Լեհաստանում ճանաչված հայազգի նկարիչ, Գդանսկի հայկական միության նախագահ Գագիկ Պարսամյանը մի քանի աջակիցների հետ միասին Հայաստանում արդեն երկրորդ անգամ կազմակերպում է միջազգային պլեներ: Այս տարի մասնակիցները Լեհաստանից էին, Լիտվայից, Հայաստանից, Լատվիայից, Վրաստանից, Ռուսաստանից:
Աշխատանքները ներկայացված էին Հայաստանի ազգային պատկերասրահում: «Բոլոր նկարիչներն իրենց հետ մեծ սեր են տանում, այն ակնկալիքով, որ հաջորդ անգամ էլ հնարավորություն կունենան զգալու Հայաստանը»,-ասաց Գագիկ Պարսամյանը:
Տեղեկացրեց, որ նկարիչները եղել են Աղավնաձորում, Սիսիանում,Տեղերում, շրջել Հայաստանի բազմաթիվ տեսարժան վայրերով: Նրանք տասնմեկ օր ապրել են Հայաստանում, եւ ինչպես նշեց օտարերկրացի նկարիչներից մեկը, սրտով սիրում են մեր երկիրը:
Գագիկ Պարսամյանն ասում է, որ ամեն ինչ համահունչ էր հայաստանյան զարթոնքին, իսկ Սիսիանում եղած օրերը ամենածաղկայինն էին: Վկան՝ ծնված նկարները:
Միջոցառմանը ներկա էին ԿԳ նախարարը, Հայաստանում Լեհաստանի դեսպանը, Մանկավարժական համալսարանի ռեկտորը եւ ուրիշներ: Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը տեղեկացրեց, որ աշխատանքների մի մասը նկարիչները սիրով նվիրել են պատկերասրահին:
Հայաստանի ժողովրդական նկարիչ Փարավոն Միրզոյանը նշեց, որ պլեները կարեւոր էր նաեւ ճանաչված նկարիչների եւ ուսանողների հետ կապերի առումով:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ