Հունիսի 13-ին Նոյեմբերյանի մշակույթի տանը Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանի հետ հանդիպման ժամանակ «Տավուշ» ջուր օգտագործողների ընկերության (ՋՕԸ) նախկին գլխավոր ճարտարագետ Սերգեյ Ղարախանյանը բողոք ներկայացրեց այդ ընկերության գործադիր տնօրեն Յուրա Որսկանյանի դեմ: Նա հետո բողոքը գրավոր ներկայացրել է Տավուշի մարզպետարան, որտեղից այն ուղարկվել է ջրային տնտեսության պետական կոմիտե: Ս. Ղարախանյանը նշում է, որ Յուրա Որսկանյանը աշխատավարձի ֆոնդի կրճատման պատճառաբանությամբ կրճատել է 4 աշխատողի:
Նա ասաց, որ կրճատված աշխատակիցները հանրապետությունում ընդունված նվազագույն աշխատավարձին մոտ չափով էին ռոճիկ ստանում, մինչդեռ Յուրա Որսկանյանի դրույքաչափը 350 հազար դրամ է : Ս. Ղարախանյանը հայտնեց, որ 2017թ. «Տավուշ» ՋՕԸ-ն Ոսկեվան գյուղում ոռոգման ցանցից ճյուղավորում կազմող ջրագիծ է կառուցել, այդ ծրագրում «Տավուշ» ՋՕԸ-ն հանդես է եկել եւ նյութեր գնող եւ ջրագիծ կառուցող: Ս. Ղարախանյանը, որը նախկինում բազում շինարարական աշխատանքներ է ղեկավարել, հաշվարկել է, որ այդ նպատակով ծախսված 6.8 միլիոն դրամից առնվազն 1.8 միլիոն դրամը հավելագրում է:
Ս. Ղարախանյանը հայտնեց, որ «Սպայկա» ընկերությանը 2017թ. Նոյեմբերյանի տարածաշրջանի Հաղթանակ գյուղում իր հողերը ոռոգելու համար կառուցել է կուտակային ջրամբար ու ոռոգման ջրագծեր: Այդ գործի հողային աշխատանքների մեծ մասը կատարել է «Տավուշ» ՋՕԸ-ի Նոյեմբերյանի տեղամասի «ՋՊՍ» տեսակի էքսկավատորը: Էքսկավատորի կատարած հողային աշխատանքների վճարը, ըստ Ս. Ղարախանյանի հաշվարկի, կազմում է շուրջ 6 միլիոն դրամ, փաստացի ծախսերը հանած`էքսկավատորը Յու. Որսկանյանին շուրջ 3 միլիոն դրամի շահույթ կարող էր բերել: Ս. Ղարախանյանը հայտնեց , որ Յուրա Որսկանյանը «Սպայկա» ընկերության հետ էքսկավատորի շահագործման պայմանագիր չի կնքել, այդ գործարքը փաստաթղթային ձեւակերպում չի ստացել:
Ղարախանյանն ասաց, որ Յու. Որսկանյանը «Տավուշ» ՋՕԸ-ի գործադիր տնօրեն է դարձել այն բանի շնորհիվ, որ ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Միքայել Մակինյանը իր հարազատ քրոջ որդին է, վերջինս սատարում է քեռուն:
Ս. Ղարախանյանի առաջադրած հարցերի վերաբերյալ զանգահարեցի Յուրա Որսկանյանին: Նա հայտնեց, որ Ոսկեվանում ոռոգման ջրագիծ կառուցելու համար ջրային տնտեսության պետական կոմիտեն սեփական միջոցներից 6.8 միլիոն դրամ է հատկացրել, այն նպատակային նշանակությամբ է ծախսվել, Ոսկեվանի համայնքապետարանը հետեւել է, որ ջրագծի կառուցումը նախագծի համաձայն կատարվի:
Նա ընդունեց, որ Հաղթանակում «Սպայկա» ընկերության ջրամբարի եւ ոռոգման ջրագծերի կառուցման ժամանակ իրենց ընկերության էսկավատորն աշխատել է, ասաց, որ էքսկավատորի նորոգման համար «Սպայկան» կարող էր գումարներ հատկացնել, սակայն ժխտեց,որ ինքն այդ ընկերությունից գումարներ է վերցրել: Նա հաստատեց, որ էքսկավատորի շահագործման համար «Սպայկայի» հետ պայմանագիր չի կնքվել:
Որսկանյանն ասաց, որ ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Մ. Մակինյանը իր քրոջ որդին է, սակայն հավելեց, որ ինքը 2002թ-ից է աշխատում ոռոգման համակարգում, ղեկավարել է «Խնձորուտ» ՋՕԸ-ն, մինչեւ 2009թ.-ը եղել այդ համակարգում,2015թ. Այգեձորից տեղափոխվել է, դարձել «Ուտիք» ՋՕԸ-ի ղեկավար, «Տավուշ» ՋՕԸ-ն ձեւավորվել է 2016թ. նոյեմբերի 12-ին:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ