Այսօր «Ելք» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը «Մեդիա կենտրոնում» հրավիրած ասուլիսում հեղափոխության օրերից մի դրվագ պատմեց. «Բաղրամյան փողոցի վրա բախման առաջին օրը կանգնած էի հենց առաջին շարքում, իմ դիմաց ոստիկանական պատն էր, դեռ փշալարերը չէին անցկացրել, ես հատ-հատ նայում էի սաղավարտներով ոստիկանների աչքերին ու ասում էի՝ դու իմ ընկերն ես, իմ եղբայրն ես, անգամ եղավ՝ մեկին նայեցի ու ասեցի՝ դու իմ թաղի տղան ես ու ինքը խառնվեց իրար: Ուզում էր տեղը բերել՝ ով է: Ի զարմանս ինձ, նույն պատասխանը ես լսում էի նրանցից: Նայում էին ինձ ու ասում՝ հա, ցավդ տանեմ, դու էլ իմ ախպերն ես, իմ ընկերն ես, մի արի առաջ»:
Պատգամավորն ասաց, որ առաջին անգամ ցույցի է դուրս եկել Ստեփան Դեմիրճյանի համար, բայց իր կյանքում շրջադարձային է եղել 2008-ը. «Բավականին լուրջ հետք թողեց, չեմ կարող բառերով ասել, թե ինչ տեղի ունեցավ ինձ հետ: Այն, ինչ տեղի ունեցավ, իմ աչքի առաջ եղավ, առավոտյան ժամը 6-ին, երբ մտան օպերա, մի 40 րոպե առաջ էի գնացել այդտեղից, մնացած բոլոր գործողությունները տեսել եմ իմ աչքով: Հետո ընդհատակում եղանք մի որոշ ժամանակ…ավելի ամրապնդվեց, որ պետք է զբաղվեմ քաղաքականությամբ: Մինչեւ այդ ակտիվ քաղաքացի էի, հետո հասկացա, որ չէ, պետք է զբաղվել ակտիվ քաղաքականությամբ»:
Հարցին՝ այն, որ դուք վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ եղբայրն եք՝ աներձագն եք, կաշկանդո՞ւմ է դա ձեզ՝ Հրաչյա Հակոբյանը պատասխանեց, որ ոչ, չի կաշկանդում. «Ես ավելի շատ պատասխանատվություն չունեմ, այդ փաստից ելնելով: Եթե ես ԱԺ-ում աշխատում եմ, արդեն իսկ մեծ պատասխանատվություն եմ կրում բոլորի առջեւ, ինքս իմ առջեւ: Ես ինքս ի՛մ առջեւ եմ պատասխանատու՝ ելնելով նրանից, որ բարեկամական կապի մեջ եմ վարչապետի հետ»: Նա ասաց, որ պատասխանատու է իրեն զգում իր ընտրողների առջեւ, խնամի-ծանոթ-բարեկամից ոչ պակաս:
Հրաչյա Հակոբյանը դերասան է, գեղարվեստական ֆիլմերում եւ հեռուստանախագծերում է խաղացել, նա խոսեց թատրոնների խնդիրներից, հեռուստաեթերի որակից, ասաց, որ թատրոններում պետք է կամք դրսեւորեն եւ սերնդեսերունդ չմնան՝ որպես գեղարվեստական ղեկավար:
Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոնի»
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ