Այսօր Aravot.am-ը ՊՆ նախարարի խորհրդական, գեներալ Վարդան Ավետիսյանին հարցրեց՝ հասարակության մեջ այնքան հարցադրումներ կան ապրիլյան պատերազմի, դրան հաջորդած իրադարձությունների հետ կապված, Սեյրան Օհանյանի պաշտոնաթողության հետ կապված, դուք այս առնչությամբ ԱԱԾ-ին ասելու բան ունե՞ք՝ Վարդան Ավետիսյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ վաղ է դրա մասին խոսել, բայց ունեմ ներքին մի համոզվածություն, որ գալու է նաեւ դրա ժամանակը եւ դրա մասին էլ բարձրաձայնելու ենք ճշմարտությունը: Անշուշտ, ԱԱԾ-ին, եթե ես չասեմ, ապա գտնվելու են ինձ նման ուրիշներ, ուրիշներն են ասելու եւ այսօր էլ մենք ականատեսն ենք լինում դրան: Պատահական չէ, որ հիմա սկսել են առանձին մարդկանց ծաղկաքաղը: Նրանց կվերջացնեն, կանցնեն մոլախոտերին»:
Մենք ճշտեցինք՝ կոնկրետ անձա՞նց նկատի ունեք՝ Վարդան Ավետիսյանը հաստատեց՝ կոնկրետ անձանց նկատի ունեմ. «Ես խոսում եմ Եզոպոսի լեզվով՝ հասկացողների համար, բայց կոնկրետ այդ մարդիկ կան, որ հիմա աջուձախ դատապարտում են երեւույթը, դատապարտում են Մանվել Գրիգորյանի հետ տեղի ունեցածը՝ սրբացած, չքմեղացած, կեղծ բարեպաշտի կարգավիճակով: Ինչ-որ տեղ մեկն էլ արտասվում է կոկորդիլոսի արցունքներով՝ հուզված: Ասեմ, որ իմանաք, մենք գիտենք ով ով է եւ ով ինչ է շնչում՝ պարզ ու հստակ: Իրար աչքերի, երբ նայում ենք, մենք գիտենք նա ինչ է շնչում եւ ինչ կա այդ աչքերի խորքում թաքցրած: Վերջերս մեկը այցելության էր գնացել «Երկիր մեդիա» հեռուստատեսություն, սրբություններից էր խոսում, մաքրությունից էր խոսում: Մի հարցնող լինի՝ դո՞ւ ով ես՝ Մանվել Գրիգորյանի փոքր տեսակը: Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը դրանց ժամանակն էլ պիտի բերի, եթե չբերի, ապա Նիկոլ Փաշինյանը ձախողված է»:
https://www.youtube.com/watch?v=gQiNcn8gAcM
Ըստ Վարդան Ավետիսյանի, եթե վարչապետը սկսել է «մաքրել» տարածքը, պիտի գնա մինչեւ վերջ ու առանց խտրականության. «Նրանք, ովքեր ժամանակին թալանել են, մսխել ու լափել են էս երկիրը, ՊՆ-ի էս համակարգը, պիտի՛ պատասխանատվություն կրեն՝ անկախ նրանից՝ 10 տարի առաջ են զորացրվել, 5 տարի առաջ են զորացրվել, 2 տարի առաջ, թե 15 տարի առաջ, չէ՞ որ բոլորս գիտենք, թե ով ինչքան է լափել եւ երբ է լափել ու ինչպես է լափել ու ինչպես է կոծկել իր լափելը: Բոլորս գիտենք: Հիմա եկել է բարձրաձայնելու ժամը, ոչ թե քարեր հավաքելու: Քարեր հավաքելու ժամն էլ է գալու, դրա օրն էլ է գալու»:
Վարդան Ավետիսյանը հայտարարեց. «Ո՞վ չէր իմանում, թե Մանվել Գրիգորյանը ինչով էր զբաղված, թե Սուրիկ Խաչատրյանն ինչով էր զբաղված»:
Մեր դիտարկմանը, որ ասում են՝ չենք իմացել, ում էլ հարցնում ենք, ասում են՝ բա որ իմանայինք, չէի՞նք ընդդիմանա, օրինակ, Սեյրան Սարոյանն է ասում՝ գեներալ Ավետիսյանը պատասխանեց. «Սեյրան Սարոյանը թող գնա մտածի, որ իր հետեւից էլ են գալու: Ինքը հիմա չքմեղացած փորձում է, որ արդարանա, փորձում է բռնադատել Մանվել Գրիգորյանին, փորձում է գնահատականներ տալ՝ առանց հասկանալու եւ տրամաբանելու, որ նախաքննություն է գնում եւ գնահատականներ տալու ոչ ոք իրավունք չունի: Պետք է նախաքննությունը ավարտվի, նախաքննությունից հետո դատ ու դատաստան կլինի, վճիռ կհրապարակվի, նոր կասես քո ասելիքը: Բա որ հանկարծ Մանվել Գրիգորյանը քեզ լսի ու քո մասին ցուցմունքներ տա, չէ՞ որ բոլորս գիտենք, որ փոխկապակցված եք դուք երկուսով»:
Մեր դիտարկմանը, որ Սարոյանն ասում է՝ Մանվել Գրիգորյանը շատ փակ մարդ է եղել, ես ոչինչ չեմ իմացել, Մանվել Գրիգորյանի օգնականն էլ է ասում՝ ոչնչից տեղյակ չեմ եղել՝ Վարդան Ավետիսյանը արձագանքեց. «Եթե դու հայտնվում ես մի շրջապատում, սենյակում, որտեղ տարածված է բուրումնավետ հոտ, ինչպե՞ս կարող է քո զգայարանները քեզ դավաճանեն եւ դու չզգաս, թե այդ հոտը ինչ հոտ է՝ ծաղկի՞ հոտ է, թե՞ արտաթորանքի:
Նրանք ինչ ասում են, թող իրենց չգցեն սրա-նրա բոստանները ու փորձեն ուրիշի բոստանն էլ քարեր շպրտել: Իրենք շատ լավ էլ գիտեն, շատ լավ էլ տեսել են, շատ լավ էլ մասնակից են եղել: Չե՞ն իմացել, թե տուշոկաները որտեղ են գնում, ինչպես է լինում, լավ էլ իմացել են: Վստահ եմ, որ իմացել են, պարզապես մեզ մոտ ազգային սովորույթ կա՝ ընկած եզին դանակավորները ոչ թե սկսում են կաշին քերթելը, այլ փորձում են կաշին քերթելուց հետո իրենց համար էլ օգուտ ակնկալել: Սա ցավ է, սա ազգային դժբախտություն է: Մենք չպիտի թողնենք ազգովի, որ այդ եզը հասնի ընկնելուն, այլ գլխից պետք է դեմն առնեինք՝ դեռեւս 90-ականներից: Պետք է ոչ թե սկսել այսօրվա դեպքերից, այլ խորքերը գնալ: Սեյրան Սարոյանի վրա չկենտրոնանաք, էնքան սեյրան սարոյաններ կան, էնքան մելքոնյան գագիկներ կան՝ անաղարտ, հրեշտակ, մաքուր կեցվածքով, աչքերին նայում ես, խղճահարվում ես, ասում ես՝ նստեմ սրա համար աղոթեմ ու լացեմ…Քաղաքական կա՛մք է պետք: Այդ քաղաքական կամքը չի եղել առաջին նախագահի ժամանակվանից մինչեւ վերջին նախագահի ժամանակները, որովհետեւ նա սկսեց երկիրը թալանելը, քանդելը, պարսիկներին վաճառելը, իսկ այս մեկն էլ ուրիշ բաներով էր զբաղված»:
Մեր հարցին՝ Դուք աշխատել եք նախկին իշխանությունների օրոք, ինչպե՞ս եք աշխատել՝ այս ամեն ինչը հաշվի առնելով՝ Վարդան Ավետիսյանը պատասխանեց. «Աշխատել եմ խղճիս մտոք, որ խղճիս առջեւ հանգիստ լինեմ, ինչ ապրումներ որ ունեցել եմ, ես տվել եմ իմ գրքերին: Ի դեպ ասեմ, որ վերջին գիրքը, երբ տպեցի՝ «Լույսի քաղցրությունը», այդ գիրքը Աստծո օրհնությամբ տրված շնորհ էր, բայց այդ գիրքն իմ գլխին օյին բերեց: Այդ գիրքը դարձավ իմ գլխին պատուհաս, որովհետեւ գրքի սկզբից մինչեւ վերջ իշխանություններին քարկոծելու, իշխանություններին իրենց դեմքով ներկայանալու, իրենց թաքցրածը ժողովրդին հայտնելու, ընդերքը լափելու, ընդերքը դուրս տանելու դեմ ներքին հոգու ճիչ էր եւ այդ գրքում ես իմ հայ ժողովրդին կոչ էի անում ապստամբության, հեղափոխության, կոչ էի անում վեր կենալու: Գիրքը տպել էի 2016-ին»:
Հարցին՝ գիրքն ընթերցել են, ծա՞նր են տարել, ինչպե՞ս գիրքը դարձավ պատուհաս՝ Վարդան Ավետիսյանը պատասխանեց. «Պաշտոնից հանեցին ինձ, էլ ի՞նչ պիտի անեին: Պատճառներից մեկն էլ դա էր»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Սերյանն ու Գագոն դեռ 1992 թ երբ Վ.Սարգսյանը առաջարկեց միասնական Էջմիածնի գունդ ստեղծել Հադրուդը պաշտպանելու սրանք փախան,որովհետեվ Հադրուդում իսկական պատեարազմ էր իսկ Մարտունիում հանգիստ էր:Մանվելն դրանց նապաստակ էր ասում: