Վարչական վարույթներում տարիներ շարունակ մեծ թիվ են կազմել տնտեսվարող սուբյեկտներում կատարված ստուգումների՝ որպես հետեւանք կայացրած վարչական ակտի անվավեր ճանաչելու պահանջի մասին գործերը:
«Ակտերից տուժածները» դժգոհում են ժամկետների խախտումներից, հաշվարկներից, ստուգող մարմինների միակողմանի ակտերից, հաճախ իրենց «չմասնակցությունից»: Մինչդեռ, ստուգման ժամկետը չպետք է գերազանցի ստուգում իրականացնելու մասին համապատասխան պետական մարմնի ղեկավարի (փոխարինող պաշտոնատար անձի) հրամանում կամ հանձնարարագրում նշված ժամկետը: Անհրաժեշտության դեպքում ստուգումն իրականացնող պաշտոնատար անձի գրավոր հիմնավորմամբ` համապատասխան պետական մարմնի ղեկավարի (փոխարինող պաշտոնատար անձի) հրամանով կամ հանձնարարագրով, օրենքով սահմանված ժամկետը կարող է երկարաձգվել մինչեւ 10 անընդմեջ աշխատանքային օր, իսկ ստուգվող ժամանակաշրջանի որեւէ ֆինանսական տարվա արդյունքով 3,0 մլրդ դրամ եւ ավելի իրացման շրջանառության կամ համախառն եկամուտ հայտարարագրած տնտեսավարող սուբյեկտների մոտ մինչեւ 75 անընդմեջ աշխատանքային օր: Դրա մասին պետք է տեղեկացվի ստուգվող օբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող անձին:
Որոշ վարչական գործերով «ստուգման վարույթի նյութերում» բացակայում են այն փաստաթղթերը, որոնց մասին ակտիվ հղումներ են կատարվում:
Վարչական դատարանն այդ կապակցությամբ ունի իր դիրքորոշումը. «Որոշակի փաստաթղթերի բացակայության բացասական իրավական հետեւանքները կրում է հենց պատասխանող վարչական մարմինը, քանի որ ՀՀ գործող վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով վիճարկվող վարչական ակտի իրավաչափությունը որոշվում է բացառապես այդ ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթում ձեռք բերված ապացույցների շրջանակում: Օրենսդրի կողմից տվյալ դատավարական նորմի սահմանումն ինքնանպատակ չէ եւ չի կրում զուտ հռչակագրային բնույթ, քանի որ յուրաքանչյուր վարչական մարմին, ընդունելով կոնկրետ վարչական ակտ, իրավասու է հիմնվել բացառապես հարուցված համապատասխան վարչական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցներ՝ նյութերի, այլ ոչ թե վարույթից դուրս, հետագայում ձեռք բերված կամ հավաքված ապացույցների վրա: Այդ իսկ պատճառով անթույլատրելի է դատարան ներկայացնել այնպիսի ապացույցներ, որոնք ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով չեն հանդիսանում համապատասխան վարչական վարույթի վերաբերյալ գործի նյութեր, նույնիսկ եթե դրանք ընդհանրապես գոյություն ունեն»:
Առողջարաններից մեկի գործով վարչական դատարանն արձանագրել էր. «Ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգն օրենսդրի կողմից Հայաստանի Հանրապետությունում ներդրումը եւ կիրառումը, ստուգումների տարեկան ծրագիրը մինչեւ յուրաքանչյուր տարվա հունիսի 1-ը հաստատելը, այդտեղ փոփոխություններ կատարելը միայն ՀՀ վարչապետի համաձայնությամբ, ստուգման ենթակա տնտեսավարող սուբյեկտների լրիվ անվանումները եւ յուրաքանչյուր տնտեսավարող սուբյեկտում անցկացված վերջին ստուգման ավարտի ամսաթիվը ստուգումների տարեկան ծրագիրը հաստատելիս եւ դրանում փոփոխություններ կատարելիս ստուգում իրականացնող մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում ընդունումից հետո` եռօրյա ժամկետում տեղադրելը եւ ընդունումից մեկ ամիս հետո ուժի մեջ մտնելն օրենսդրի կողմից, որպես վարչական մարմինների պարտականություն, նախատեսելն ինքնանպատակ չէ եւ հետապնդում է վարչական մարմինների կողմից իրականացվող ստուգումները, առաջին հերթին, տնտեսավարող սուբյեկտների ու հանրության համար կանխատեսելի, վերահսկելի ու պլանավորված դարձնելու նպատակ` հաշվի առնելով տնտեսավարող սուբյեկտների ռիսկայնությունը եւ զերծ մնալով նրանց համար կամայական, անսպասելի, չպլանավորված ստուգումներ իրականացնելուց, որի արդյունքում տնտեսավարող սուբյեկտները հնարավորություն կունենան խուսափել չպլանավորված ստուգումների իրականացումից եւ իրենց ձեռնարկատիրական գործունեությամբ կձգտեն չդառնան ռիսկային: «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքի 2.1-րդ հոդվածի համալիր ուսումնասիրության արդյունքում կարելի է եզրահանգել, որ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն, օրենքով սահմանված բացառություններով հանդերձ, իրավասու չէր 2016 թվականի 2-րդ կիսամյակում տնտեսավարող սուբյեկտի մոտ իրականացնել որեւէ ստուգում, եթե այդպիսին ընդգրկված չէ իր իսկ ստուգումների տարեկան ծրագրում կամ դրա փոփոխություններում, հակառակ դեպքում տարեկան ծրագրի հաստատումն իմաստազուրկ է»:
«Արարատ» մոր եւ մանկան առողջարան» ՓԲ ընկերությունը դիմել էր վարչական դատարան՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Եղեգնաձորի տարածքային հարկային տեսչության դեմ:
Հայցվորի ներկայացուցիչ, փաստաբան Մուշեղ Խաչիկյանը հայտնել էր, որ պատասխանողի կողմից 2016թ. նոյեմբերի 14-ին կայացվել է ակտ, որով առողջարանին առաջարկվել է պետական բյուջե մուծել լրացուցիչ 5.176.397 ՀՀ դրամ: Թե ինչու այդքան գումար, պատասխանողը նշել է երկու տարբեր օրենսդրական խախտման մասին: Ըստ պատասխանողի ներկայացրած բացատրության եւ հաշվարկի` ստուգման ամբողջ ժամանակահատվածում հայցվորն իրականացրել է արտաքին բակի շինարարարություն, ինչի արդյունքում ճիշտ չի հաշվարկել, ըստ այդմ, պետական բյուջե չի վճարել համապատասխան գումար: Հաշվարկված տույժերը եւ տուգանքները միասին ընդհանուր հաշվարկել է` տույժ 889.382 ՀՀ դրամ: Ներկայացվել է շինարարական աշխատանքներ իրականացրած երկու բանվորների հետ կնքված թե աշխատանքային պայմանագրերը, թե գնված ամբողջ շինապրանքների ցուցակը, որոնք օգտագործվել են վերանորոգման համար:
Հայցվորը բացատրել է ստուգում իրականացրած մարմնին, որ շինարարությունը կատարվել է ոչ միայն արտաքին բակում, այլ նաեւ առողջարանի ներսում, ինչը հաստատվում է շինարարություն իրականացնող բանվորների հետ կնքված պայմանագրերով, որոնք էլ ներկայացվել են դատարան:
Հայցվորը պահանջել էր անվավեր ճանաչել վիճարկվող ակտը, քանի որ կողմը շահութահարկը ճիշտ է վճարել` հանելով իր ամբողջ ծախսը, կատարել է ամբողջ շինարարության վերանորոգման աշխատանքների, ինչպես նաեւ աշխատավարձերի մասով: Երկրորդ օրինախախտումն էլ վերաբերել է հարկային գործակալի կողմից պահվող եկամտային հարկի հետ կապված խնդիրներին: Հայցվոր-առողջարանը ֆիզիկական անձանցից ձեռք էր բերել որոշակի մթերք, մասնավորապես՝ մսեղեն, սակայն ձեռք բերված գումարից չի հաշվարկել եւ պետական բյուջե չի վճարել 10 տոկոսն ամբողջ գործարքի, ներկայացվել է հաշվարկ 2013 թվականի 2-րդ կիսամյակի, 2014, 2015 թվականի, 2016 թվականի 1-ին կիսամյակի համար: Ընդհանուր առմամբ՝ տույժ, տուգանքների հաշվարկի հետ միասին պատասխանողի պարտավորությունը կազմել է 4.257.015 ՀՀ դրամի տույժ եւ հարկայինն առաջարկել է վճարել:
Հայցվոր կողմը փաստել էր, որ առողջարանն արդեն 20 տարուց ավելի գործում է եւ ոչ մի խախտումներ չեն արձանագրել, իր մոտեցումը չի փոխել, միշտ գնել է, միշտ հաշվարկել եւ միեւնույն հաշվարկն է ներկայացրել եւ վճարումներ կատարել պետական բյուջե. «Պարբերաբար ներկայացված ստուգումների արդյունքում որեւէ խախտում չի արձանագրվել»: Համաձայն օրենսդրության` իրենց դիրքորոշումը պետք է կազմեր բուն ակտի անբաժանելի մասը, սակայն ներկայացված առարկությունների վերաբերյալ որեւէ նշում չի եղել, հայցվորի կողմից ներկայացված առարկությունները չեն կազմել նշված ակտի պարտադիր եւ անբաժանելի մասը, ուստի հայցվորը պահանջել էր անվավեր ճանաչել ակտը:
Հարկայինի ներկայացուցիչ Հրաչ Մուրադյանը ժամկետների հետ կապված նշել էր, թե ինչ ժամանակահատվածում է ակտը կազմվել:
Պատասխանողն ասել էր, թե ընկերության գնման ակտերում հստակ երեւում է, որ ընկերությունը ֆիզիկական անձանցից ձեռք է բերել մսամթերք եւ վաճառել, որի դիմաց նույնիսկ կանխիկ գումար չի վճարել, այլ վճարումները կատարվել են բանկային հաշվից` փոխանցումների ձեւով:
Պատասխանողի ներկայացուցիչ Հրաչ Մուրադյանը հայտնել էր, որ իրենք գործել են «Շահութահարկի մասին» եւ «Եկամտային հարկի մասին» օրենքներով, ակտն էլ կազմել ստուգման արդյունքում ձեռք բերված փաստաթղթերի հիման վրա:
«Ստուգման ակտերը տեղեկատվության եւ վերլուծության բաժինն ինչ տվել է, դա է: Մեկ հրաման է եղել երկարաձգման, միայն այդ միջանկյալ հրամանն է եղել 10-օրյա ժամկետով երկարաձգելու, մինչեւ նախագիծը կազմելը: Այն ընկերության տնօրեն Հակոբ Հակոբյանին է տրամադրվել: Հրամանի վրա գրված է «ծանոթացա եւ ստացա»: Նախագիծը կազմվել է նոյեմբերի 2-ին, ընկերության տնօրենը ստացել` նոյեմբերի 4-ին, առարկությունը ներկայացվել է նոյեմբերի 12-ին, ակտը կազմվել` 14.11.2016 թվականին: Առարկությունն եղել է, սակայն չի քննարկվել, քանի որ արդեն իսկ ուշացված է եղել մեկ օրով»,- ասել էր պատասխանողի ներկայացուցիչը:
Ըստ ներկայացուցչի, պայմանագրերը ներկայացրել են շահութահարկի մասով. «Ընկերությունում առկա են գնման ակտեր, որտեղ հստակ նշված է, թե ում կողմից է ձեռք բերվել մսամթերքը, ինչքան է վճարվել մսամթերքի դիմաց, նույնիսկ կանխիկ չի վճարվել, այլ բանկային հաշվից է փոխանցվել: Եթե ձեռք է բերվում գույք եւ եթե դրա իրացումից եկամուտ է ստանում, ապա դառնում է հարկային գործակալ»: Հայցը բավարարվել էր մասնակի՝ շահութահարկի մասով: Հարկայինը բողոք էր բերել: Ուշադրության արժանի էր վերաքննիչ դատարանի իրավական գնահատականը. «Վարչական դատարանը, նախ, արձանագրում է, որ հարկային մարմնի կողմից վիճելի ստուգման ակտի 21-րդ կետում կոնկրետացված չէ այն հանգամանքը, թե մատնանշված ժամանակահատվածում ի՞նչ եղանակով, ի՞նչ գումարով եւ կոնկրետ ումի՞ց ընկերությունը հատուցմամբ ձեռք է բերել տավարի, խոզի եւ գառան մսամթերք, ինչը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածում հիշատակված օրինականության ու իրավական որոշակիության սկզբունքներին եւ դատարանին հնարավորություն չի տալիս գնահատել դրա իսկությունը»:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ