Հինգ տարի ՏՏ ոլորտի տեխնիկական արտադրանք
ստեղծող ընկերությունը բարդությունների առջեւ է կանգնած եղել
2013թ. դեկտեմբերին, երբ դեռ Հայաստանի վարչապետն էր Տիգրան Սարգսյանը, ՀՀ վարչապետին կից արդյունաբերական խորհրդի՝ կառավարությունում կայացած հերթական նիստը նախկին վարչապետը սկսեց հայկական արտադրության առաջին պլանշետի՝ Armtab-ի եւ առաջին հեռախոսի՝ Armphone-ի ներկայացմամբ: Տ. Սարգսյանը տեղեկացրել էր, որ Հայաստանի ՏՏ ոլորտում գործող հայ-ամերիկյան Technology and Science Dynamics Incգ/Armtab Technologies ընկերությունը՝ TSD-ն նախաձեռնել է հայկական առաջին դյուրակիր համակարգիչների՝ պլանշետների արտադրություն Հայաստանում:
Ընկերության նախագահ Վահան Շաքարյանը հայտնել էր, որ արտադրության շրջանակում արդեն կան անդրոիդ համակարգով փորձնական հավաքված պլանշետներ՝ 7.85, 9, 9.7 եւ 10.1 դյույմանոց էկրանով, 3G եւ WiFi հնարավորություններով, ինչպես նաեւ առաջին հայկական հեռախոսը՝ Արմֆոնը: Նա վստահեցրեց, որ որակի առումով պլանշետները ոչնչով չեն զիջում համաշխարհային հայտնի ապրանքանիշերին: Ի դեպ, պլանշետների ծրագրային եւ սարքային ապահովման (software եւ hardware) դիզայնն իրականացվում է Հայաստանում: Այդ ժամանակ հայտարարվեց նաեւ, որ նախատեսվում է հայկական պլանշետների զանգվածային արտադրությունը եւ վաճառքն սկսել 2014թ. հունվար-փետրվար ամիսներին: Եվ բնական է, որ ընկերությունը նպատակ էր հետապնդում ինչպես հայաստանյան ներքին շուկայում, տարբեր ոլորտներում այդ պլանշետների կիրառման, այնպես էլ միջազգային շուկա դրանց արտահանման կազմակերպման խնդիրները լուծել:
ԱՄՆ-ում հայ գործարար Վահան Շաքարյանն իր «Minno» պլանշետներ արտադրող Technology and Science Dynamics ընկերությունը հիմնել էր 1998թ. եւ 2013թ. որոշեց, որ այն պետք է տեղափոխվի Հայաստան: Հենց այդ տարի դեկտեմբերին էլ նրա ընկերությունը Հայաստանում` ազատ տնտեսական գոտում, գործունեություն իրականացնելու իրավունք ստացավ ու ձեռնամուխ եղավ արտադրամաս հիմնելու գործին: 2015թ. մարտ ամսից արտադրությունը սկսվեց: 2015-ին ընկերությունն արդեն ուներ 127 բարձր վարձատրվող աշխատող, իսկ Շաքարյանը նշում էր, որ իր հաշվարկներով` 3-5 տարի կտեւի, մինչեւ իր կատարած ներդրումները վերադարձվեն, բայցեւ հավելում էր, որ դրան նա պատրաստ է ու գնում է` առանց այս փուլում եկամուտների ակնկալիքի:
2016թ. հունիսի 6-ին Երեւանում պաշտոնապես ներկայացվեցին հայկական առաջին սմարթֆոնները: «Ժամանակն է հայկականի…»՝ կարգախոսով սպառողին ներկայացվեցին ArmPhone սմարթֆոնները, ցուցադրվեցին armphone 0502, armphone 0505, armphone 0508, armphone 0509 եւ armphone 0520 մոդելները: TSD ընկերության հիմնադիր Վահան Շաքարյանը վստահեցնում էր՝ հայկական հեռախոսները, որոնք ոչնչով չեն զիջում աշխարհում արտադրվող սմարթֆոններին, իսկ սմարթֆոնների արտադրությունը եւս մի քայլ է՝ նպաստելու Հայաստանի տնտեսության զարգացմանը. «Մենք արտադրում ենք որակյալ ապրանք եւ վստահ եմ, որ որոշ ժամանակ հետո միջազգային շուկայում կլինի մի մասնիկ, որը կճանաչի մեզ»:
Հենց այդ օրերին արդեն Վահան Շաքարյանը հայտնեց, որ նախատեսում են ArmPhone-ն առաջին հերթին արտահանել Ռուսաստան, Ղազախստան, Վրաստան, Ուկրաինա, Բելառուս, իսկ հետո աշխարհագրությունը կընդլայնեն, նախատեսում են հայկական սմարթֆոնների խանութ բացել Մոսկվայում, եւ արդեն բանակցություններ են վարում մատակարարող ընկերությունների հետ:
Սա իսկապես ձեռներեցության բացառիկ օրինակ է այն առումով, որ պտուղ-բանջարեղենից, կոնյակի արտադրությունից բացի, աշխարհին էր ներկայացվում ՏՏ ոլորտի տեխնիկական արտադրանք, ըստ էության, Վահան Շաքարյանը գնաց համարձակ քայլի՝ Հայաստանում հայկական արտադրանք ստեղծելով՝ «Made in Armenia» պիտակով:
Այս տարվա մարտ ամսին՝ դեռ մինչեւ Հայաստանում կառավարության փոփոխությունը, «Ազատություն» ռ/կ-ի եթերում «High միտք» հաղորդաշարի հյուրը TSD ընկերության նախագահ Վահան Շաքարյանն էր: Պարզվում է, հինգ տարի է անցել, իսկ ընկերությունը դեռ բարդությունների առջեւ է կանգնած: Խնդիրը ոչ միայն տեխնիկայի հագեցած շուկայում տեղ զբաղեցնելն է, ճանաչված բրենդների հետ պայքարելն է, այլեւ բյուրոկրատական ձգձգվող ու անլուծելի թվացող խնդիրներ կան, ինչպես նաեւ հայրենի կառավարությունից աջակցություն չստանալը:
Ընկերության արտադրանքի համար տեղական շուկան բավական փոքր է, իսկ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի շուկաներն էլ մտնելը իրենց խնդիրներն ունեն՝ կապված հայկական արտադրանքի նկատմամբ այդ երկրների կառավարության մոտեցումների եւ շուկա մտնելու համար սերտիֆիկացիաների հետ: Վահան Շաքարյանը մասնավորեցրել է, թե ինչ խնդիրների մասին է խոսքը. «Մենք արդեն մեկ տարի երեք ամիս է՝ չենք կարողանում լուծել մեկ սերտիֆիկատի հարց: Մեր պրոդուկտներն ունեն բոլոր անհրաժեշտ սերտիֆիկացիան՝ վաճառքի համար, բայց Ռուսաստանի կառավարությունը 4 սերտիֆիկատից երեք հատը ընդունում է, որոնք տրվում են Հայաստանում, չորրորդը՝ չի ընդունում: Չորրորդ սերտիֆիկատի համար ռուսական կողմի պահանջները հետեւյալն են, որ մենք այնտեղ պետք է կամպանիա բացենք, պետք է ունենանք տեղական 5-6 աշխատողներ, մինիմում վեց ամիս այդ մարդկանց պետք է աշխատավարձ տանք եւ որից հետո յուրաքանչյուր նոր մոդելի համար պետք է դիմենք այդ սերտիֆիկատը ստանալու համար, որը կարող է տեւել 3-6 ամիս եւ կարժենա 20 000 դոլար: Սա խնդիր է, եւ մեկ տարի 3 ամիս փորձում ենք ե՛ւ տեղական կառավարության, ե՛ւ ռուսական կառավարության հետ լուծել այդ հարցը, բայց հարցը լուծում չի ստանում»:
Այս բարդությունների արդյունքում ընկերությունը մի շարք ապրանքների մասսայական արտադրություն չի կարողանում սկսել՝ սպասելով սերտիֆիկացման հետ կապված խնդիրների լուծմանը, մինչդեռ Հայաստանի դաշնակից համարվող Ռուսաստանում, Բելառուսում, Ղազախստանում ըստ ընկերության ղեկավարի՝ իրենց արտադրանքի ավելի մեծ պահանջարկ կա՝ քան Եվրոպայի եւ ԱՄՆ-ի շուկաներում, բայց ՀՀ կառավարությունն էլ, փաստորեն, չի կարողանում աջակցել տեղական ընկերություններին՝ դուրս գալ այդ երկրների շուկաներ:
Հայաստանի նոր կառավարությունը շարունակ հայտարարում է, որ կարեւորում է Ռուսաստանի հետ էլ ավելի արդյունավետ հարաբերությունների հաստատումը: Հայաստանում արտադրանք ստեղծող TSD ընկերությունն ի վերջո կկարողանա՞ ընդլայնվել, դուրս գալ Հայաստանի դաշնակից երկրների շուկաներ, ՀՀ կառավարությունը կկարողանա՞ լուծել TSD ընկերության առջեւ ստեղծված խնդիրները, ի վերջո դա նույնպես կնպաստի Հայաստանի տնտեսական զարգացմանը:
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ աշխատանքային այցով Ռուսաստանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ հանդիպել էր ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ եւ քննարկել էին հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների զարգացման հարցերը, անդրադարձել էին տնտեսության տարբեր ճյուղերում համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքին, կարեւորվել էր երկկողմ առեւտրաշրջանառության ծավալների ավելացումը եւ այդ համատեքստում ընդգծել էին հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ակտիվ ու արդյունավետ աշխատանքի անհրաժեշտությունը: Փաշինյանն ու Մեդվեդեւը, մասնավորապես, անդրադարձել էին ԵԱՏՄ-ի շրջանակում փոխգործակցությանը, ինչպես նաեւ էներգետիկայի, արդյունաբերության, ներդրումային եւ հումանիտար ոլորտներում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցերի:
«Ընդհանուր առմամբ, մենք զարգանում ենք, ես նկատի ունեմ տնտեսությունը, սոցիալական ոլորտը: Այս առումով, կառավարությունների աշխատանքի կոորդինացումը կարեւոր է եւ՛ Ռուսաստանի, եւ՛ Հայաստանի համար… Ընդհանուր առմամբ, ցանկանում եմ ասել, որ հարաբերությունները զարգանում են վստահ, դինամիկ կերպով, դա կապված է նաեւ նրա հետ, որ ձեր երկրի տնտեսությունը վերջին ժամանակներս ցույց է տալիս զարգացման ոչ վատ ցուցանիշներ, մեր տնտեսությունը եւս զարգանում է, ինչը նաեւ Եվրասիական տնտեսական միության աշխատանքի արդյունք է»,- ասել էր Մեդվեդեւը: Իսկ Փաշինյանը հույս էր հայտնել, որ Ռուսաստանի հարաբերությունները կլինեն առավել արդյունավետ, եւ՛ տնտեսության, եւ՛ այլ ոլորտներում. «Իհարկե, մենք արդեն հայտարարել ենք, որ Եվրասիական տնտեսության միության հետ կապված մեր գլխավոր նպատակն է միությունը եւ դրան մեր անդամակցությունը դարձնել ավելի արդյունավետ, որպեսզի կազմակերպությունը դառնա ավելի արդյունավետ եւ ավելի արդյունավետ նպաստի մեր տնտեսությունների զարգացմանը: Մենք պատրաստ ենք աշխատել այդ ուղղությամբ… Կարծում եմ, որ այժմ մեր հարաբերությունները զարգանում են շատ պոզիտիվ, եւ պետք է հիմնվել այդ պոզիտիվի վրա, հիմնվել միմյանց ազգային շահերի վրա»:
Մոսկվայից վերադառնալուց անմիջապես հետո՝ հունիսի 15-ին կառավարության հերթական նիստում Նիկոլ Փաշինյանն արձանագրեց, թե հայ-ռուսական հարաբերությունները զարգանում են շատ ավելի լավ տեմպերով, քան ընդունված է կանխատեսել հայկական եւ ոչ միայն հայկական մամուլում, ապա հավելեց. «Մեր հարաբերություններում խնդիրներ չկան եւ անհրաժեշտ է աշխատել, որպեսզի այն տնտեսական ներուժը, որ ունենք, լիարժեք իրացվի: Իհարկե, այցի արդյունքներով մենք բազմաթիվ նախարարների հետ զրույցներ կունենանք եւ կլինեն կոնկրետ հանձնարարականներ: Այս պահին ուզում եմ արձանագրել, որ կառավարությունը եւ առընթեր մարմինները պետք է լրջորեն աշխատեն, որպեսզի կարողանանք մրգի եւ բանջարեղենի արտահանման ողջ պոտենցիալը լիարժեք օգտագործել, որովհետեւ Ռուսաստանի շուկան դրա կարիքն ունի: Նաեւ Ռուսաստանում հույս ունեն, որ մենք լիարժեք մատակարարումները կկարողանանք իրականացնել: Ակնկալում եմ, որ որոշ կառուցվածքային փոփոխությունները, որոնք կապված են օրենսդրության հետ, որեւէ նեգատիվ ազդեցություն չեն ունենա այս գործընթացի վրա»:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ»
22.06.2018