Այսօր Արթիկի ավագանին արտահերթ նիստ է գումարել՝ Մանվել Գրիգորյանին զրկելով Արթիկի պատվավոր քաղաքացու կոչումից։ Մանվել Գրիգորյանին պատվավոր քաղաքացու կոչման արժանացրել էին դեռևս 2006 թվականին, երբ նա զբաղեցնում էր ՀՀ պաշպանության փոխնախարարի պաշտոնը։ Թե Արթիկի համար արված ո՞ր մի լավ գործի համար է արժանացել այս կոչմանը, այդպես էլ չկարողացանք պարզել․ ավագանու նոր անդամներից ոմանք չգիտեին հիմքը, Արթիկի քաղաքապետ Մխիթար Վարագյանն էլ մեր հեռախոսազանգերին չպատասխանեց։
ԱԱԾ-ի տեսանյութից ու Մանվել Գրիգորյանի մասին բազմաթիվ հրապարակումներից հետո Արթիկ քաղաքի բնակիչները դիմել են ավագանու անդամներին՝ պահանջելով անհապաղ նրան զրկել իրենց քաղաքի պատվավոր քաղաքացու կոչումից։ Ավագանին էլ այսօր միաձայն որոշում է կայացրել՝ այսպիսով արտահայտելով բնակիչների զայրույթն ու խորը հիասթափությունը։
Արթիկի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում տեղադրված է ավագանու որոշումը։
«Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 հունիսի 2018 թվականի N 37-Ա
Արթիկ համայնքի ղեկավարը և ավագանու անդամները, համայնքապետարանի և նրա ենթակա հիմնարկների աշխատակիցները, Արթիկի ողջ հանրությունը խորը զայրույթով և հիասթափությամբ են ընդունել Երկրապահ Կամավորական Միության վարչության նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանի կատարած չարաշահումների վերաբերյալ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված բացահայտումների մասին տեղեկատվությունը:
Բազմաթիվ քաղաքացիներ պահանջում են Մանվել Գրիգորյանին զրկել Արթիկ համայնքի պատվավոր քաղաքացու կոչումից, որը նրան տրվել է 2006 թվականի նոյեմբեր ամսին: Արթիկ համայնքի ավագանին իր ձայնն է միացնում Հայաստանի Հանրապետության բոլոր ազնիվ և հայրենասեր մարդկանց ձայնին, դատապարտում է բանակի և զինվորի նկատմամբ ամեն մի ոտնձգություն, միաժամանակ իր զորակցությունն է հայտնում կոռուպցիայի և չարաշահումների դեմ պայքարի Հայաստանի Հանրապետության իշխանությունների իրականացրած քայլերին:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին այսօր որոշեց
Երկրապահ Կամավորական Միության վարչության նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանին զրկել Արթիկ համայնքի պատվավոր քաղաքացու կոչումից:
Արթիկ համայնքի ավագանու 2006 թվականի նոյեմբերի 9-ի թիվ 15 որոշումը «Հայաստանի Հանրապետության պաշտպանության փոխնախարար, գեներալ լեյտենանտ Մանվել Գրիգորյանին Արթիկի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու մասին» ճանաչել ուժը կորցրած:
Նիստին ներկա էին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 11 անդամներ,որոնք միաձայն կողմ քվեարկեցին որոշմանը, դեմ՝ 0 ձեռնպահ՝ 0: Մանվել Գրիգորյանին Արթիկի քաղաքացիությունից զրկող ավագանու անդամներ են՝ Բզնունի Կորյունը, Գասպարյան Վաղարշակը, Հակոբյան Տարոնը, Ղուլիջօղլյան Ռաֆիկը, Մկրտչյան Մուշեղը, Նիկողոսյան Արմենը, Վարագյան Արտաշեսը, Վարագյան Մեսրոպը, Սահակյան Ահարոնը, Վարդանյան Ոսկանը, Չոփիկյան Արտակը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ