Լրահոս
Օրվա լրահոսը

Մենաշնորհային «Նորֆոլկ քոնսալթինգի» փոխարեն պետական մասնակցությամբ մաքսազերծող նոր ընկերություն կստեղծվի

Հունիս 23,2018 14:00

Վերջերս մանր բիզնեսի հազարավոր ներկայացուցիչների աշխատանքը, կարելի է ասել, կաթվածահար էր եղել: Փոքր խմբաքանակով հագուստ ներկրողների ապրանքը Հայաստան չէր հասնում: Այս ներկրողները տոնավաճառներում, փոքր խանութներում հագուստի վաճառքով զբաղվողներ են, որոնց ապրանքը ներմուծվում էր Պետական եկամուտների նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանի «թեթեւ ձեռքով» ստեղծված ու իր «տնօրինությամբ» գործող կարգոների միջոցով: Այս մանր գործարարները, ասենք՝ Թուրքիայում կամ Չինաստանում գնում էին ապրանքը, ապա կարգոների միջոցով դրանք տեղափոխվում էին Հայաստան: Այս բեռնափոխադրողները համագործակցում էին «Նորֆոլկ քոնսալթինգ»-ի հետ, որն էլ իրականացնում էր մաքսազերծումը: Փոքր ձեռներեցների ապրանքը տեղ չէր հասնում, քանի որ Ազգային անվտանգության ծառայությունն էր զբաղվում «Նորֆոլկ քոնսալթինգ»-ով:

Փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները, որոնք բեռնափոխադրումն իրականացնում են «Նորֆոլկ քոնսալթինգով», անգամ պատրաստվում էին բողոքի ցույցեր անել, քանի որ, ինչպես նրանցից որոշներն էին վստահեցնում, բեռնափոխադրողներն ասել էին. «Գնացեք՝ ցույց արեք, մենք մեղք չունենք»: Մի քանի օր այս փոքր գործարարների ապրանքը մնալով սահմանում՝ ի վերջո մաքսազերծվեց: Սակայն նրանց մտահոգությունները չփարատվեցին: Նրանցից շատերը մտավախություն ունեն, որ նորից կկանգնեն խնդրի առաջ, ու հանկարծ մի բան կլինի, ու էլի իրենց բեռները տեղ չեն հասնի:
Մեզ հետ զրույցում փոքր բիզնեսի ներկայացուցիչներից մեկը, որ խնդրեց անունը չհրապարակել, ասաց. «Նախկին իներցիայով մտածում ենք, որ էլի մի խաղ կլինի, ՊԵԿ-ը էլի «ձեռները ծալած» կնստի: Այսինքն՝ էլի մաքսազերծման հետ կապված խնդիր կունենանք: Իսկ մեր բեռները որ մի օր էլ ուշանում են, ուրեմն մեր առեւտուրը կանգնում ա: Մենք սեզոնային բաներ ենք ծախում, վարկեր ենք փակում, տեղի վարձ ենք տալիս եւ այլն: Էդպես էլ չհասկացանք՝ հետագայում ո՞նց է լինելու մաքսազերծման հարցը»:

Հիմա «Նորֆոլկ քոնսալթինգը» լուծարման փուլում է գտնվում: Այս ընկերությունում ԱԱԾ-ն մեծ ծավալի չարաշահումներ է բացահայտել, պարզվել է, որ ընկերությունը պետությանը «հասանելիք» հարկերը չի վճարել: Քրեական գործ է հարուցված, ընկերության գործադիր տնօրենը՝ «Գազպրոմ-Արմենիայի» նախկին հաշվապահ Արմեն Ունանյանը, ընդունել է «մեղքը» եւ հունիսի 4-ին արդեն իսկ կատարել էր 3 միլիոն դոլարի վճարում ու պատրաստվում էր առաջիկա օրերին էլ կատարել 1.5 միլիոն դոլարի վճարում։ Մինչ պետությունը կստանա իր ֆինանսական վնասները, առեւտրականներն ուզում են պետությունից հավաստիանալ ու երաշխիքներ ստանալ, որ մաքսազերծման խնդիրներ չեն ունենա, առավել եւս, որ «Նորֆոլկ քոնսալթինգը» լուծարման փուլում է:
«Առավոտ»-ի հետ զրույցում Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը վստահեցնում է՝ ամեն ինչ անում են, որպեսզի փոքր գործարարների բարձրացրած հարցը լուծվի, եւ այդ խնդիրները չկրկնվեն:

Անանյանի խոսքով՝ ««Նորֆոլկ քոնսալթինգը» թեեւ ներկայումս գտնվում է լուծարման փուլում, սակայն ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ լուծարման գործընթացում գտնվելիս նա իրականացնում է նույն գործառույթը, ինչն իրականացրել է: Սակայն այդ գործընթացն իրականացվում է Պետական եկամուտների կոմիտեի ներքին անվտանգության աշխատակիցների շուրջօրյա վերահսկողության ներքո: Խնդիրն այն է, որ մենք այս միջանկյալ փուլում որեւէ ցնցումներ չառաջացնենք ոչ բրենդային հագուստեղեն ներկրողների համար»:
«Նորֆոլկ քոնսալթինգ»-ի վերջնական լուծարումից հետո ինչպե՞ս է իրականացվելու փոքր ձեռներեցների ներմուծված ապրանքների մաքսազերծումը, քանի որ այս ընկերությունը փաստացի մենաշնորհային դիրք էր զբաղեցնում: Արդյոք ՊԵԿ-ը որոշակի լուծումներ նախատեսե՞լ է: Այս հարցերին ի պատասխան՝ Դավիթ Անանյանն ասաց, որ նոր ընկերություն կստեղծվի. «Նորֆոլկ քոնսալթինգ»-ի լուծարումից հետո կստեղծվի պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերություն, որն ըստ էության կհանդիսանա «Նորֆոլկի»-ի իրավահաջորդը՝ գործառնական տեսանկյունից»:
Պարոն Անանյանն ասաց, որ այս նոր ստեղծվող ընկերության աշխատանքներն այնպես են կազմակերպվելու, որպեսզի ապրանքների ներմուծումը իրականացվեն ըստ տեսականու. «Որտեղ դա այս կամ այն կերպ դեռեւս հնարավոր չի լինի, մենք կիրականացնենք մաքսազերծումը նաեւ կիլոգրամով՝ այնպես, ինչպես իրականացնում է «Նորֆոլկ»-ը: Այստեղ անհրաժեշտ է նշել, որ խոսքը մանր ու միջին ձեռնարկատերերի, անհատ ձեռնարկատերերի ներկրման մասին է, հագուստեղեն ներկրողների»:

Ըստ ՊԵԿ նախագահի՝ ընդհանուր ապրանքաշրջանառության մեջ այս փոքր ներմուծողների տեսակարար կշիռը բավականին փոքր է: Մյուս բոլոր ներմուծողները, որոնք կա՛մ կազմակերպություններ են, կա՛մ բրենդային ներմուծումներ են իրականացնում, չեն օգտվել «Նորֆոլկ»-ի ծառայություններից, եւ ինչպես Անանյանը վստահեցրեց՝ ապագայում չի էլ նախատեսվում, որ կօգտվեն պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերության ծառայությունից. «Նրանք մաքսազերծումն իրականացնում են օրենսդրությամբ սահմանված կանոնների համաձայն»:

Արդյոք նախատեսվո՞ւմ է, որ փոքր ծավալի բեռների ներմուծումը այլ ընկերությունների միջոցով իրականացվի, այլեւս կարգոների միջոցով չարվի, մեր այս հարցին ի պատասխան էլ՝ ՊԵԿ նախագահն ասաց. «Դժվար է ասել՝ բեռնափոխադրող կարգոների ծառայությունն իրականում անհրաժեշտությո՞ւն է, թե՞ ոչ: Կարծում եմ՝ առանց կազմակերպված բեռնափոխադրող ծառայությունների շատ դժվար կլինի անհատ ձեռներեցներին կամ ֆիզիկական անձանց իրենց այդ գնումները կատարելիս իրականացնել բեռնափոխադրումներն իրենց ուժերով: Համենայնդեպս, վերջին 20 տարվա պատմությունն այնպիսին է, որ բեռնափոխադրողները, այն ընկերությունները, որոնք իրականում օգնում են մանր ու միջին ձեռներեցներին իրենց բեռները փոխադրել Հայաստան, բավականին արժեքավոր եւ պիտանի ծառայություն են մատուցում: Այլ բան է, որ բեռնափոխադրողները ժամանակին նաեւ հանդես են եկել մաքսային ձեւակերպում կատարողի դերակատարմամբ եւ այդ պարագայում նախկինում պետությանը չեն մուծել այն հարկերը, որոնք պետք է կատարեին: Հետեւաբար բեռնափոխադրողների մաքսային ձեւակերպում կատարողի տարանջատումը նախկինում եղել է շատ կարեւոր քայլ առաջ»:

Բեռնափոխադրող կարգոների՝ փոքր ձեռներեցներին ցույցի դրդելն ու բեռների տեղափոխման խնդիր առաջացնելն արդյո՞ք միտումնավոր քայլեր են, որպեսզի կարգոները մաքսազերծման ոլորտին «տիրանան», ինչպես կասկածում են որոշ առեւտրականներ: Այս առնչությամբ էլ Դավիթ Անանյանն ասաց. «Չեմ կարծում, որ այդպես կարելի է բնորոշել իրավիճակը, որը ստեղծվել էր «Նորֆոլկ քոնսալթինգ»-ի մասնակիորեն գործընթացը կասեցնելու հետ: Ուղղակի գործընթացը կանգ էր առել, եւ բոլորը սպասում էին, թե ինչ հանգուցալուծում կլինի: Կարծում եմ՝ միտումնավոր չեն արել»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ»

22.06.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930