յստակացնել համակարգի ճիւղային տեղաբաշխումը։

(դ) Յստակացնել համակարգի աշխարհագրական տեղաբաշխումը։

(ե) Ճշտել համակարգին ազդեցութեան ծիրը մրցակցային դաշտէն ներս և դաշտը առևանգելու մեթոտները։

(զ) Յստակացնել համակարգին քաղաքական լծակները։

(է) Համակարգին վերջին 28 տարիներու ներդրումային գործունէութեան վերլուծութիւնը։

(ը) Համակարգին կողմէ ցարդ ստեղծուած աշխատատեղերու թիւը տարի առ տարի։

(թ) Ազգային եկամուտի (National Income) վերաբաշխման ծաւալները և համակարգի համեմատական կշիռը այդ ծաւալներուն մէջ։

(ժ) Համակարգին հարկային մուտքերու ծաւալները պետութեան սնտուկէն ներս։

(ժա) Սեփականաշնորհման ի՞նչ պայմաններու մէջ կազմաւորուած է համակարգը անկախութեան առաջին տարիներէն սկսած և ի՞նչ աճ արձանագրած է ան տնտեսական ուժի կեդրոնացման առումով։

(ժբ) Ճշտել աշխատավարձերու ներկայ վիճակը համակարգի ոլորտին մէջ։ Ի՞նչ աճ արձանագրած են անոնք վերջին 28 տարիներու ընթացքին։ Ի՞նչ չափով անոնք կը համապատասխանեն կենսական զամբիւղի չափանիշներուն։ Ի՞նչ են աշխատաւորական կողմի բանակցային կարելիութիւնները համակարգի ոլորտին մէջ։

(ժգ) Ճշտել մենաշնորհի տէրերու փոխյարաբերութեան բնոյթը։ Ընտանեկան ոստայնի ներքին ուժային կառուցուածքը և շահատէր ընտանիքներու համագործակցային ցանցին ամբողջական քարտէզը։

(ժե) Ճշտել մենաշնորհային համակարգի շահոյթի ծաւալները և շահոյթի վերաներդրումային ուղղութիւնները։ Յստակացնել թէ շահոյթը ի՞նչ չափով կը մնայ երկրի տնտեսութեան մէջ և ի՞նչ չափով կը լքէ երկիրը։

(ժզ) Ճշտել կապը Հայաստանի մենաշնորհային համակարգի և արտասահմանի տնտեսական շահերուն միջև։

(ժէ) Վերջապէս ճշտել համակարգէն ներս գնագոյացման մեքանիզմները և ընել բախտատականը միջազգային շուկայի գիներուն հետ։

Այս և բազմաթիւ այլ ստուգանիշներ պէտք է առարկայական հիմ ծառայեն հակամենաշնորhային հուժկու ռազմավարութեան մը ձևաւորման համար։

Իտէալ պայմաններու մէջ, պետութեան նպատակը պէտք է ըլլայ ամրացնել տնտեսութեան մրցակցային դաշտը և ստեղծել այնպիսի պայմաններ, որ մենաշնորհային համակարգով ստեղծուած տնտեսական ուժականութիւնը իր լինելիութիւնը փնտռէ Հայաստանի ազգային տնտեսութեան մէջ փոխանակ փախուստ տալու երկրէն։ Մեր նպատակը պէտք է ըլլայ խթանել ձեռներէցութիւնը, որ մեր ազգային մեծ հարստութիւնն է։ Ընել այնպէս, որ ան ունենայ լայն ասպարէզ իր հզօր քանքարը ծաւալելու մրցակցային առողջ մթնոլորտի մը մէջ փոխանակ ծուլանալու մենաշնորհային ճահիճին մէջ։

Ի վերջոյ այս ամբողջ քաղաքականութեան էական նպատակը պէտք է ըլլայ նոր և որակաւոր աշխատատեղերու ստեղծումը երկրին համար և տնտեսական առողջ աճի գոյաւորումը։ Մեր նպատակն է ջնջել աղքատութիւնը երկրէն ներս, կասեցնել արտագաղթը, բարոյապէս զինել մեր ժողովուրդը և կառուցել ինքնավստահ քաղաքացին։ Այս բոլորը կրնա՛ն իրագործուիլ։ Կրնան իրագործուիլ այս իսկ սերունդի օրով։ Անոնք մեր հասողութեան մէջ կը գտնուին։ Եւ այդ բոլորին նախապայմանը հակամենաշնորհային առոյգ քաղաքականութիւնն է պետութեան գործի բոլոր ոլորտներու լիարժէք ընդգրկումով։ Եւ այսօ՛ր։

ԿԱՐՕ ԱՐՄԵՆԵԱՆ

Յունիս 21, 2018

Ուաշինկթըն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930