Մեծարգո պարոն վարչապետ, հարգելի առաջնորդ, մեծ կամքի տեր, նպատակասլաց անհատականություն պարոն Փաշինյան: Մարդ, ով հանձն առավ փրկելու մեր վտանգված պետականությունը, վտանգված ազգային արժեքները, մշակույթը, տնտեսությունը, բնությունը, ով մեկնարկեց մեր երկրի ապագաղութացման գործընթացը:
Այն համահայկական ուրախությունը, փրկության հույսը, որը Դուք մեզ շնորհեցիք, անշուշտ, պետք է ունենա իր ցանկալի շարունակությունը, և այդ հաղթական, արգասաբեր շարունակությունն էլ մեր երկրի համար ամրագրվելու է հավերժության ենթատեքստում:
Թավշյա հեղափոխությունը մայիսի 8-ին ոչ թե ազդարարեց իր հաղթական ավարտը, այլ հզոր երկիր կառուցելու, մեր երբեմնի՝ Տիգրանմեծյան վարկանիշը հաստատելու և երբեք չկորցնելու գործընթացը:
Պարոն Փաշինյան, ես ալավերդցի եմ, ով անվերապահորեն սիրահարված է աշխարհի ամենագեղեցիկ, ամենամշակութային, ամենադրախտային թումանյանական Լոռվա աշխարհին: Եվ, ցանկացած ոտնձգություն մեր Լոռվա “աշխարհի” նկատմամբ կբախվի լոռեցիների արդար դիմադրությանը:
Ես ցանկանում եմ խոսել իմ և լոռեցիների անունից «Շնող ՀԷԿ»-ի կառուցման մասին: Նախկին կառավարության կողմից այն արժանացել է հավանության, այն կառավարության, որի պատճառով երկիրը պարալիզվել էր, որտեղ երբեք չի եղել պետության շահ: Այն ստորադասվել է որոշ պաշտոնյաների և գործարարների անձնական շահերին: Այն կառավարության, որ ապականել է մեր Լոռվա բնաշխարհը բնապահպանական խնդիրներով, և որոնք արդարացիորեն պետք է ընդգրկվեին Հայաստանի Հանրապետության հրատապ լուծում ենթադրող խնդիրների ցանկում.
- Լեռնամետալուրգիական գործարանի պարբերաբար օդ արտանետվող թունավոր նյութերի սարսափելի քանակը, որը անտանելի է դարձնում Ալավերդի, Օձուն, Աքորի, Հագվի համայնքների բնակիչների կյանքը;
- Մաքրման կայանի բացակայությունը, որի պատճառով կոյուղաջրերը թափվում են Դեբեդ գետը:
Այս խնդիրները քիչ համարելով նոր էկոլոգիական աղետի սկիզբ է դրվել նախորդ կառավարության թույլտվությամբ, 2017-ի օգոստոսի 10-ին, 973 – Ա որոշումով Լոռու մարզի «Շնող» ՀԷԿ-ի կառուցման նախագծին՝ հիմնավորելով իբր տնտեսություն են զարգացնում: ՄԵԶ՝ ԼՈՌԵՑԻՆԵՐԻՍ ՍՊԱՍՎՈՒՄ Է ՆՈՐ ԱՂԵՏ:
Ամենաջրառատ գետը՝ Դեբեդը, Ձաղիձորից մինչև Շնող հատվածում փորձում են վերածել կոյուղատարի: Գետի երկայնքով տեղակայված համայնքներում՝ Ալավերդի, Ախթալա, Թումանյան, Շնող տիրելու է գարշահոտություն:
Ինչպե՞ս կարելի է տնտեսության զարգացումը տեսնել խախտումներով կառուցվող ՀԷԿ-երի և հանքերի կոնտեքստում: Ինչքան կարելի է խոշտանգել կանաչապատ տարածքները, ընդերքը, գետերը ինչ-որ գործարարների քմահաճույքով, և թմբկահարել, թե տնտեսություն ենք զարգացնում, աշխատատեղեր ենք ստեղծում… Այս և մյուս ՀԷԿ-երի, հանքերի շահագործումը ուղղակի հարված է սոցիալական, մշակութային, առողջապահության, զբոսաշրջության, ժողովրդագրության ոլորտներին: Անմասն չեն մնալու նաև զբոսաշրջության ոլորտի այն օղակները, ենթակառուցվածքներ՝ սրճարաններ, հյուրանոցներ և հյուրատները, ռեստորանները՝ տեղակայված գետի ափամերձ հատվածում, որոնք սպասարկում են զբոսաշրջիկներին: Հերթական հարվածն է հասցվելու փոքր և միջին ձեռնարկատերերին:
Դեբեդի վրա ռաֆտինգով զբաղվելը անցնելու է պատմության գիրկը, որը, ի դեպ, նույնպես զբոսաշրջությունը զարգացնելու բավականին հետաքրքիր և էքստրեմալ ուղղություն է: Այս սպորտաձևի մեկնարկը տրվել է 2017 թվականին:
Դուք պատկերացնո՞ւմ եք այն զբոսաշրջիկների դեմքի արտահայտությունը, երբ նրանք ցանկանան այցելել մեր տարածաշրջանի պատմամշակութային հուշարձանները և ականատես լինեն երբեմնի ջրառատ Դեբեդի փոխարեն սակավաջուր «կոյուղատարի»: Ինչպես եք պատկերացնում Քարե կամուրջը, որի տակով հոսում է ոչ թե թումանյանական գիժ Դև- բեդը մոլի, այլ զազրելի կոյուղատար: Բա էլ ինչպե՞ս ենք զարգացնելու զբոսաշրջությունը, ինչպե՞ս ենք պահպանելու մեր հուշարձանները:
Այդ գետը իր վայրի գեղեցկությամբ մեծ շուք է տվել ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններին:
Վնասվելու է գետի ֆաունան, ֆլորան: Գետին հարակից հողամասերի ոռոգումը դառնալու է երազանք: Ինչպե՞ս ենք համոզելու մեր երեխաներին, որ չգնան և չլողանան կոյուղաջրերում ամառվա շոգին. .. Պատկերացրեք ամառվա շոգը, գարշահոտությունը, կոյուղաջրերը, համաճարակներ…
Ինչպե՞ս ենք համոզելու մեր լոռեցիներին, որ չարտագաղթեն իրենց ԴՐԱԽՏԱՎԱՅՐԻՑ՝ փորձելով փրկվել սպասվող մղձավանջից:
Սա ազգային անվտանգության խնդիր է:
Մեծարգո պարոն վարչապետ, մենք՝ լոռեցիներս, համոզված ենք, որ ՀՀ տնտեսության զարգացման Ձեր տեսլականը մերժում է վերոնշյալ հակապետական քայլերը:
Մ՞իթե մեր երկիրը էլ. Էներգիայի խնդիր ունի և այն ստանալու միակ եղանակը ՀԷԿ-երն են: Կան նաև վերարտադրվող և շրջակա միջավայրի համար անվտանգ այլընտրանքային միջոցներ: Օրինակ, արևային, հողմային կենսազանգվածի ռեսուրսները:
Խնդրում եմ բոլոր լոռեցիներին Հայաստանում և Հայաստանից դուրս բնակվող, այն մարդկանց, ովքեր գոնե մեկ անգամ անցել են մեր գեղատեսիլ Լոռիով, այն մարդկանց, ովքեր երբևիցե հյուրնկալվել և վայելել են մեր հրաշք բնությունը, մեզ հետ բարձրացրեք Ձեր բողոքի ձայնը: Փորձենք միասին հասնել այս անօրեն որոշման կասեցմանը, որը նախկին կառավարության խայտառակ ձեռագիրն է:
Լիլիթ Գալինյան