Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ սպասել՝ ստվերային շրջանառության մեծացո՞ւմ, թե՞ թանկացումներ

Հունիս 23,2018 14:30

Երեկ խորհրդարանն ընդունեց Հարկային օրենսգրքում փոփոխությունները: Դրանք այս անգամ վերաբերում են ապրանքների դրոշմավորման համակարգին: Կառավարությունն առաջարկել էր որոշակի խումբ ապրանքների համար՝ շոկոլադե սալիկներ, կարագ, կաթնամթերքի որոշ տեսակներ, սահմանել չդրոշմավորման շեմ: Կառավարությունն առաջարկում էր մինչեւ 50 գրամ քաշով ապրանքները չդրոշմավորել: Պատգամավորներն առաջարկել են շեմ սահմանել մինչեւ 150 գրամը: Քննարկումների արդյունքում որոշվել է շեմ սահմանել 100 գրամը:

Կառավարության հետ պատասխանատվություն կիսող «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը համամիտ չէ: Վստահ է՝ այս տարբերակի կիրարկման դեպքում ստվերային շրջանառությունը կավելանա: Նկատեցինք՝ պետությունը վերահսկողական բազմաթիվ գործիքներ ունի: «Այո, բայց դա չպետք է թողնենք մարդկանց: Ստուգողը մարդն է, չէ՞: Հարկային գործակալն ինչի՞ գնա լրացուցիչ ռիսկերի, եթե կարող ենք ակցիզներով իրականացնել, որոնք հերթական համարներով գնում են»,- հակադարձեց Սերգեյ Բագրատյանը:

ՀՀԿ խմբակցության գործարար պատգամավոր Հակոբ Հակոբյանն էլ գործընկերոջը դիտողություն է անում`«տնտեսվարողին պետք է ձեռքի մեջ պահել, փայփայել»: Ինքը որքան ուսումնասիրել է միջազգային փորձը, հիմնականում խմիչքներն ու սիգարետն են ակցիզավորվում: Հասկանոմ է, որ ակցիզավորումով կառավարությունը փորձում է ստվերի դեմ պայքարել: Ինքը դեմ չէ: Բայց ասում է, որ փոքր ապրանքատեսակների ակցիզավորման համար շատ մարդ պիտի աշխատի. «Դա ենթադում է, որ պետք է ապրանքի ինքնարժեքը բարձրանա: Այսօր էլ երկրում գնողունակությունը բարձր չէ»: Համամիտ չէ, որ տնտեսվարողները հնարամիտ են եւ կարող են ստվերում աշխատելու տարբերակներ գտնել, բացի այդ, հավելում է՝ պետությունն էլ ամեն գործիք ունի վերահսկելու:

Ինքնարժեքի բարձրացման փաստարկին Սերգեյ Բագրատյանը հակադարձում է. «Ինքնարժեքն ավելանա լա՞վ է, թե՞ «լեւի» վաճառվի: Ընդունում եմ, լրացուցիչ ծախս է, կարող է, մանավանդ փոքր ծավալների դեպքում, ինքնարժեքն ավելանա: Բայց ինքնարժեքի ավելացումից պետությունն այդքան չի կորցնի, որքան ստվերային շրջանառության մեծանալուց»: Դիտարկմանը՝ քաղաքացին է տուժելու, Սերգեյ Բագրատյանը հակադրում է իր հաշվակները. «Փոքր ծավալների դեպքում 1-2 դրամ թանկացման մասին է խոսքը, ինչն էական թանկացում չէ»:

Ի դեպ, պատգամավորներից եւ կառավարության պատկան մարմինների ներկայացուցիչներից աշխատանքային խումբ կստեղծվի, որը կուսումնասիրի նաեւ սառեցված հավի ակցիզավորման բոլոր հնարավորությունները, ընդհուպ մինչեւ այն տարբերակը, թե մարդը որքա՞ն ժամանակ կարող է գտնվել – 18 եւ -20 աստիճանում եւ փակցնել դրոշմապիտակները:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ»

22.06.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930