Հունիսի 21-ին Բրյուսելում կայացավ Հայաստան-Եվրամիություն Գործընկերության խորհրդի առաջին նիստը, որին մասնակցող հայկական պատվիրակությունը գլխավորում էր Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: Եվրոպական կողմը ներկայացված էր ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի գլխավորությամբ։ Սա Գործընկերության խորհրդի անդրանիկ նիստն էր՝ 2017 թվականի նոյեմբերի 24-ին ստորագրված և այս տարվա հունիսի 1-ին միջանկյալ կիրառման մեջ մտած ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) շրջանակներում: Գործընկերության խորհուրդը ՀԸԳՀ-ի շրջանակներում ստեղծված բարձրագույն մարմինն է, որը պետք է վերահսկի Համաձայնագրի իրագործումն ու քննարկի համագործակցության շրջանակներում առաջացող հարցերը։
Նոր մարմին, նոր կառավարություն
Գործընկերության խորհրդի անդրանիկ նիստը ՀՀ նորանշանակ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի առաջին պաշտոնական այցն էր Եվրամիության մայրաքաղաք։ Խորհրդի նիստին հաջորդած համատեղ մամուլի հաղորդագրության համաձայն՝ Ֆեդերիկա Մոգերինին ողջունել է հայաստանյան ցույցերի խաղաղ և սահմանադրական բնույթը։ Եվրոպական կողմը նաև առաջարկել է իր աջակցությունը արտահերթ ընտրությունների անցկացման և մշտադիտարկման գործընթացում։ Արտգործնախարար Մնացականյանի այցը Բրյուսել և եվրոպական կողմի պատրաստակամությունը` շարունակել աջակցել Հայաստանին ընտրական գործընթացներում, ցույց են տալիս, որ նոր կառավարության և Եվրամիության նորաստեղծ Խորհրդի առաջին նիստը բարեհաջող է ընթացել։ Նիստի բարեհաջող ընթացքի մասին է վկայում նաև այն, որ դրան հաջորդած մամուլի ասուլիսի ընթացքում կողմերը բացառապես դրական հռետորաբանությամբ անդրադարձան քննարկմանը, իսկ ՀՀ արտգործնախարարն անգամ հայտարարեց, որ նիստի՝ նախատեսվածից շուտ ավարտը նույնպես վկայում է, որ կողմերը կարող են շատ արդյունավետ և կառուցողական աշխատել։
Ի՞նչ են քննարկում կողմերը
Խորհրդի նիստի ընթացքում կողմերը քննարկել են մի շարք կարևոր հարցեր՝ այդ թվում մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկին վերաբերող հարցեր, Իրանի միջուկային համաձայնագիրը, ինչպես նաև ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը։ Արցախի խնդրի հետ կապված՝ կողմերը շեշտել են քաղաքական որոշման միջոցով կոնֆլիկտի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը։ Թե՛ Ֆեդերիկա Մոգերինին և թե՛ Զոհրաբ Մնացականյանն իրենց խոսքում շեշտել են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության խաղաղ կարգավորման կարևորությունը։ Այս կապակցությամբ ՀՀ արտգործնախարարը նշել է․ «Եվս մեկ անգամ հատուկ ընդգծում եմ այն կարևորությունը, որ մենք տալիս ենք խաղաղությանը նպաստող միջավայրի ստեղծմանը։ Եվ մենք նաև հենվում ենք Եվրոպական Միության մեր գործընկերների վրա, անդամ պետությունների վրա՝ ներդրում կատարել խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորմանը և ձեռնարկել այնպիսի քայլեր, որոնք չեն տանում հակառակ ուղղությամբ։ Այս համատեքստում ևս մեկ անգամ ցանկանում եմ ողջունել և մեր խորը երախտագիտությունը հայտնել ԵՄ հաստատակամ և ուժեղ աջակցությանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում խաղաղ գործընթացին»։ Թերևս այս հայտարարությամբ ՀՀ արտգործնախարարը ցույց է տալիս Հայաստանի պատրաստակամությունը՝ սերտացնել ԵՄ հետ համագործակցությունը հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում։
Հակակոռուպցիոն պայքարի քաղաքական կամքն ու ԵՄ ֆինանսական աջակցությունը
Եվրոպական կողմը ողջունել է նաև ՀՀ կառավարության՝ կոռուպցիայի դեմ պայքարելու հստակ հանձնառությունը և այս ուղղությամբ նախաձեռնված կոնկրետ գործողությունները։ ԵՄ-ն նաև վերահաստատել է իր աջակցությունը՝ տեխնիկական եւ ֆինանսական, ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների ամրապնդմանն ուղղված բարեփոխումներին։ Սա վստահաբար նշանակում է, որ ԵՄ վստահությունը Հայաստանի հանդեպ աճել է։
Հիշեցնենք, որ Եվրամիությունը նախատեսում է 2017-2021 թվականներին Հայաստանին ավելի քան 160 մլն եվրո հատկացնել։ Հայաստանում Սիրիայի փախստականների ինտեգրվելուն նպաստելու նպատակով Եվրամիությունը «Մադադ» հիմնադրամի շրջանակներում ՀՀ-ին հատկացրել է 3 միլիոն եվրո։ ՀՀ-ին հատկացված ԵՄ օժանդակությունը կարող է աճել, եթե Հայաստանը ժողովրդավարական բարեփոխումների լուրջ առաջընթաց արձանագրի։
Այսպիսով՝ Հայաստան-Եվրամիություն Գործընկերության խորհրդի առաջին նիստը վերահաստատեց, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունները կշարունակեն զարգանալ բնականոն հունով, ավելին՝ Եվրամիությունը կաջակցի Հայաստանին բարեփոխումների իրականացման գործընթացում:
Աննա Փամբուխչյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»