Նախկին «Միկա» մարզադահլիճում չորրորդ անգամ անցկացվեց Լավագույն նախադպրոցական մարզական հաստատություն մրցույթը:
Նախնական փուլերին մասնակցել է Երեւանի, Հայաստանի բոլոր մարզերի եւ Արցախի նախադպրոցական տարիքի ավելի քան 14 հազար երեխա, որոնք հաղթել էին նախնական եւ մարզային փուլերում:
Մանուկները մրցեցին հինգ մրցաձեւից, որի արդյունքում մրցանակային երեք առաջին տեղերը զբաղեցրին Սյունիքի մարզի Գորիս քաղաքի թիվ 2 նախադպրոցական հաստատությունը, որն արժանացավ 500 հազար դրամ մրցանակի, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի թիվ 13 (450 հազար) եւ Երեւանի թիվ 7 (350 հազար) նախադպրոցական հաստատությունները:
Մրցանակակիր նախադպրոցական հաստատություններին հանձնվեցին նաեւ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության հավաստագրեր, մեդալներ եւ մարզահագուստ, իսկ 4-ից 12-րդ տեղերն զբաղեցնողներին՝ նախարարության շնորհակալագրեր, հեծանիվ, թիմերի անդամներին՝ նաեւ մարզահագուստ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ