Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդման շրջանակներում գործարարների խնդիրները
եւ ՊԵԿ-ի քայլերը քննարկում են ՊԵԿ փոխնախագահ Միքայել Փաշայանն
ու Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:
Հ. Ջեբեջյան.- Պարոն Փաշայան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՊԵԿ-ի առջեւ խնդիր դրեց՝ չխանգարել տնտեսվարողներին եւ ապահովել ստվերային տնտեսության շարունակական կրճատում: Ի՞նչ քայլեր են արվել այս ուղղություններով:
Մ. Փաշայան.– Նախ՝ համապատասխան կառույցները, որոնք անում են ստուգումներ, հսկողական աշխատանքներ, սուբյեկտիվությունը այդտեղ պետք է դուրս գա: ՊԵԿ-ը ամենապատասխանատու կառույցներից մեկն է, որն ապահովում է պետբյուջեի համարյա ամբողջ մասը: Դրա հետ մեկտեղ ունենք սուբյեկտիվ կոռուպցիոն ռիսկեր: Բիզնեսն ամբողջ աշխարհում ուզում է ավելի քիչ հարկ վճարել եւ ավելի շատ շահույթ ունենալ, ՊԵԿ աշխատակիցը, եթե ունի լծակ, որով կարողանում է այդ մեխանիզմին օգտակար լինել, այստեղ լինում է կոռուպցիա: ՊԵԿ-ում այսօր աշխատանքներ են տարվում մանրամասն բիզնես գործընթացների վերլուծության, թափանցիկության եւ օրենսդրական ադեկվատության: Նախ՝ իրավական ակտերը պետք է լինեն հստակ, սողանցքի տեղ չտան, կարողանանք շղթայավորել ու ավտոմատացնել: Եթե դա անենք, այդտեղ ՊԵԿ որեւէ աշխատակից՝ լինի ՊԵԿ նախագահի տեղակալ, ստուգող, իր գործոնն արդեն չի լինի: Կոնկրետ հիմա նախաձեռնել ենք ստուգման հանձնարարականների եւ ակտերի էլեկտրոնային համակարգը: Ռիսկային հարկ վճարողների ցանկից սկսած, մինչեւ համապատասխան ստորաբաժանման ուղարկելը, դրանից հետո ստուգող ենթակառուցվածքների քննարկումները ամբողջը թափանցիկ են դառնում: Ցանկացած ստուգող, վերահսկող հնարավորություն է ունենալու ամբողջը տեսնելու: Մեր նպատակն է, որ ծախսերը կրճատենք, եկամուտները, որ պիտի գան պետբյուջե, ավելացնենք եւ ամենակարեւորը՝ մեկ ծառայողին ընկնող արդյունավետության ցուցանիշը բարձրացնենք: Մենք պիտի հաշվարկ ունենանք՝ ՊԵԿ-ի մի ստուգողը ինչքան է «նստում», եւ ինչքան եկամուտ է ինքը բերում: Եթե ստուգող տեսուչը գնում է 15 տնտեսվարող սուբյեկտի մոտ, քիչ է հավաքում, ուրեմն մենք ռիսկային չափորոշիչ պետք է ունենանք այդտեղ:
Հ. Ջ.– Պարոն Մակարյան, նոր իրողությունները հաշվի առնելով՝ գործարարները զգո՞ւմ են փոփոխություն իրենց վրա, ի՞նչ ռիսկեր կան, եւ ի՞նչ խնդիրներ են այսօր մատնանշում նրանք:
Գագիկ Մակարյան.- Նախկինում համակարգը եղել է խեղաթյուրված՝ կոռուպցիոն մեխանիզմների պատճառով, ու լավն ու վատը գնահատելը եղել է դժվար: Կարծում եմ՝ հիմա շատ արագ պետք է փոխել այն հոգեբանությունը, որը կապված է տեսուչների ստուգումների հետ: Շատ կարեւոր է երկու բան իրարից տարբերել՝ գնում են ստուգմա՞ն, թե՞ գնում են որսի: Տեսուչների մեծ մասը գնում են որսի, կարծում են, թե իրենք պետք է լինեն թաքնված, դարանակալեն, պահեր գտնեն, որ մտնեն առեւտրի մի կետ՝ ՀԴՄ չխփելու վրա բռնացնեն ու տուգանեն: Սա վիրավորում է գործատուներին, սա ճիշտ կեցվածք չի: Մենք դեպք ունենք, որ 5 օր բացված է եղել ստուգումը, տեսուչը ոչ մի անգամ չի այցելել, հետո երբ հոսանքազրկվում է այդ շենքը, ՀԴՄ-ն չի աշխատում, տեսուչը մտնում է առեւտուր անողի հետեւից ու տուգանում: Հաջորդ խնդիրն այն է, որ տույժերի չափը շատ բարձր է: Կամ մի օրինակ բերեմ՝ առաջ Թուրքիայից ներմուծվող կտորները կգ-ով էին մաքսազերծվում, հիմա ԵԱՏՄ օրենսդրության շրջանակներում՝ քմ-ով: Թուրքիայից բերողները կգ-ից քմ-ի չեն կարողանում վերածվել, ասում են՝ քանի՞ մետր է, ինչ-որ թիվ է ասում, ասում են՝ թաքցնում ես, ու 200 հազար տուգանել էին՝ ապրանքը դեռ չհասած: Ինչ աբսուրդ վիճակ էր ստացվել: Մեկը 1700 $-ի կտոր էր բերել, 1200$-ի մաքսատուրք վճարել, 157$ տրանսպորտի համար վճարել, 200 հազար էլ՝ մոտ 400$ տուգանվել: Ստացվում է, որ բերված ապրանքի գումարից ավելի տույժեր ու տուրքեր է վճարել…Պետք է նաեւ ներդնել տեսուչների պատասխանատվության ինստիտուտը: Եթե տեսուչը խանգարի գործատուին, ինքը պետք է փոխհատուցի: Երբ տեսուչը ակտ է գրում, գործատուին մղում է, որ ինքը գնա կոռուպցիոն ռիսկի, ասի՝ լավ, արի մի գրի: Կամ էլ գործարարը պետք է շաբաթներով, ամիսներով դատարանում բողոքարկի: Կարծում եմ՝ հարկային տեսուչների նաեւ ռեյտինգավորման համակարգ պետք է լինի, որ օնլայն սիստեմով գործարարները կարողանան գրել՝ կաշառք ուզեց, տրամադրությունը թունավոր էր, ուզում էր վատություն անել: Սա կօգնի, որ համակարգը մաքրենք: Իսկ ընդհանուր առմամբ ես շատ ողջունում եմ ՊԵԿ-ի նոր համակարգը, շատ լավ թիմ է:
Մ. Փ.- Ես ձեզ վստահեցնում եմ, որ այսօր տեսուչի վրա, այսպես ասած, պլան չկա դրած ակտ գրելու: Եթե տեսուչը ՀԴՄ է ստուգում, եւ դա 0 է, մենք չենք ասում՝ ինչի է 0, գնա այնքան խփի, մինչեւ լինի թիվ: Մենք այսօր այն եզակի երկրներից ենք, որն ունի 100 տոկոսանոց էլեկտրոնային հարկային համակարգ: Այսօրվա տեսուչը խնդիր չունի պապկան ձեռքի տակ գնա ասի՝ հլը մի հատ տուր նայեմ, չկա այդպիսի բան, ամբողջը տեսանելի է: Վերապատրաստման մեծ թափ է սկսվում ՊԵԿ-ում… Մենք պետք է հաշվի առնենք, որ ՀՀ-ում օրինականության ներդրմանը զուգահեռ՝ հարեւան երկրներում, որտեղից մենք ներմուծում ենք անում՝ Թուրքիա, Չինաստան, դեռեւս այդ օրինականությունը չկա: Մեր բիզնեսն էլ մեզ պետք է ադեկվատ հետադարձ կապ տա: ՊԵԿ նախագահի հայտարարությունից հետո, որ ավտոմեքենաների մաքսազերծումը հնարավորություն ենք տալիս մեծամասամբ ինվոյսով ներմուծելու, ես որ դեպքեր ասեմ՝ ձեզ ինչեր ենք ունեցել՝ 2017, 2018թ.-ի թանկարժեք ավտոմեքենաները 300 դոլարանոց ինվոյսներով, 250 դոլարանոց: Պարզ է, որ ֆիզիկական անձն ուզում է քիչ հարկ վճարել, մեդալի մյուս կողմն էլ տեսնենք: Բիզնեսն էլ պետք է մեզ ադեկվատ մոտենա:
Հ. Ջ. – Փոքր ու միջին բիզնեսի հետ կապված գործարարները հետեւյալ խնդիրներն են մատնանշում. նախկինում մինչեւ 3 չգրանցված աշխատող եթե պահեին, բռնվելու դեպքում տուգանքը կազմում էր ամեն աշխատողի համար 60 հազար դրամ, 50 հազար դրամ էլ՝ վարչական տուգանք, այսինքն՝ ամեն չգրանցված աշխատող 110 հազար դրամ էր նստում տնտեսվարողի վրա: 3-ից ավելի չգրանցված աշխատողների դեպքում տուգանքը շատ ավելի բարձր էր: Հիմա նոր կարգավորումներով միջինացվեց տուգանքը՝ 250 հազար դրամ սահմանեցին, այսինքն՝ 60-600 հազար դրամ տուգանքի միջինն են ընտրել, բայց սա ավելի վնասում է փոքր բիզնեսներին, որովհետեւ փոքրերը, որոնք 1-2 աշխատող են թաքցնում, ավելի մեծ տուգանք պետք է վճարեն: Պրակտիկայից օրինակ են բերում՝ մարզային խանութ է, կինը վաճառող է, մի 15 րոպեով գնում է տուն՝ հաց ուտելու, ու ամուսինն է խանութում լինում, այդ պահին հարկահավաքները թարսի պես մտնում են խանութ, բռնում են եւ այդ փոքր խանութին տուգանում են 300 հազար դրամով, որը նրա համար նշանակում է փակել բիզնեսը: Ի՞նչ կասեք այս մասին:
Մ. Փ.– ՊԵԿ-ում մարզային խանութը, որը աշխատեցնում է տատիկ եւ 15 րոպեով գնացել է հաց ուտելու, ընդհանրապես թիրախի մեջ չէ: Ձեր օրինակը գերփոքր բիզնես է, որը ՊԵԿ-ի թիրախի եւ հսկողության տակ չի, մենք մեր ռեսուրսներն օգտագործում ենք ավելի մեծ բիզնեսների հսկողության վրա: Ինչ վերաբերում է 250 հազար դրամ տուգանքին, համաձայն չեմ, որ այն ավելի շատ ՓՄՁ-ներին է վնասում, որովհետեւ մեծ քանակի աշխատակից թաքցնելու դեպքում արդեն միլիոններ է դառնում տուգանքը խոշորի համար: Թիրախը խոշորներն են, որովհետեւ նույնիսկ պահ կար, որ տնտեսվարողին ձեռք էր տալիս այդքան աշխատողի չգրանցել եւ տուգանքը մուծել, քան գրանցել ու այդքան տարի եկամտահարկ տալ:
Հ. Ջ.- Տնտեսվարողները խնդիր են մատնանշում ՀԴՄ սարքերի հետ կապած: ՀԴՄ սարքի լիազորությունները ՊԵԿ-ին առընթեր ՊՈԱԿ-ին են տրված, եւ հիմա միայն ինքը իրավունք ունի ՀԴՄ սարք ներմուծելու ու վաճառելու: Նախկինում կորեական եւ այլ սարքեր կային, հիմա դաշտը մոնոպոլացված է: Այլ ՀԴՄ սարքեր եթե ներկրեն էլ, համակարգին չեն միանում, պիտի վճարեն 160 հազար դրամ եւ գնեն միայն այդ սարքը: Նոր սկսվող բիզնեսի համար այդ 160 հազարը վճարելը խնդիր է, ինչպե՞ս պետք է լուծվի այս խնդիրը:
Մ. Փ.– Հենց վաղն առավոտյան, ժամը 10-ին, հսկիչ դրամարկղային մեքենաներ ներմուծողների հավաք է լինելու ՊԵԿ նախագահի մոտ, որ քննարկվեն այս հարցերը: Նոր սերնդի ՀԴՄ պրոյեկտն իրենից ի՞նչ էր ներկայացնում՝ ոչ միայն ՀԴՄ պետք է լինի, այլ նաեւ վճարային քարտեր ընդունի, հարկային հաշիվներ, փաստաթղթեր, ID քարտ եւ այլն, եւ ամենակարեւորը՝ դրա անվտանգությունն էր կարեւոր: Համակարգի ներդրումից հետո մենք շատ դեպքեր ենք ունեցել, երբ տեսել ենք, որ օրվա մեջ բիզնեսի մոտ 3,5-4 մլն դրամի առեւտուր է, բայց ՀԴՄ-ի, այսպես ասած, «Z» հաշվետվությունը հանում ես՝ լինում է 350 հազար դրամ, այսինքն՝ միջամտություն է գնում, դրա համար բոլոր ՀԴՄ-ները, որոնք պետք է լինեն ՀՀ-ում, միջազգային սերտիֆիկատ պետք է ստացած լինեն: Ինչ վերաբերում է մի ՊՈԱԿ-ի կողմից ՀԴՄ-ների ներդրմանը, վաղը հենց այդ հարցը քննարկվելու է, եւ մենք հակված ենք նրան, որ շուկան ազատականացվի: Արդեն ՊՈԱԿ-ի իմաստն էլ կարող է չլինել, որովհետեւ ՀԴՄ-ի գրանցումն օնլայն է, կարեւոր է, որ անվտանգության չափանիշը չկորցնենք եւ ֆունկցիոնալը:
Հաղորդումը վարեց
ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆԸ
Մանրամասները՝
«Առավոտ»
22.06.2018